Վերջին շրջանում Լոռու մարզում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորի ՀՈԱԿ-ներում այդ դեպքերը կարծես սովորական բնույթ են կրում, եւ զավեշտն այն է, որ վերադասը` համայնքապետարանը, դրան ոչ մի ուշադրություն չի դարձնում: Հոկտեմբերի 14-ից սկսած, միայն 3 գողության դեպք արձանագրվել է Վանաձորի մանկապարտեզներում եւ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Գողացել են ջեռուցման կաթսաներ, մարտկոցներ, դրանց տեղադրման պարագաներ, իսկ թիվ 33 մանկապարտեզից հափշտակել են գումար, ալկոհոլային խմիչքներ, մեծ քանակի 500 դրամանոց մետաղադրամներ:
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գեւորգ Քոթանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումների ժամանակ պարբերաբար ներկայացվել է ՀՈԱԿ-ների անվտանգության հարցը, սակայն ոչ մի պաշտոնյա ականջալուր չի եղել. «Քանի որ այդ խնդիրը միշտ եղել է համայնքում, նախորդ տարվա բյուջեի հաստատմանն առաջարկել ենք, որ անվտանգության նորմերի բարձրացման համար պատվիրակած ծառայություններ համայնքը գնի, դրան ընդհանրապես չեն անդրադարձել: Եթե նայում ենք` ՀՈԱԿ-ների հաստիքացուցակով չկա պահակի հաստիք: Վանաձորի համայնքապետարանը չի կարող հաստիք ավելացնել, քանի որ ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները սահմանափակ են, հետեւաբար, համայնքապետարանը կարող էր գնել եւ տեղադրել անվտանգության համակարգեր, եւ դրա միջոցով գողությունների ռիսկը կնվազեր: Փաստացի չի արվել, ու մի քանի ՀՈԱԿ-ներ արդեն լուրջ վնասներ են կրել: Այս պահին մենք բյուջե չունենք հաստատած, ավագանին նիստ չի գումարել, որ բյուջեով ինչ-որ բան հաստատեն: Երբեւէ մենք չենք տեսել նախաձեռնություն` համայնքային գույքը պաշտպանելու»:
Մեզ պատմեցին, որ Վանաձորի համայնքապետարանում «մեռյալ» վիճակ է․ համայնքը չունի համայնքապետ` ԺՊ-ն է կառավարում, ընտրություններից ի վեր ավագանին մեկ նիստ է գումարել, ապա դատական կարգով կասեցրել են նիստերի հրավիրումը: Մեր տեղեկություններով, թիվ 33 մանկապարտեզի տնօրեն Գայանե Սարգսյանը, որի մանկապարտեզից գողացել էին ալկոհոլային խմիչքներ եւ գումար, ազատվել է պաշտոնից եւ աշխատանքի է անցել համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ գովազդի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Համայնքապետարանի մշակույթի, կրթության եւ տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանին հարցրինք՝ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատություններից գողությունների դեպքերը կապվա՞ծ են մեկը մյուսի հետ, եւ որեւէ մեկը բացահայտվե՞լ է։ «Չեմ կարող ասել, որ դա շղթա է: Մասնավորապես, մեծ գողություն եղավ մշակույթի պալատում, վերջերս ինֆորմացիա ստացանք, որ գործը բացահայտվել է, ըստ ոստիկանության՝ անչափահաս երեխաներ են իրականացրել, եւ ներկայացրին, որ գործը քննության փուլում է:
- Թիվ 33 մանկապարտեզից ալկոհոլային խմիչքներ էին գողացել, ի՞նչ գործ ունեին այդ խմիչքները մանկապարտեզում:
- Անկեղծ ասած՝ այդ մասով ես չեմ կարող ինֆորմացիա տալ, երբ տնօրենը հրավիրվել է համայնքապետարան, ներկայացրել է, թե չի ուզում ասել՝ ինչ անձնական իրեր են տարել մանկապարտեզից: Մեր կողմից նկատողություն է ստացել եւ ազատվել է աշխատանքից: Անցած տարի էլ նկատողություն էր ստացել աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու համար:
- Աշխատանքից ազատվել է, ապա համայնքապետարանում անցել այլ աշխատանքի՞:
- Ես նման տեղեկություն չունեմ, իմ մասով կարող եմ պատասխանել, որ ազատված է:
- Վանաձորի թիվ 40 մանկապարտեզից եւս հափշտակել էին ջեռուցման կաթսա, մարտկոցներ:
- Թիվ 40 մանկապարտեզի կաթսան են գողացել, եւ ես՝ որպես վերադաս, հանձնարարել եմ բոլորին անխտիր, որ համայնքապատկան հիմնարկություններում անվտանգության համակարգեր տեղադրեն: Այս պահին գնումների գործընթացի մեջ են: Դա միայն համայնքապատկան հիմնարկություններով չի իրականացված, այս պահին էլ մեր քաղաքում ամանորյա զարդարանքներ են տեղադրվում, լինում է, որ դեկորացիան բերում դնում ենք, հաջորդ օրը տեսնում ենք, որ չկա, ու նորից մրցույթը հաղթողը բերում-տեղադրում է:
- Վերջին 2 տարիների ընթացքում գողության դեպքերը շատացել են, ինչո՞ւ ժամանակին չեք մտածել անվտանգության համակարգեր տեղադրելու մասին:
- Մտածում էինք, պարզապես դա ֆինանսական բաղադրիչ է պարունակում, պետք է ֆինանսավորում ստանար ՀՈԱԿ-ը համայնքից, որ կարողանար տեղադրել:
- Ավագանու նիստեր տեղի չեն ունենում, բնականաբար, այս տարի էլ չեք կարող տեղադրել, այդպե՞ս է:
- Չէ, անցած տարվա նախահաշվով տրվել են այդ գումարները, եւ գնումների ընթացքը կազմակերպում են տնօրենները: Ունենք 23 մանկապարտեզ, որոշ մանկապարտեզներում արդեն իրականացրել են այդ աշխատանքները: