Հասարակություն

Ռադիոյի տնօրենի մրցույթն անվավեր ճանաչելու հայցը դատարանում է

Ռադիոյի տնօրենի մրցույթն անվավեր ճանաչելու հայցը դատարանում է

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար 28.06.2024-ին հայտարարված մրցույթի` 29․07.2024-ին ամփոփված արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայցը մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկի՝ «Հրապարակի» թղթակից Լուսինե Պետրոսյանի կողմից արդեն ներկայացվել է դատարան։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի թիվ 52-Ա որոշումը, որում արձանագրված են մրցույթի արդյունքները՝ ներառյալ Արմեն Քոլոյանին հաղթող մասնակից ճանաչելը եւ 53-Ա որոշումը՝ հինգ տարի ժամետով Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն նշանակելու մասին, վիճարկվել են անցյալ շաբաթ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով։ Հայցվոր կողմը՝ Լուսինե Պետրոսյան, պատասխանող՝ Հանրային հեռարձակողի խորհուրդ, հայցադիմումն ունի 12 էջ ծավալ եւ երեք հիմնական հատվածներ՝ 
ա) ECHR Կոնվենցիայի 12-րդ Արձանագրության խախտման փաստարկները 
բ) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, ՀՀ այլ իրավական ակտերի խախտումը
գ) Անհամապատասխանությունը ԵԽ հանձնարարականներին, ՄԻԵԴ դիրքորոշմանը։
Հայցադիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն ՀՀԽ 05.04.2024թ․ N 33-Լ որոշմամբ փոփոխված եւ 28.06.2024թ․ մրցույթում կիրառված «Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման ԿԱՐԳ»-ը պետական-իրավական փորձաքննության ուղարկելու մասին։
Առաջիկա մեկ-երկու շաբաթում, երբ դատարանի որոշումները հայցադիմումի եւ միջնորդության վերաբերյալ լինեն, եւ դատարանը չունենա առարկություն, հայցադիմումից հատվածներ կամ գուցե հայցադիմումն ամբողջությամբ կհրապարակենք։ Ներկա պահին, լոկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հիմքով եւ ինչ է պահանջում հայցվորը, տպագրում ենք հայցի եզրափակիչ հատվածը եւ պահանջները․

«Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ ՈՒ Մ
(վիճարկման եւ գործողության կատարման հայցային պահանջներով)
․․․Ամփոփելով հայցին առնչվող հիմնական փաստերի եւ փաստարկների շարադրանքը,
ելնելով ողջ վերոշարադրյալից եւ «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար 28.06.2024թ․ հայտարարված մրցույթում
- իմ հանդեպ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ Արձանագրության 1-ին հոդվածով արգելված՝ քաղաքական կարծիքի (հայացքների) համար խտրականության դրսեւորման բացահայտ իրողությունից, 
- ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարականների, վերոթվարկյալ մի շարք ՀՀ օրենքների, կառավարության որոշումների ոտնահարմամբ՝ մրցույթը casting-ի, ստուգատեսի վերածելու օրինախախտումից (արարք, որն առերեւույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներ ունի),
- ՀՀԽ 05.04.2024թ․ N 33-Լ որոշմամբ՝ պետական-իրավական փորձաքննություն չանցած, տասնյակ համազոր ու վերադաս իրավական ակտերի, միջազգային կարգավորումների, ՄԻԵԴ դիրքորոշման հակասող «ԿԱՐԳ»-ով մրցույթ կազմակերպելու փաստից, 
- առաջնորդվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով, 3-րդ հոդվածի 1-ին մասով, 65-րդ, 66-րդ, 68-րդ հոդվածներով․ 
Խ Ն Դ Ր ՈՒ Մ   Ե Մ
1. Անվավեր ճանաչել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար» 28.06.2024թ․-ին հայտարարված մրցույթի արդյունքները եւ այդ արդյունքներով ընդունված Հանրային հեռարձակողի խորհրդի 29.07.2024թ․-ի N 52-Ա եւ 31.07.2024թ․-ի N 53-Ա որոշումները։ 
2.  Պարտավորեցնել Հանրային հեռարձակողի խորհրդին՝ 1-ամսյա ժամկետում լրամշակել կամ մշակել կարգ, որը համապատասխանի պաշտոնների համալրման մրցույթների հայաստանյան եւ միջազգային ընդունված նորմերին, եւ պետական իրավական փորձաքննություն անցնելուց հետո այդ կարգով կազմակերպել Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համալրման նոր մրցույթ։ 
Դիմող՝ Լուսինե  Պետրոսյան»: 

