Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը համացանցում նախ գրառում էր արել՝ օգտագործելով ցեղասպանություն՝ գենոցիդ բառը, ապա հեռացրել իր էջից, ինչը մեծագույն հրճվանք էր առաջացրել հատկապես Ադրբեջանում:
Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանը «Հրապարակի» հետ զրույցում՝ անդրադառնալով այս հանգամանքին, ասաց, որ դա ցավալի ու անընդունելի փաստ է:
«Վստահ եմ, որ ճնշումների տակ են հեռացրել այդ բառը»,-ասաց ֆրանսահայ գործիչը:
Նա նշեց, որ պետք է հիշել, որ ընդհանրապես Եվրամիության երկրները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, որ Եվրախորհրդարանը մի քանի անգամ ճանաչել և դատապարտել է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության իրագործումը, դատապարտել է նաև Ադրբեջանի կողմից իրագործված Ցեղասպանությունը:
«Անընդունելի է և Հայաստանի կառավարության դերն է՝ հասկանալ, թե ինչու Եվրամիության ներկայացուցչությունը Ցեղասպանություն բառը հեռացրեց իր գրառումներում: Հայաստանի կառավարությունը պետք է հարցում ներկայացներ Եվրամիությանը, վստահ եմ՝ չեն անի և ես կասկած ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կարող է դիմած լինել Եվրամիությանը, որ այդ բառը հեռացնեն»,-եզրափակեց Մուրադ Փափազյանը: