Քաղաքականություն

Ֆրանսիան ոչ թե սեւ խավիար, նույնիսկ պանիր ու հաց չի տալու սրանց

Ֆրանսիան ոչ թե սեւ խավիար, նույնիսկ պանիր ու հաց չի տալու սրանց

Երեկ Հայաստան էր եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնին, որի այցին հայաստանյան որոշ քաղաքական ուժեր չափազանց մեծ կարեւորություն եւ նշանակություն են տալիս: Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի առիթով Հայաստանի, այսպես կոչված, արեւմտամետները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, բայց, ի տարբերություն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ կազմակերպված բողոքի ակցիաների, որոնք ուղղված էին Լավրովի եւ Ռուսաստանի դեմ, այս անգամ հայ արեւմտամետները բողոքում էին Հայաստանի իշխանություններից եւ պահանջում էին, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հերքի մի քանի օր առաջ իր կողմից արված հայտարարությունը, ըստ որի` Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, եւ այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվում: Արեւմտամետները պահանջում էին, որ Հայաստանի իշխանությունները եւ Արարատ Միրզոյանը նման հայտ ձեւակերպեն եւ ներկայացնեն ԵՄ: Եվրադաշինքի անդամները նման բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանի ԱԳ շենքի դիմաց, Ազգային ժողովրդավարական բեւեռը՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:

Բայց ի՞նչ կապ ունի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայաստանյան այցը Եվրադաշինքի պահանջի հետ: Եթե նրանց պահանջն ուղղված է Հայաստանի իշխանություններին, ապա նման բողոքի ցույց պետք է կազմակերպվեր Արարատ Միրզոյանի հայտարարությունից անմիջապես հետո: Թե՞ բողոքավորները մտածում են, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ եւս բարձրացնելու է այդ հարցը, եւ հիմա իրենք հանրային ճնշմամբ փորձում են օժանդակել Ժան-Նոել Բարոնին, որ կարողանա ցույց տալ, որ այդ ճնշումը ոչ միայն արտաքին է, այլ նաեւ ներքին` Հայաստանի հասարակությունը եւս միանում է այդ պահանջին: 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շատ լավ գիտի, որ Հայաստանին ԵՄ-ում ոչ մեկը չի սպասում, եթե իրենց պետք լիներ, որ Հայաստանն անդամակցեր ԵՄ-ին, իրենք դրա մասին հստակ դիրքորոշում կհայտնեին: Եթե Ֆրանսիան կամ ԵՄ որեւէ անդամ երկիր հայտարարի, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհ բռնի, ապա դեպքերի հետագա պատասխանատվությունը եւս պետք է ինքը կրի: Իսկ պատասխանատվությունը չափազանց մեծ է լինելու. ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է կոլապսի մեջ, Վրաստանում հայկական խմիչք արտահանող բեռնատարները կանգնեցնում են` ստուգման համար, այստեղ արդեն մեծ բողոքի ալիք է: Ո՞վ պետք է կրի այն տնտեսական-ֆինանսական բեռը, որն առաջանալու է Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, Ֆրանսիա՞ն, թե՞ Էստոնիան են իրենց բյուջեից փոխհատուցելու Հայաստանի բյուջեի կրած վնասները: ԵՄ-ն նույնիսկ Ուկրաինային չի ընդունում իր շարքերը, թեկուզ Ուկրաինան արդեն չորրորդ տարին է՝ արյունաքամ է լինում` հայտարարելով, որ իր հարյուր հազարավոր զավակները զոհվում են հանուն այդ նույն ԵՄ անվտանգության: Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի ընթացքում ԵՄ անդամակցության հարցը հաստատ չի էլ քննարկվելու:

