Հասարակություն

Վստահ եմ, որ Մարտի 1-ի կազմակերպմանն ուղիղ առնչություն ունեն այլ անձինք եւս

Վստահ եմ, որ Մարտի 1-ի կազմակերպմանն ուղիղ առնչություն ունեն այլ անձինք եւս

Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի զոհերի հարազատները, տուժածները,  քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերած անձինք ակնկալում են Մարտի 1-ի ոճրագործության բացահայտում։ 
Առայժմ Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի փաստաբաններն այդ գործի շրջանակներում մի քանի բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում էլ տեղադրված «Եվրադատարանի վճիռներ» բաժնից տեղեկանում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում Մարտի 1-ի գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվել է չորս վճիռ։ Մեկը «Գասպարին ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռն է, որի համաձայն՝ պատասխանող պետությունը ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին պետք է վճարի 4000 եվրո, երկրորդը՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռն է, որի դեպքում պատասխանող պետությունը դիմումատուին պետք է վճարի ոչ նյութական վնասի դիմաց 15 600 եվրո, իսկ ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 5000 եվրո։ Երրորդ վճիռը «Մասիս Այվազյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռն է, որի համաձայն՝ պատասխանող պետությունը պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 4500 եվրո, չորրորդը՝ «Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ»-ի գործով վճիռն է, որի համաձայն՝ պատասխանող պետությունը պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 3000 եվրո։ 
Բոլոր չորս վճիռներում էլ իրարից ձեւակերպումների շատ քիչ  տարբերությամբ նշված է հետեւյալը․ «2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Այս կապակցությամբ բողոքի ցույցերն, ի վերջո, դադարեցվել են 2008թ․ մարտի 1-ին՝ ոստիկանության միջամտությունից հետո, ինչը հանգեցրել է ցուցարարների եւ իրավապահ մարմինների ծառայողների միջեւ բախումների եւ բազմաթիվ ձերբակալությունների»։ 
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը դատական ատյաններում, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում,  ներկայացրել է Վարդգես Գասպարիի, Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի շահերը, կարծում է, որ ՄԻԵԴ-ի՝ Մարտի 1-ի գործով կայացրած չորս վճիռներով հիմնավորվել է, որ անձանց նկատմամբ իրականացվել է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում, այսինքն՝ այդ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական շարժառիթներ։ 
Առջեւում, ըստ նրա,  սպասվում են նոր վճիռներ։ 
Ինչ վերաբերում է Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, ապա, ըստ փաստաբանի, ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներն ուղղակի ազդեցություն ունեն նրան առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
«Պատճառահետեւանքային կապը, կարծում եմ, ակնհայտ է, որովհետեւ սահմանադրական կարգը տապալելու համար Ռոբերտ Քոչարյանը դիմել է ռեպրեսիվ միջոցների եւ այդ անմեղ անձանց նկատմամբ իրականացրել է քաղաքական հետապնդում։ Կեղծ ապացույցների օգտագործմամբ ակնհայտ անմեղ անձանց առաջադրվել են մեղադրանքներ արարքների կատարման համար, որոնք նրանք իրականում չեն կատարել»,- նշեց Մուշեղ Շուշանյանը։ 
Այդ վճիռները որքանո՞վ կնպաստեն Մարտի 1-ի բացահայտմանը։
Մուշեղ Շուշանյանը կարծում է․ «Մարտի 1-ի գործը բազմաշերտ է։ Մարտի 1-ի բացահայտման մասին խոսելու համար պետք է բացահայտվեն բոլոր հանգամանքները։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելուն։ Երբ կոնկրետ մեղադրանքներ կառաջադրվեն այդ զոհերից յուրաքանչյուրին սպանելու համար կոնկրետ անձանց, միգուցե այդ ժամանակ կարող ենք խոսել Մարտի 1-ի գործի ամբողջական  բացահայտման մասին։ Կա կարեւոր մի հանգամանք․ դա վերաբերում է Մարտի 1-ի կազմակերպիչներին։ Ես չեմ համարում, որ այն քրեական գործը, որով հայտարարվել է նախաքննության ավարտ, եւ հիմա կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին, որից հետո այն ուղարկվելու է դատարան, կազմակերպիչները սահմանափակվում են գործում ներգրավված անձանց շրջանակով։ Մարտի 1-ի կազմակերպմանը, ես վստահ եմ, որ ուղիղ առնչություն ունեն այլ անձինք, այդ թվում նաեւ՝ Սերժ Սարգսյանը։ Այստեղ բանակը ներգրավելու եւ բանակի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու գործի քննության ավարտն է հայտարարվել, բայց մայր գործով շարունակվում է։ Եվ ակտիվ քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջատեր լինի, որպեսզի վարույթն իրականացնող մարմնի կողմից բացահայտվեն գործի բոլոր հանգամանքները»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image