«Գեղարդ» հիմնադրամը շաբաթներ առաջ դիմում-բողոք էր ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։
Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլեւ՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ անդրադարձ է կատարվել ադրբեջանցի «պատմաբանների» կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի՝ պատմականորեն ճիշտ անվանումն «Իրեւան» աղավաղված ձեւով ներկայացնելու, «Երեւանի (Էրիվանի) նահանգ» հասկացությունը կամայականորեն «Իրեւանի նահանգով» փոխարինելու, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը՝ լավաշը, քոչարի պարը եւ այլն, ադրբեջանական հայտարարելու փորձերին։
Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, նման հրապարակումները ոչ միայն հակասում են ակադեմիական էթիկային, այլեւ խաթարում են ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը՝ նպաստելով անցյալի առասպելականացված եւ քաղաքականապես մոտիվացված մեկնաբանությունների օրինականացմանը։
Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի, Տոմսկի համալսարանի ղեկավարությունը մատնանշած փաստերը քննության է առել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու եւ զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։
«Մեր հորդորն է ադրբեջանցի հեղինակներին, ովքեր նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են հանդես գալիս, ինչպես, օրինակ, Նիգար Գոզալովան է, այսուհետ փորձել գիտությամբ զբաղվել անաչառ եւ օբյեկտիվ՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է վեր հանել սեփական երկրի՝ Ադրբեջանի պատմության հորինվածքները»,- նշվում է «Գեղարդ» հիմնադրամի կողմից։