Սպիտակ տան մոտ նախօրեի երեկոյան կրակոցներ արձակած անձը համարել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։ Բացի այդ, Գաղտնի ծառայության աշխատակիցները հայտնել են, որ տվյալ անձը երկու անգամ հայտնվել է իրենց տեսադաշտում։ Հայտնի է, որ կրակոցներ արձակած անձը քսանմեկ տարեկան է, Մերիլենդ նահանգի բնակիչ։ Անունը՝ Նեսիր Բեսթ։
Անցյալ տարի նա նախ ձերբակալվել է Գաղտնի ծառայության գործակալների աշխատանքները խոչընդոտել փորձելու համար եւ եւս մեկ անգամ էլ՝ հատուկ պահպանվող տարածք մուտք գործելու փորձի համար։ NBC News-ն էլ հայտնում է, որ նա տեղի իրավապահների տեսադաշտում է եղել։ Ունեցել է հոգեկան հիվանդություն։
The New York Post-ն էլ գրել է, որ սեւամորթ երիտասարդը խորապես համոզված է եղել, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։ Նրա նկատմամբ նույնիսկ դատական ակտ է կայացված եղել, որով՝ արգելվել է մոտենալ Սպիտակ տանը։