Քաղաքականություն

Երբ որ ինձ հետ եք խոսում, եւ խոսում եք ՀՀ վարչապետի մասին, խնդրում եմ պարոնը շեշտեք

Երբ որ ինձ հետ եք խոսում, եւ խոսում եք ՀՀ վարչապետի մասին, խնդրում եմ պարոնը շեշտեք

Փետրվարի 18-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն առաջարկություն էր ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 8474532 /ութ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Հաջի Խդրի Հաջիևին: Ավագանին էլ տվել է իր համաձայնությունը: 

Ընտրողների ռեգիստրում որեւէ տեղեկություն չկար Հաջի Խդրի Հաջիևի բնակության վայրի վերաբերյալ: Թե որ երկրի քաղաղացի է նա եւ ինչ նպատակով է եղել հողհատկացումը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ. 

«Դուք համայնքապետարանի էջ մտած կա՞ք, ռեգիստրով տեսեք՝ Հաջի Հաջիեւը որ թվականից է գրանցված Դիլիջան խոշորացված համայնքում, եւ որ ազգի ներկայացուցիչ է»: Ընտրողների ռեգիստրով ոչ մի տվյալ չգտանք Հաջիեւի մասին, կասե՞ք որ երկրի քաղաքացի է. «Քուրդ է, Դիլիջան քաղաքում գրանցված է դեռ 1981 թվականից, եւ բնակվում է Դիլիջան քաղաքում, քուրդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն է Դիլիջանում»: 

-Պարոն Սարգսյան, եթե գրանցում ունի Դիլիջան քաղաքում, ապա ընտրողների պետական ռեգիստում պետք է տվյալները հասանելի լինեն։ Ինչեւէ՝ ի՞նչ նպատակով եք հողը օտարել: 

-Ես պետռեգիստրով եմ հանել տվյալները ե՛ւ իր, ե՛ւ իր ընտանիքի: Մարդու երկար տարիների օգտագործման հողամասն է եղել: Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ավագանուն, չեմ հիշում օտարում է եղել, թե ընդլայնոււմ: Եթե օտարում է եղել, ապա համայնքի ղեկավարը ներկայացնում է ավագանուն, կադաստրի ծածկագրով՝ օրինակ, իքս հողամասը հանել օտարման, եթե ավագանին տալիս է համաձայնություն՝ օրենքով վարվում ենք, աճուրդը բաց է, իրազեկվում է լրատվական կազմակերպություններով, հայտարարություն է դրվում: Ներկայացված հայտերի հիման վրա կազմակերպվում է մրցույթ: Մրցույթի ժամանակ ավելի մեծ գին տվող բնակիչը գնում է հողը: Որոշ լրատվամիջոցներ, որոնք ստահոդ լուրեր են տարածում, որ էժան գնով հող է վաճառվում, ասեմ, որ Դիլիջան խոշորացված համայնքը, ըստ գոտիավորող հողերի, ունի կադաստարային մեկնակային գին՝ արժեք 6920 դրամից սկսած վաճառվում են հողամասերը: 

-Ավագանու նիստով 5 ծառայողական մեքենաներ էլ եք հանել վաճառքի: Համայնքապետարանը քանի՞ ծառայողական մեքենա ունի, որ 5-ը օտարում եք: 

-Մեր պաշտոնական կայքում ամբողջը երևում է, խնդրում եմ՝ հետևեք մեր պաշտոնական կայքին և կտեսնենք: Ես հիմա պետք է նստեմ հաշվեմ, որ Ձեզ ասեմ: Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարը 1 ծառայողական մեքենա ունի: 

- Մեքենաները աճուրդի եք հանել նո՞րը գնելու նպատակով, թե՞ այդ գումարով համայնքում այլ աշխատանքներ եք ուզում կատարել:

- Դա համայնքի լիազորություններն են, ավագանին տվել է իր համաձայնությունը: Թե ինչի համար ենք հանել աճուրդի, դա համայնքի առօրյա հարցերն են, որը մենք կազմակերպում ենք: Ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ իրավիճակներ եւ կարող եմ ներկայացնել էսօրվա ամեն ինչը, բայց այդ ամեն ինչը մանրամասն ներկայացված է մեր պաշտոնական կայքում:

-Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գրչով, ինչպես նաեւ կացնով կրճատել ծառայողական ավտոպարկը: Փաշինյանի հրահանգի՞ն եք հետեւել:

-Պարոն վարչապետի հե՞տ եք: 

-Այո:

Փաշինյան, որ էդպես ասում եք՝ մի ձեւի լավ չի, կարծում եմ, որ վարչապետին ներկայացնելիս գոնե պետք է հարգանք ունենաք, պարոնը ի սկզբանե շեշտեք, ես զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ արտահայտում: Խնդրում եմ Ձեզ, երբ որ ինձ հետ եք խոսում, եւ խոսում եք ՀՀ վարչապետի մասին, խնդրում եմ պարոնը շեշտեք եւ հարգալից խոսքը պահպանեք: 

-Դե դա դուք կարող եք շեշտել՝ ասելով պարոն Նիկոլ Փաշինյան, մենք ասում ենք Նիկոլ Փաշինյան: 

-Եթե մենք խոսելու ենք այս տեմպով, ես իմ ասելիքը ասեցի, պարոնը պարտադիր շեշտելը, դա ինձ համար մեկ պայմանն ա, քանի որ ՀՀ ղեկավարն է: 

-Որ այդպես պաշտպանում եք, Ձեր գլխավերում փակցրած էլ կլինեք Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: 

-Դա Ձեզ թող չհետաքրքրի, կարող է իմ գլխավերեւում էլ նկարն ունենամ: Այո, ե՛ս հարգում եմ, պարտավոր եմ հարգել, քանի որ ՀՀ ղեկավարն է, ուրիշ հարցեր կա՞ն: 

-Չասացիք՝ լուսանկարը փակցրե՞լ եք, թե՞ ոչ: 

-Դա խանգարո՞ւմ ա Ձեզ: Դուք զանգել եք՝ ինձ հարցնում եք նկարը ունե՞մ, թե՞ չունեմ, չունե՛մ։ Կարամ հենց հիմա ունենա՛մ, հետո՞, եւ ունենալը խնդիր չի: Հետո՞: 

-Լավ, եկեք խոսենք Ձեր պաշտոնավարած տարիների մասին, ո՞րն է եղել Ձեր կարեւոր ձեռքբերումը: 

- Այսինքն, կարեւոր ձեռքբերո՞ւմը, ո՞ր ոլորտով, ի՞նչը ի նկատի ունեք: Իմ համայնքի զարգացումը, կարեւոր ձեռքբերումները բազմաթիվ տեսանկյունից կարող ենք նայել: Որ ստահոդ լրատվամիջոցներին՝ եթե չլսենք, իրականությունը տեսնելով, մեր բարեփոխումները, որը, որ իրականացրել է Դիլիջան խոշորացված համայնքում եւ այն աջակցությունները, որը ստացվել է ՀՀ կառավարության եւ Տավուշի մարզպետի կողմից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image