Այլ

Արցախի եւ Հայաստանի թեման՝ Թրամփ-Հարիս մրցավեճի նոր «կռվախնձոր»

Արցախի եւ Հայաստանի թեման՝ Թրամփ-Հարիս մրցավեճի նոր «կռվախնձոր»

ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այդ երկրում, որոնք օվկիանոսից այն ու այս կողմում կարող են կարեւոր նախադեպ ուղենշել Հայաստանի, Արցախի եւ, մեծ հաշվով՝ համայն հայության համար: Նախ, առանձնացնենք օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Փաշինյանին եւ Ալիեւին հասցեագրված նույնաբովանդակ նամակ-կոչը՝ այս տարի անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված: Նա շեշտել էր, որ այդ որոշումը կարող է երկկողմանի փոխզիջումներ պահանջել:
Եթե Բայդենի դեպքում, որի նախագահության օրոք, ի դեպ, բռնի կերպով հայաթափվեց Արցախը, նրա՝ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող ուղերձը կարելի է ընկալել որպես հեռացող ղեկավարի բարի ցանկություն՝ առանց նախընտրական ենթատեքստի, ապա Սպիտակ տան գլխավոր պաշտոնի համար պայքարող անզիջում մրցակիցների՝ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի վերջին հայտարարությունները, անկասկած, նախընտրական պաթոսի տրամաբանության մեջ են, որից հեռուն գնացող եզրահանգումներ դժվար է անել կամ պետք չէ անել առհասարակ՝ հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության հին ու տխրահռչակ ավանդույթները: Բայց որ դրանք ուշագրավ են, կասկածից վեր է:

Դոնալդ Թրամփն իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում ժամեր առաջ հայերին վերաբերող գրառում է կատարել: Նա քննադատել է Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից»: Իր գրառման մեջ Թրամփը մասնավորապես ասել է. «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Մեկ կարեւոր նկատառում. եթե Հարիսի՝ ՀՀ անկախության օրվա առթիվ արված շնորհավորանքն ուղղված էր կոնկրետ ամերիկահայ լսարանին, ապա նրա հանրապետական մրցակցի հայտարարությունն ավելի ընդգրկուն է եւ հասցեագրված է համայն հայությանը: Այս իմաստով, շախմատային լեզվով ասած, Թրամփը «ձիով քայլ կատարեց»:
Հիշեցնենք, որ իր շնորհավորական ուղերձում Սպիտակ տան առաջնորդի սեւամորթ տեղակալը սեւով սպիտակի վրա գրել էր. «Այս կարեւոր օրը նշելուն զուգահեռ, հարկավոր է միշտ հիշել նաեւ Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձեւավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար»: Հարիսը շեշտել էր, որ հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը. «ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»: Հարիսը վստահեցրել էր նաեւ, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում. «Հավատարիմ եմ մեր երկրների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ»:

Ինչ վերաբերում է Թրամփի վերջին՝ Արցախը կորցրած արցախահայության «սեւ սիրտը» շոյող գրառմանը, միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հետաքրքիր մեկնաբանություն է տվել. ««Արցախ» անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու, այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք՝ բոլորը, Թրամփի թիմից են, եւ չեմ բացառում, որ նման ձեւակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»: Ավելի վաղ Սարգսյանը նկատել էր. «Հայաստանի համար լավ չի լինի ԱՄՆ նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում՝ ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ՝ Քամալա Հարիսի հաղթանակի պարագայում»։ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի դիվանագիտությունն առաջին իսկ հնարավորության դեպքում ակտիվացել է մեր երկրում: Մասնավորապես, Բիլ Քլինթոնի վարչակազմը դրական էր ընկալում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը եւ ակտիվորեն աջակցում էր Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ «Հայաստանի հետ աշխատանք է տարվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք («Քի Ուեսթի պլան»)։ Հայաստանում ԱՄՆ-ի ակտիվության երրորդ շրջանը Սերժ Սարգսյանի օրոք էր (Երեւանի եւ Անկարայի «ֆուտբոլային դիվանագիտությունը»)՝ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից եւ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ»,- նշել էր փորձագետը եւ հիշեցրել նաեւ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանով գրեթե չի «զբաղվել», քանի որ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական առաջնահերթություններ ուներ այլ տարածաշրջաններում։ Նույնիսկ բարձր մակարդակի շփումներ չեն եղել։ Թրամփի վարչակազմի հետ միակ շփումը փոխնախագահ Մայքլ Փենսի հեռախոսազրույցն է եղել Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանում 2018 թ. հայտնի իրադարձություններից ամիսներ առաջ՝ գրել էր Սուրեն Սարգսյանը:

Ընդհանրապես, փորձագետները համոզված են, որ ԱՄՆ-ն իր գործողություններում առաջնորդվում է տարածաշրջանային, այլ ոչ թե հայ-ամերիկյան օրակարգով։ Հետեւապես, Հայաստանը չպետք է ինքնախաբեությամբ զբաղվի եւ «կուլ տա ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների խայծը»:

Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, հոկտեմբերի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Երկրների միջեւ հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջեւ հարաբերություններ են, այլ՝ երկրների միջեւ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image