Հրապարակում ենք նաեւ դատարան ներկայացված միջնորդության հիմնական մասը․ 

«Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 
Մեծարգո դատարան,
Ելնելով հայցադիմումում շարադրված փաստարկներից առ այն, որ ՀՀԽ 05.04.2024թ․ N 33-Լ որոշմամբ փոփոխված եւ նոր խմբագրությամբ շարադրված «Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման ԿԱՐԳ»-ը (այսուհետ՝  ՀՀԽ Կարգ).
1) հակասում է  ՀՀ կառավարության 25.01.2005թ․ N 224-Ն որոշմամբ հաստատված «ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԻՆ» (կետ 9, 10, 11), 
2)  hակասում է ՀՀ կառավարության 03.02.2022թ․ N 129-Ն որոշմամբ՝ Առողջապահության ոլորտի 100%՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասով ՓԲԸ-ների համար հաստատված «...ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԻՆ», որի ընթացակարգերն օրենքի անալոգիայով պետք է կիրառվեին ՀՀԽ Կարգում,
3)  հակասում է ՀՀ կառավարության 27.12.2018թ․ N 1554-Ն որոշմամբ հաստատված «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ», որին, որպես համանման հարաբերություններ կարգավորող եւ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի, ՀՀԽ Կարգը պետք է հետեւեր եւ համապատասխաներ, 
4) չի նախատեսում մրցութային ընթացակարգի որոշիչ եւ տարբերակող բաղադրիչներ, 
5) չի նախատեսում մրցույթի մասնակիցների գիտելիքների օբյեկտիվ ստուգում (թեստավորման փուլ), 
6)  չի նախատեսում թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների հմտությունների, ծրագրերի գնահատում՝  հարցազրույցի փուլ, 
7) չի նախատեսում թեստավորման եւ հարցազրույցի փուլերում բոլոր մասնակիցների՝ հայտնի եւ հրապարակային չափանիշներով գնահատում, 
8)  չի նախատեսում գնահատման արդյունքերի բողոքարկում- վերանայում, 
9) չի նախատեսում գնահատականների արդյունքով մրցույթում հաղթած մասնակցի որոշում,
10) չի համապատասխանում ներպետական օրենսդրությանը, ՀՀ միջազգային պարտավորություններին, խեղաթյուրում է մրցույթի անցկացման օրինակելի եւ ընդունված կարգը՝ այն վերածելով սուբյեկտիվ հայեցողությամբ նշանակման,
11) չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված օրինականության սկզբունքին,
12) չի համապատասխանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ մրցույթ անցկացնելու պահանջին, Հայաստանում քաղաքացիական ու հանրային պաշտոնների մրցութային համալրման կարգավորումները սահմանող հարակից օրենսդրությանը, 
13) չի համապատասխանում ԵԽ Նախարարների կոմիտեի 20.12.2000թ․-ի CM/Rec(2000)23 Հանձնարարականի § 27 պարբերությանը, 15.02.2012թ․-ի CM/Rec(2012)1 Հանձնարարականի § 27-ի դրույթներին, 
14) չի համապատասխանում ՄԻԵԴ-ի՝ օբյեկտիվ նյութի ու չափանիշի վրա չհենված քվեարկությամբ, պատշաճ չպատճառաբանված որոշմամբ մրցույթի հաղթող ճանաչելու գործելաոճն անօրինական համարելու դիրքորոշմանը («Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործ), 
․․․ Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ   ԵՄ 
որպեսզի Դատարանի կողմից ՀՀԽ 05.04.2024թ․ N 33-Լ որոշմամբ փոփոխված եւ նոր խմբագրությամբ շարադրված «Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման ԿԱՐԳ»-ն ուղարկվի ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության։ 
Դիմող՝ Լուսինե Պետրոսյան»:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image