Հասարակություն

Անապահով ընտանիքը դիմել է ՄԻԵԴ, սակայն չի կարողանում գտնել փաստաբան

Անապահով ընտանիքը դիմել է ՄԻԵԴ, սակայն չի կարողանում գտնել փաստաբան

«Հրապարակ»-ը քանիցս անդրադարձել է, թե ինչպես 2014թ․ հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի գերեզմանատնից քիչ հեռու գտնվող «Քոռ աղբյուր» կոչվող տարածքում ռազմական ոստիկանները, հանցավոր համաձայնության գալով քաղաքային ոստիկանների հետ, դաժան ծեծի և խոշտանգման  էին ենթարկել երկրորդ խմբի հաշմանդամ Ալիկ Զախարյանին։ Խնդիրն այն է, որ նրան ծեծողները իբր շփոթել էին թուրք դիվերսանտի հետ։ 

Երեկ խմբագրություն այցելած Սոնա Սահակյանը՝ Ալիկ Զախարյանի մայրը, մեզ հետ զրույցում նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել իրենց բողոքը, կառավարությանը հարցում է արել՝ նրա դիրքորոշումն իմանալու համար։ 

«Ինձ գրություն են ուղարկել, որ կառավարության դիրքորոշումն իմանալուց հետո  անհրաժեշտ է փաստաբան՝ անգլերենի և ֆրանսերենի իմացությամբ։ ՄԻԵԴԸ նշել է նաև, որ անհրաժեշտ միջոցներ չունենալու դեպքում փաստաբանի ծառայությունների համար կտրամադրի գումար, սակայն փաստաբան ընտրելը դիմողի կամ իր ներկայացուցչի պարտականությունն է ։ Հիմա ես արդեն երրորդ անգամ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեկ դիմում իր ներկայությամբ տվել եմ իր աշխատակցին։ Փաշինյանն անմիջապես դիմումը մակագրել է փաստաբանների պալատին։ Ես բազմիցս եղել եմ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մոտ, որ ինձ փաստաբան տրամադրի։ Մենք փաստացի անապահով ընտանիք ենք, իմ որդին երկրորդ կարգի հաշմանդամ է, մեզ հասնում է օգնություն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից։ Իսկ իրենք պատճառաբանում են, որ չի հասնում այդպիսի օգնություն, չեն կարող փաստաբանի հարցը լուծել։ Մինչդեռ Արա Զոհրաբյանը հեռուստատեսությամբ լրագրողի հարցին պատասխանեց, որ անապահով ընտանիքներին հանրային պաշտպանի գրասենյակն օգնում է։ Ես հիմա խնդրում եմ, որ այդ հարցը լուծեն ինչ-որ ձեւով»,- փաստաբանների պալատին է դիմում Սոնա Սահակյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան՝ արձագանքեց, որ հանրային պաշտպանի գրասենյակը օրենքի ուժով զբաղվում է միայն ներպետական ատյաններում ներկայացված քրեական, քաղաքացիական, վարչական, սահմանադրական  գործերով։ 

«Մենք չենք կարող առաջարկել նման ծառայություն։ Մենք չունենք ՄԻԵԴ-ին գանգատ գրող հանրային պաշտպան։ Այնպես որ՝ Սոնա Սահակյանը պետք է փորձի համագործակցել ՄԻԵԴ-ում մասնագիտացած փաստաբանների հետ, որպեսզի իրեն օգնեն։ Ներպետական ատյաններում ինչ պրոցես որ լինի՝ մենք իրեն կօգնենք, բայց հանրային պաշտպանները ՄԻԵԴ բողոքներ չեն գրում , եւ մենք այդ հարցում չունենք մասնագիտացում»,- մեր հարցին արձագանքեց Արա Զոհրաբյանը։

ՀԳ․ Քաղաքացին օգնել ցանկացողներին խնդրում է զանգահարել 091109681 հեռախոսահամարով։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image