Ավինյանից հազիվ էլ այս նորամուծությունը լիներ։ Տրանսպորտ էի նստել ու ողջ ճանապարհին, մոտ մեկ ժամ, ամեն կանգառում վարորդի ծղրտոցն էր ականջումս․ այսօրվանից առաջին դռնով միայն մտեք, հետևի դռնով դուրս եկեք։ Հետևի դուռը բավականին ուշացումով էր բացվում, ու ներսում դժգոհության ալիք էր բարձրանում (մեղմ ասած)։ Առաջին դռնով մինչև մտնում էին, ավտոբուսի ներսում իջնողների համբերությունը սպառվում էր՝ երբեմն նաև քաղաքավարությունը հետը։
Բայց հայի հնարամտությունը սահման չունի․ շատերն արդեն գլխի էին ընկել, որ հետևի դուռն ուշ է բացվում, և սպասում էին, ու երբ բացվում էր՝ ուշացած «թմփում էին ներս»՝ իբր ոչինչ չի եղել, մենք միշտ այստեղ ենք եղել։ Դրան հաջորդում էր վարորդի հոգեցունց ճիչը՝
-Է՜յ, հետևի դռնով մտածներ, մուծվե՜ք, ձեզ հետ եմ, չե՞ք լսում։
Ու այսպես՝ ամեն կանգառում նույն սիմֆոնիան․ առաջին դռնով մտեք, հետևի դռնով դուրս եկեք, մուծվեք, մի մտեք, բայց արդեն մտել եք, հիմա գոնե վճարեք։
Օգտվեցի էլի երկու ավտոբուսից։ Նույն սցենարը։ Նույն դերասանները։ Նույն տեքստը՝ միայն ինտոնացիան՝ փոքր տարբերություններով (այսինքն՝ ով ինչքան նյարդ ունի)։ Մի հարց է օդում կախված՝ եթե մի քանի տեղ դրամարկղ կա, ինչո՞ւ ենք բոլորս հերթ կանգնում հենց առաջին դռան մոտ, ինչպես բարեգործական հաց բաժանելու ժամ։ Թերհավաքագրո՞ւմ կա։ Լավ։ Բայց ինչո՞ւ է դա լուծվում վարորդի և ուղևորի նյարդային համակարգի հաշվին։ Վարորդը հիմա ոչ միայն մեքենա է վարում, այլ նաև՝ ֆինանսական տեսուչ է, հսկիչ, հաղորդավար («մուծվե՛ք, ժողովուրդ ջան» թեմայով), ու մի քիչ էլ՝ հոգեբան (հատկապես հետևի դռան հատվածում)։
Վարորդներից մեկին ասացի․
-Տիգրան Ավինյանը թող մի հատ տեքստ գրի, իր ձայնով ձայնագրի, ու ամբողջ ճանապարհին միացրեք։ Առանց այդ էլ մեր ժողովուրդը առավոտից իրիկուն որոշ մարդկանց ձայներից գերհագեցած է, թող ամբողջ փաթեթով գժվի, թե չէ դրանցից պրծում չկա։
Վարորդը ծիծաղեց։ Այն ծիծաղը, որ գալիս է ոչ թե ուրախությունից, այլ հուսահատության խորքից․
-Այ քուր, մե՞ղք չի մեր ազգը՝ առանց այդ էլ առավոտից իրիկուն մարդամեկի ձայնից գժված է, հիմա էլ Ավինյանի՞ն լսի ու լրիվ գժվի՞․․․
Այդ պահին հասկացա՝ մենք ոչ թե նոր օրենք, հրահանգ ենք ստացել, այլ նոր ժանր․ քաղաքային քրոնիկոն՝ նյարդային համակարգի ուղեկցությամբ։