Արձակագիր, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը 2000 թվականից վտարանդի է։ Թավշյա հեղափոխությունից հետո հասարակական-քաղաքական շրջանակներում հաճախ է արծարծվում այն հարցը, թե երբ է վերադառնալու Վանոն, չէ՞ որ հիմա կան բոլոր նախադրյալները, որ նա վերադառնա։
Լրագրող, արձակագիր, մի շարք թերթերի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը լույս է ընծայել «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքը, որում ամփոփված են Վանո Սիրադեղյանի հետ տարբեր տարիներին մոտիկից առնչված մարդկանց հետ հարցազրույցները, լուսանկարները։
Երեկ «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսին ներկա էին նրա ընկերները, համախոհները, մարդիկ, որոնք չեն ճանաչել Վանո Սիրադեղյանին, սակայն, ծանոթանալով նրա գրականությանը, սիրել ու համակրել են գրողին։
Հարցին, թե ինչ կփոխի Վանո Սիրադեղյանը Հայաստան վերադառնալու դեպքում, Վասակ Դարբինյանն արձագանքեց․ «Ինքը չի գալիս ինչ-որ բան փոխելու համար։ Կարծում եմ, որ շատերն իրենց շատ ավելի հանգիստ ու լավ զգան, շատերն էլ գուցե վատ զգան։ Ես կարծում եմ, որ անարդար է այն ամենն, ինչ տեղի է ունեցել այդ մարդու հետ, անարդարը ամենամեղմ բառն է։ Չեմ ուզում որակումներ տալ։ Վանոյի բացակայությունը անբնական երեւույթ է ցանկացած ողջամիտ մարդու համար։ Սխալ է, այդպես չպետք է լիներ»։