Այդ դեպքում ինչո՞ւ են այդ ուժերն այդքան բորբոքվել եւ ակտիվացել, չէ՞ որ Ֆրանսիայի եւ ԵՄ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Հայաստան, բայց նման բուռն ընդունելության չեն արժանացել: Այս ուժերի ակտիվացման իրական պատճառն այն է, որ նրանք հայտնվել են անտեր վիճակում եւ, ի դեմս Ֆրանսիայի, ուզում են նոր տեր գտնել: Նախկինում`մինչեւ այս տարվա փետրվարի 20-ը, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Դոնալդ Թրամփը, Հայաստանում գործունեություն ծավալող արեւմտամետ քաղաքական ուժերին եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներին տիրություն էր անում` ֆինանսավորում, հովանավորում, պաշտպանում էր Միացյալ Նահանգների կառավարությունը, իր կողմից ստեղծված տարբեր կառույցների միջոցով: Թրամփի կառավարությունը հայտարարեց, որ իրենց կողմից դրսում` ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում բուծված եւ կերակրվող ուժերը բալաստ են, ավելորդ բեռ, եւ ամերիկյան պետությունն այլեւս ո՛չ կարողություն եւ ո՛չ էլ ցանկություն ունի դրանց կերակրելու եւ տաքացնելու: Վերջ` անվճար ճաշարանը փակվում է, բոլոր հաշմանդամները, անկյալներն ու տնանկներն ինքնուրույն պետք է հոգան իրենց կեցության եւ գոյության հարցերը:

Եվ այդժամ, երբ Միացյալ Նահանգները լքեց իր ստեղծագործության արդյունքներին, եւ նրանք մնացին միայնակ, նրանց հայացքներն ուղղվեցին դեպի լուսավորյալ Եվրոպա եւ հատկապես՝ Ֆրանսիա, իբրեւ Հայաստանի բարեկամի եւ կարեկից երկրի: Հիմա այդ մարդիկ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի ժամանակ բողոքի ցույց անելով՝ ընդամենը մի բան են ասում՝ մեզ անտեր մի թողեք, մեզ տեր կանգնեք, մենք եվրաարժեքներ դավանող, ձեզ նման կրթյալ եւ լուսավորյալ ուժեր ենք, մենք արժանի չենք խարխափելու խավարի մեջ: Իմ ծանոթ գրանտակերներից մեկը, որը հիմնականում դրամաշնորհներ էր ստանում եվրոպական ֆոնդերից, վերջերս բողոքում էր, որ USAID-ի` Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության պասիվանալուց հետո եվրոպական ֆոնդերում այնպիսի հերթեր ու մրցակցություն է, որ նույնիսկ 90-ականների սկզբին հացի խանութների մոտ չկար:

Ինչո՞ւ պետք է Ֆրանսիան իր հովանավորության տակ վերցնի Ամերիկայի անտեր որբերին, մանավանդ որ այդ որբերը չեն բավարարվում պանիր ու հաց ուտելով, եւ նրանց պահելն իր վրա տարեկան միլիոնավոր դոլարներ է արժենալու: Ամերիկյան կառավարությունը դոլարի տպագրության հաստոց ունի, եւ նրա վրա այդ ծախսը չէր երեւում, մինչեւ ինչ-որ պահի, երբ իրենց համար դա եւս անտանելի բեռ դարձավ: Միացյալ Նահանգները համաշխարհային հեգեմոն էր`առաջնորդ, եւ բնական է, որ ուզում էր աշխարհի տարբեր երկրներում ազդեցություն ունենալ ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակությունների վրա: Ֆրանսիան ո՛չ դոլարի եւ ո՛չ էլ եվրոյի տպագրության հաստոց չունի ու միջազգային` նույնիսկ համաեվրոպական առաջնորդության չի ձգտում: Ֆրանսիան նման մի քանի փորձ արեց Ուկրաինայի դեպքում, բայց հասկացավ, որ դա իր հագով չէ, ու հրաժարվեց: Այնպես որ, իզուր են այդ մարդիկ իրենց կոտորում, եթե նրանց ինչ-որ մեկը կարող է վերցնել իր խնամակալության տակ, դա Հայաստանի ներկա վարչախումբն է, որը, ճիշտ է, չափազանց ձեռնփակ է ու ինքն է մտածում` ումից ինչ պոկի, բայց իրենց պանիր ու հացի փող կտա կամ` տեղական օլիգարխներին կհանձնարարի տալ: Եթե սրանք, իհարկե, դրանով բավարարվեն եւ չասեն, թե ԱՄՆ-ն մեզ սեւ խավիարի ու ֆուագրայի փող էլ էր տալիս:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image