Դեռեւս չի մոռացվել, թե 2007թ․ վերջերին, երբ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը համարձակվեց եթեր հեռարձակել տասնամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրանիկ ելույթը, իշխանությունների հրահանգով ինչ հետապնդումների ենթարկվեց նա։ Այն ժամանակ միայն լրագրողական կազմակերպություններն ու իշխանությունների կողմից չվերահսկվող հատուկենտ ԶԼՄ-ները կանգնեցին «ԳԱԼԱ»-ի կողքին, իսկ արդեն 2008թ․ հանգանակություն կազմակերպվեց, որպեսզի «ԳԱԼԱ»-ն չեթերազրկվի։
Եվ ահա օրերս «ԳԱԼԱ»-ն տարածել է հայտարարություն, համաձայն որի՝ Պետական եկամուտների կոմիտեն «ԳԱԼԱ»-ի գործով ներկայացրել է Վերաքննիչ դատարան բողոք՝ պահանջելով բեկանել ՀՀ վարչական դատարանի 22․02․2019թ․ կայացրած վճիռը եւ այն փոփոխել, իսկ ներկայացված հայցն ամբողջությամբ մերժել։ 2008թ․ հարկային պետական ծառայության հայցը դատարանը բավարարեց, եւ «ԳԱԼԱ»-ից բռնագանձվեց ավելի քան 25 միլիոն դրամ։ Հայտարարության մեջ հիշեցվում է նաեւ, որ այդ գործով կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ, որն արձանագրում է՝ անհիմն կերպով «ԳԱԼԱ»-ի արդար դատաքննության իրավունքը ոտնահարել են ներպետական դատական ատյանները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք ) 1-ին եւ 3-րդ կետեր)։ Իսկ Վարչական դատարանն էլ 2019թ․ որոշել էր բավարարել «ԳԱԼԱ»-ի հայցը։
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լուրերի համակարգող Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ, ըստ ՄԻԵԴ վճռի, խախտվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության արդար դատաքննության՝ վկաներ հարցաքննելու իրավունքը։
«Եվ երբ գործը քննվեց արդեն Վարչական դատարանում, մի շարք կարեւորագույն վկաներից հարցաքննվեց ընդամենը երկու գործարար։ Նրանցից մեկը հստակ ասել է, թե ինչպես են ժամանակին, երբ դեռ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իրենից ցուցմունքներ կորզել։ Վկաներից Սահակ Մինասյանը շատ հստակ ասել է, որ ԿԳԲ-ից ինչ-որ մարդ է մոտեցել իրեն, ինչ ասել են, ինքը դա գրել է, ասել են, որ գովազդները պետք է հեռացվեն «ԳԱԼԱ»-ի եթերից։ Ըստ էության՝ Վարչական դատարանում «ԳԱԼԱ»-ի դեմ ոչինչ չի ասվել։ Հիմա մեզ համար առնվազն տարօրինակ է, որ ՊԵԿ-ը բողոք է ներկայացրել Վերաքննիչ բողոք»,- տարակուսած է Արմենուհի Վարդանյանը։ Իսկ ահա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան լրագրողի հարցի, հեգնել է՝ նշելով, որ ՊԵԿ-ի ներկայացրած բողոքում ոչ մի քաղաքական բաղադրիչ չկա։
«ՊԵԿ նախագահը նշում է, որ ինքը չի հիշում, գործի բնույթին ծանոթ էլ չէ, հեգնում է լրագրողին, թե պատրաստվեք, հետո եկեք հարցազրույցի։ Ի պատասխան՝ «ԳԱԼԱ»-ն հայտարարություն արեց, որ պետք է պատրաստվել, հասկանալ գործի բնույթը, տեսնել, որ այդ գործով կա ՄԻԵԴ-ի վճիռ, ուսումնասիրել «ԳԱԼԱ»-ի գործով ողջ նախապատմությունը։ ՊԵԿ-ը նշում է, որ Վարչական դատարանը վերազանցել է իր լիազորությունները եւ գնահատական է տվել արդեն իսկ ապացուցված հանգամանքներին, այն հանգամանքներին, որոնք կորզվել են ԿԳԲ-ի պարտադրանքով»,- նշեց Արմենուհի Վարդանյանը։ Նա հիշեցնում է, որ «ԳԱԼԱ»-ն միակ հեռուստաընկերությունն էր, որ եթեր էր տրամադրում ընդդիմությանը, եւ նախքան այնտեղ ստուգումներ սկսելը, իշխանական մամուլը գրում էր, որ «ԳԱԼԱ»-ում սկսել են ստուգումներ, հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ։ Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, այդ հայտարարությունն իշխանական մամուլում գրվեց այն ժամանակ, երբ դեռ ստուգումներ չէին սկսվել, 2007թ․։
Հետո, իհարկե, եղել են ստուգումներ, վարչական ակտ է կազմվել, հարկային պետական ծառայությունը դիմել է դատարան, եւ դատարանը բավարարել է հարկային պետական ծառայության հայցը, որոշում է կայացրել ու «ԳԱԼԱ»-ից բռնագանձել ավելի քան 25 մլն դրամ։
Արմենուհի Վարդանյանը հարկ է համարում «ԳԱԼԱ»-ի գործի մանրամասներին անտեղյակներին հիշեցնել, թե ինչպես 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ դատարանն որոշեց բավարարել «Հարկային պետական ծառայությունն՝ ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» հայցը։ Իսկ այդ հայցի բավարարման հետեւանքով էլ արգելանքի տակ հայտնվեցին հեռուստաընկերության գույքը, դրամական միջոցները, եւ միայն դրամահավաքի միջոցով հնարավոր դարձավ գումարները վերադարձնել։ Այն ժամանակ էլ, ըստ մեր զրուցակցի, «ԳԱԼԱ»-ի ոչ մի միջնորդություն չի բավարարվել։
«Մենք միջնորդել էինք դատարան հրավիրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գրիգոր Ամալյանին, որի ցուցմունքների հիման վրա էր կազմվել ակտը «ԳԱԼԱ»-ի դեմ։ Սակայն ո՛չ Ամալյանը, ո՛չ որեւէ այլ գործարար չհարցաքննվեց։ Մենք չկարողացանք իրացնել մեր՝ վկաներ հարցաքննելու իրավունքը։ Տասը տարի անց միայն մենք ունեցանք ՄԻԵԴ-ի վճիռը, որն արձանագրեց այդ խախտումները։ Եվ միայն դրանից հետո գործն ուղարկվեց դատարան։
Իսկ 2019թ․ փետրվարի 22-ին Վարչական դատարանը կայացրեց որոշում՝ բավարարել «ԳԱԼԱ»-ի հայցը եւ անվավեր ճանաչել հարկային օպերլիազորների՝ 2007-2008թթ․ կազմած ակտը։ Եվ այդ ամբողջ պատմությունից հետո հարց է ծագում, թե ինչպես է ՊԵԿ-ը մեկնաբանում իր այդ քայլը։ Ո՞րն է այն հիմքը, որով նա բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան»,- հարցնում է Արմենուհի Վարդանյանը։
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ արձագանքեցին, որ կպատասխանեն «ԳԱԼԱ»-ի հետ կապված հարցերին, եթե ուղարկենք գրավոր հարցում։