Հասարակություն

Պողոսյանին արգելել են հարցազրույց տալ, գրառում անել․ նա այլ ելք է գտել

Պողոսյանին արգելել են հարցազրույց տալ, գրառում անել․ նա այլ ելք է գտել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գյումրեցի քաղակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տնային կալանքը  մոտ 10 օր առաջ փոխարինեց  վարչական հսկողությամբ։

Մինչ այդ, դատարանն արգելել էր Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։ Սակայն կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելով, դատարանն ըստ էության  պահպանել է այն հիմնական սահմանափակումները, որոնք կային մինչ այդ։ Այժմ Կարապետ Պողոսյանի ելումուտն արգելված չէ, բայց նախկինի նման սահմանափակված է նրա խոսքի ազատության իրավունքը, Պողոսյանին արգելված է ԶԼՄ-ներով հարցազրույց տալ, սոցցանցերում գրառումներ անել ։ «Ամուսնուս տնային կալանքը փոխեցին վարչական հսկողությամբ, բայց 2մլն․ դրամ գրավին  ևս մեկ մլն․ ավելացրեցին ։Թիվ մեկ սահմանափակումը  այն է, որ արգելել են Կարապետին խոսել, անկեղծ ասած, Կարապետն ինքն էլ չէր պատկերացնում, որ իր խոսացածներն այդքան կարևոր էին ու վախենալու, որ իրենք զուտ դրա համար որոշեցին այդպես ապօրինի պատժել նրան, բայց ոչինչ, դա էլ կանցնի»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը՝ տեղեկացնելով , որ ամուսինն  այս օրերին պարապ չի նստել, արդեն ավարտել է հեղինակային «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ» գիրքը, որը սկսել էր գրել հենց ձերբակալման օրերին, գիրքն արդեն հանձնված է  խմբագիր-սրբագրիչներին եւ ակնկալվում է, որ առաջիկայում այն կհրատարակվի։ Անգին Մալխասյանի պատմելով՝ Կարապետը որոշել է գիրք գրել, երբ հասկացել է, որ ամեն ինչ անում են, որ լռեցնեն նրան։  

«Նրան լռեցնելը շատ դժվար է։ Գիտեմ, որ գիրքը գրվել է բանտում, հենց առաջին օրերին, եւ ինչն է հետաքրքիր, որ գրքում առավել շատ  խոսում է ապագայի մասին, ներկային ու անցյալին անդրադառնալուց զատ, պնդում է, որ այսօր մեզ պետք է ունենալ ապագայի որոշակի  տեսլական։ Իր կյանքի նպատակից՝ Արցախից է խոսում, որը , ըստ Կարապետի, Հայաստանի ապագայի համար կարևոր օրակարգային հարց է, հիմնավորում է, որ առանց Արցախ մենք ոչ մի կերպ ապագա չունենք, անգամ երեխա չենք կարող դաստիարակել, պետականություն չենք ունենա, ոչ մի գործոն այլևս աշխարհում չենք լինի։  

Ուշագրավ է, որ ինքը գրքում նշում է  նաև իր պատկերացրած այն բոլոր ճանապարհները՝ սկսած դիվանագիտականից, վերջացրած ներքին քաղաքական, բանակաշինական ոլորտներից ։ Մի խոսքով,  իր նպատակներով, երազանքներով է կիսվել հանրության հետ, գիրքը ծավալուն չէ, շատ հստակ ու համապարփակ է »,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին ձերբակալել էին հունիսի 5-ին, երբ նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան: Նույն պահին Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։

Նշենք, որ այս պահին դատարանում քննվող գործը վերաբերում է միայն Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image