ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատյան մաքսատուն- վարչություն կատարած այցի, դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին մի տեսակ ստվերվեց Հայաստանի կյանքում ոչ պակաս կարեւոր մի իրադարձություն՝ ապրիլի 9-ին լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին։
1996թ․ ՀՀ նախագահի ընտրություններից հետո Մեծ Բրիտանիայից Հայաստան հրավիրված, վարչապետի պաշտոնում մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո հանրությանն անհայտ պատճառներով հրաժարական տված եւ հեռացած Արմեն Սարգսյանի երկրորդ գալուստը Հայաստան եւ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահ ընտրվելը համընկան մեր երկրում տեղի ունեցող բախտորոշ իրադարձությունների հետ։ Դեռ նոր-նոր էր տեղի ունեցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, դեռ հազիվ մարել էին նրա՝ ՀՀ քաղաքացիություն ունենալ-չունենալու հետ կապված վիճաբանություններն ու քննարկումները, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից Երեւան կատարած քայլարշավն ու դրան հաջորդող բազմամարդ հանրահավաքներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Արմեն Սարգսյանին վիճակված էր մասնակցել ու աջակցել թավշյա հեղափոխությանը, դրա արդյունքում ձեւավորված երիտասարդ կառավարությանը։
Իսկ արդեն թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց Արմեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում է, որ դա իր համար հեղափոխություն էր հայկական ձեւով։
«Պետք է հպարտ լինենք այսօրվա Հայաստանով։ Կարողացանք անել այնպիսի մի բան, որ որեւէ ուրիշ երկիր կամ պետություն վերջին տարիներին, տասնամյակներին չի կարողացել անել։ Այսինքն՝ անել հեղափոխություն, ուզում եք դա անվանեք թավշյա, կամ՝ ինչ-որ գույնի, ինձ համար դա հայկական հեղափոխություն է, կամ հեղափոխություն հայկական ձեւով, որտեղ մարդիկ հեղափոխություն են անում առանց ընդհարումների, այսպես ասած՝ ծաղիկներով, ժպիտներով, ուրախությամբ ու փուչիկներով»,- նշել էր երկրի ղեկավարը։
Արեւմուտքում երկար տարիներ ապրած ու աշխատած Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում փորձեց Հայաստանի քաղաքական-հասարակական կյանք ներմուծել արեւմտյան արժեհամակարգն ու մտածողությունը։ Նա Երեւանի Մաշտոցի 47 հասցեում գտնվող իր նստավայր էր հրավիրում երեխաներին եւ նրանց հետ պաղպաղակ վայելում, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ համբուրգեր պատրաստում «Օրրան» բարեգործական կազմակերպությունում։ Երբ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցները քայլերթով գնացել էին ՀՀ նախագահի նստավայր եւ իրենց բողոքը հայտնել այդ առթիվ, Արմեն Սարգսյանն ընդունել էր նրանց, իսկ ակցիայի մասնակիցների հետ հանդիպումն ավարտվել էր նախագահի հետ շուրջպարով։
Արմեն Սարգսյանի այս քայլերը եթե ոմանք ընկալում էին որպես արեւմտյան մշակույթի տարրեր, ապա ոմանց կարծիքով էլ այն պոպուլիզմ է, որը կիրառվում է սեփական վարկանիշը հանրության աչքում բարձրացնելու նպատակով։
Ինչ վարկածներ ու պատմություններ չհյուսվեցին Արմեն Սարգսյանի քաղաքական հեռանկարների, ծրագրերի մասին անցած մեկ տարվա ընթացքում։ Մամուլը որքան ասես՝ «սեւ կատու» մտցրեց երկրի նախագահի եւ վարչապետի միջեւ, բաժանեց-տարանջատեց նրանց, տարաձայնություններ տեսավ։ Տարածվեցին լուրեր, թե իբր նախագահը սեփական խաղն է խաղում Հայաստանի քաղաքական դաշտում, կուսակցություն է ստեղծելու, մրցակից է հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած եւ ժողովրդական բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանին։ Գրեցին նաեւ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն է ուզում հասնել Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ նրան փոխարինելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանով։ Այս բոլոր լուրերին ՀՀ նախագահի գրասենյակն արձագանքում էր օլիմպիական հանդարտությամբ՝ ՀՀ նախագահը կատարում է իր պարտականությունները եւ չի պատրաստվում հրաժարական տալ։
Արմեն Սարգսյանն անցած մեկ տարվա ընթացքում հաճախակի այցեր կատարեց արտերկիր, տարբեր երկրներ կատարած իր պաշտոնական եւ աշխատանքային այցերի, հանդիպումների ժամանակ փորձեց համագործակցության, փոխգործակցության եզրեր գտնել, ներկայացնել Հայաստանի դերն ու մեր ժողովրդի առաքելությունը։ Արտերկրում ունեցած իր կապերի, ճանաչման միջոցով Արմեն Սարգսյանի վարկանիշը բարձրացավ նաեւ Հայաստանում։ Նա անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցեց արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։
Արմեն Սարգսյանի ուշագրավ քայլերից էր նաեւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակից՝ մայիսի 28-ից, երկու օր առաջ բրիտանացի աշխարհահռչակ երգիչ, միասեռական Էլթոն Ջոնին Հայաստան հրավիրելը, նրա հետ ընթրելը։ Համենայնդեպս՝ այն օրերին Արմեն Սարգսյանի այս հրավերի դեմ այնպիսի աղմուկ չբարձրացավ, որքան անցած օրերին, երբ ԱԺ էր գնացել տրանսգենդերը եւ ելույթ ունեցել ամբիոնից։
Արմեն Սարգսյանը մամուլի եւ հանրության ուշադրության կիզակետում հայտնվեց նաեւ այս տարվա փետրվարին, երբ Մյունխենի Անվտանգության համաժողովի միջանցքներում կարճատեւ զրույց ունեցավ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Եվ մինչ լրատվամիջոցները գլուխ էին «ջարդում»՝ պարզելու, թե ինչ են զրուցել Արմեն Սարգսյանն ու Ջո Բայդենը, հայտնի դարձավ, որ մեր երկրի ղեկավարը Բայդենից հետաքրքրվել է ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու նրա մտադրության մասին։ Բայդենի պատասխանը, ինչպես երեւում է տեսանյութում, շշուկով է, բայց մի շարք ԶԼՄ-ներ նախկին փոխնախագահի ժեստերից ենթադրել էին, որ Բայդենի պատասխանը դրական է։
Թեեւ Արմեն Սարգսյանն իր նախագահության ընթացքում հարցազրույցներ է տվել տեղական եւ միջազգային մի շարք լրատվամիջոցների, սակայն մինչ օրս չի հրավիրել մամուլի ասուլիս։
Մինչ մենք փորձեցինք ՀՀ նախագահի նստավայրից իմանալ, թե ի՞նչ շնորհավորական ուղերձներ է ստացել Արմեն Սարգսյանը իր պաշտոնավարման մեկ ամյակի առթիվ, ո՞ր երկրների ո՞ր ղեկավարներն են նրան շնորհավորել, պատրաստվո՞ւմ է, արդյոք, մամուլի ասուլիս հրավիրել իր պաշտոնավարման տարեդարձի առթիվ, ՀՀ նախագահի կայքից իմացանք, որ այս օրերին նա աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում եւ հանդիպումներ ունեցել Պորտուգալիայի նախագահի, վարչապետի, գիտության, տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության նախարարների, հայ համայնքի հետ, այցելել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։
Իսկ մեր թերթի հարցերին խոստացան պատասխանել ավելի ուշ։