Հարցազրույց

Ոնց որ ասես` հայ ազգ, քո զինվորին թողնում ենք առանց հոգևոր զորացման. Տեր Հուսիկ քահանա

Ոնց որ ասես` հայ ազգ, քո զինվորին թողնում ենք առանց հոգևոր զորացման. Տեր Հուսիկ քահանա

«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու քահանա Տեր Հուսիկ  Գրիգորյանն է։

-Տեր Հուսիկ, ի՞նչ է կատարվում այսօր։ Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի ճնշումների է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին և հոգևորականները։

-Խորքային իմաստով, հոգևորականությունն այսօր անցնում է փորձաշրջան։ Նայեք, երբ ոսկուն կպչում ես որպես մետաղ, նախ ուզում ես որոշել նրա պրոբը՝ մաքրությունը, դրա համար այն թրծում և կրակի մեջ ես պահում։ Եվ մեր հոգևորականների համար էլ այս պահին հենց կյանքի այդ փորձաշրջանն է, որի միջոցով որոշվելու է մաքրության աստիճանը։ Եվ երբ կարողանում ես հաղթահարել այդ փորձությունը, որպես մարդ՝  ճանաչում ես ինքդ քեզ։

-Ի պատիվ Շիրակի թեմի հոգևոր դասի`այս պահին, չունենք, ինչպես ընդունված է ասել,  «տիրադավ հոգևորական»։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Մենք հավատարիմ ենք մնացել մեր ուխտին, որ կապել ենք Սուրբ Էջմիածնի հետ։ Գիտեք` չնայած տարատեսակ խոսակցություններին,  յուրաքանչյուրս իր որոշումը կայացրեց,  որը հենց հավատարմություն է Քրիստոսին։

-ՊՆ նախարարի հրամանով գնդերեցների խումբը լուծարվելու է։Այլ կերպ ասած՝ որոշվեց, որ հոգևորականներն էլ ծառայության պետք է անցնեն այլ ձևաչափով` ունենան մայորի, կապիտանի կոչում և այլ կարգեր, այլ ոչ թե հատուկ նշանակված հոգևորականներ, որոնք գտնվում են զորամասերում։ Ի՞նչ կարծիք ունեք, սա ինչ ազդեցություն կունենա մեր զինվորների հոգեբանության վրա, ի՞նչ նպստակով է արվում։

-Պատմության տեսանկյունից կասեմ, որ հատկապես  հոգևորականների ներկայությունը բանակում  կարևոր է եղել հենց պատերազմական իրավիճակում, լինելով  զինվորի կողքին, ունի մեծ նշանակություն։ Ես հիշում եմ, որ պատերազմի ընթացքում գնում էինք խրամատներ, և զինվորները մեզ տեսնում էին հենց իրենց կողքին, ինչ զգացողություն էին ունենում։ Կային հոգևորականներ, որոնք մնում էին այնտեղ, ցրտին փաթաթվում,  տաքացնում էին զինվորներին։ Ու տեսնում էիր,  թե ինչպես է մարդու հոգեվիճակը փոխվում, և ինչպես է նա զորանում։ Իսկ հիմա, սա նշանակում, որ հայ ազգը թողնում է իր զինվորին առանց հոգևոր զորացման, ասում ենք` մեր զինվորին  զորացում պետք չէ։ Եթե սա այսօր ընդունելի է մեր ժողովրդի կողմից, ապա ինչ կարող ենք անել։Իհարկե, մենք շարունակաբար հնչեցնելու ենք մեր ուղերձը՝ հիշեցնելով, որ մարդը առանց Աստծո չի կարող ապրել։ Թեկուզ հենց այս ժամանակաշրջանում, ինչ տեսակի փորձությունների միջով էլ անցնենք, միևնույն է, մենք շարունակելու ենք հորդորը հնչեցնել։ Որ անկախ ամեն ինչից, մարդիկ պետք է պահպանեն իրենց հոգևոր վիճակը։ Այսպես նրանք զորանում են և ամրանում հոգեպես։ Եթե քայլ է արվում  փոխել մարդու հոգեվիճակը, իսկ մենք գիտենք՝ ով է մարդու հոգեվիճակը փորձում փոխել, դա  չարն է, որի դեմ պիտի մարտնչես։ Միքայել սրբազանը մի հետաքրքիր բան էր ասում. քահանան զինվոր է, կռվում է չարի դեմ, մարտնչող, իսկ կուսակրոնը՝ մահապարտ։ Եթե զինվորն ինչ-որ տեղ կարող է թերանալ, ապա մահապարտ կուսակրոնին դա թույլատրված չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image