Թավշյա հեղափոխությունն ոչ միայն ակնկալիքներ, սպասումներ արթնացրեց հանրության շրջանում, այլեւ՝ ի հայտ բերեց անկախությունից հետո Հայաստանում կուտակված եւ լուծում չստացած բազում խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն իշխանություն-հասարակություն հարաբերություններին, այլեւ՝ գործող օրենքների, արտաքին եւ ներքին քաղաքականության մասին յուրօրինակ պատկերացումներին։
Եթե քաղաքագետներից ոմանք այս ընթացքում փորձում են ամփոփել ու հասկանալ, թե ինչ տվեց թավշյա հեղափոխությունը Հայաստանին, ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն առաջիկայում մեր երկրում, քաղաքագետ Սուրեն Զոլյանը հիշեցնում է, որ անցյալ տարի փիլիսոփա, 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Ոսկանյանն անցյալ տարի հրավիրել էր կոնֆերանս, եւ այնտեղ ինքը կասկածներ է հայտնել, թե որքանով է ճիշտ 2018թ․ Հայաստանում տեղի ունեցածն անվանել հեղափոխություն։
«Կարելի է ասել, որ այն իշխանափոխություն էր կամ հաջողված ընդվզում, միգուցե՝ խաղաղ ապստամբություն։ Բայց հեղափոխությունն առնվազն ենթադրում է արմատական փոփոխություններ»,- ասաց Սուրեն Զոլյանը։
Նկատեցինք, որ թավշյա հեղափոխությունից հետո հանրության սպասելիքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ են կապվում, տարբեր բողոքի ակցիաների կազմակերպիչները նրան են պահանջում իրենց հարցերը լուծելու համար, կա տպավորություն, որ կառավարման մյուս օղակները չեն աշխատում կամ ի զորու չեն լուծելու իրենց վերապահված գործառույթները։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս դեպքում, ի՞նչ ընթացք կունենա մեր երկիրը։
«2015թ․ անցկացվել է հանցավոր Սահմանադրություն, այս դեպքում ներկա իշխանություններն ի՞նչ անեն, ուղղակի շարունակում են այն գործունեությունը, ինչ ստեղծել է Սերժ Սարգսյանն՝ իր Սահմանադրությամբ։ Եթե ուզում ենք փոխել Սահմանադրությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի ստեղծած սահմանադրական կարգի տապալում»,- նշեց քաղաքագետը։