Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատման հրամանը հարուցել է թատրոնի նվագախմբի դժգոհությունը:
Մինչ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նոր տնօրենի է նշանակել այդ պաշտոնում, որի անունը չի հրապարակվում, նվագախմբի անդամները հրավիրել էին նրան հանդիպման թատրոնում: Նազենի Ղարիբյանը, սակայն, երեկ ուշ երեկոյան, պատճառաբանելով, որ ինքը նախօրոք հանդիպում է պլանավորել Դիլիջանում, չէր ներկայացել:
Իսկ նվագախմբի երգիչները, ռեժիսորները, մեկը մյուսին հերթ չտալով, գովեցին Կոնստանտին Օրբելյանի արժանիքները, ներկայացրեցին, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել օպերան նրա օրոք: Այդ գովասանքները դահլիճում ուղեկցվում էին օվացիաներով:
<Տոսկա> եւ <Կարմեն> օպերաների բեմադրիչ Նաիրե Ստեփանյանը իր խոսքում նշեց, որ երբ Նազենի Ղարիբյանին հարցրել է, թե ինչու տարվա ընթացքում ոչ մի պրեմիերայի չի մասնակցել, դերասաններին չի ճանաչում, նա պատճառաբանել է ամբողջ օրը զբաղված լինելու եւ արտերկրում գործուղման մեջ լինելու հանգամանքներով: Նաիրեն մեջբերեց Նազենի Ղարիբյանի հետեւյալ խոսքերը՝ երբ ես եկա այս անիծյալ պաշտոնին, եւ դրանից ելնելով էլ եզրակացրեց, որ վերջինս սիրով չի կատարում իր պարտականությունները:
Ինչպես Նաիրե Ստեփանյանը, այնպես էլ այլք, հիշեցրին, որ Վալերի Գերգիեւը Սանկտ-Պետերբուրգի Մայր թատրոնում երկու պաշտոն է համատեղում, եւ թատրոնը դրանից միայն շահում է:
Հանդիպման ընթացքում երկար քննարկեցին այն հարցը, թե ինչպես վարվեն, ինչ քայլի դիմեն՝ գործադուլի?, չընդու?նեն նոր տնօրենին, որի մասին ոչ մի տեղեկություն չունեն: Ոմանք հիշեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ժողովուրդն է երկրի տերը, նա պետք է կայացնի որոշումներ, պնդեցին, որ իրենք են թատրոնի տերը, իրենք էլ պետք է կայացնեն որոշում, թե ում են ուզում տեսնել տնօրենի պաշտոնում: Թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանը հիշեց, թե ինչպիսի մեծ գումարներ է ներդրել Օրբելյանը թատրոնում, եւ սա այն դեպքում, երբ իշխանությունները բողոքում են ներդրումների պակասից: Հետո սկսեցին քննարկել, թե այսօր պե?տք է լինի ներկայացում, թե? ոչ: Պետք է բեմադրվի, ի դեպ, <Դիմակահանդես> բալետը: Հանդիպման կազմակերպիչները եկան այն համոզման, որ հանդիսատեսը արժեք է, նա չպետք է տուժի եւ պետք է գա ներկայացման:
Մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը հայտարարեց, որ Նազենի Ղարիբյանի հրամանը լեգիտիմ չէ, իրենք նրան չեն ճանաչում եւ չեն մտնում հետը երկխոսության մեջ:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը դժգոհեց, որ մշակույթի նախարարությունը դարձել է կոռուպցիայի տեղ, օրենքներ են ստեղծում, որոնք նպաստում են դրան, ոչ թե օգնում ստեղծագործող մարդկանց: Եվ նվիրյալներին բարձրացնելու փոխարեն խանգարում են նրանց: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն առաջարկեց հաշվել, թե մեկ երաժիշտ պատրաստելու համար որքան ծախս է կատարում պետությունը, քանի տարի է դա պահանջվում նրանից: Նա ասաց, որ կոլեկտիվը պետք է որոշի եւ ընտրի իր ղեկավարին՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:
Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, դրական է գնահատում վարչապետի այն քայլը, որ վերացրեց մշակույթի նախարարությունը: Նա կարծում է, որ ֆինանսների նախարարությունում մշակույթի մեկ բաժնի գոյությունն էլ բավարար է:
Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին տնօրեն Հայկ Խերանյանն էլ իր խոսքում անդրադարձավ, որ նույն կերպ իրեն են ազատել տնօրենի պաշտոնից: Մի սփյուռքահայ իր խոսքում նկարագրեց, թե Տորոնտոյում ինչպիսի հարգանք է վայելում Կոնստանտին Օրբելյանը: Նա նկատեց, որ Նազենի Ղարիբյանն էլ Ֆրանսիայի քաղաքացի է եւ հարց ուղղեց՝ ինչպե?ս են նրան նշանակել այդ պաշտոնին, դա Սահմանադրության խախտում չէ?: Ինչ վերաբերում է հայերենի իմացությանը, ապա նա նշեց, որ մեր կառավարության անդամներն էլ կարիք ունեն հայերեն սովորելու:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը զարմացած է, որ տնօրեններին են ազատում աշխատանքից, սակայն գեթ մեկ շնորհակալություն չեն հայտնում: Նա նշեց, որ ԹԳՄ-ն Օրբելյանի կողքին է: Հետո Ղազանչյանը հիշեց, որ միայն վերջին 6-7 ամսվա ընթացքում է, որ կադրերի հարցում չեն խորհրդակցել ԹԳՄ-ի հետ:
Ի վերջո, բոլորը որոշեցին երկւոշաբթի օրը, ժամը 10-ին հավաքվել կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի:
Վերջում ռուսերենով ելույթ ունեցավ Կոնստանտին Օրբելյանը, որն ուղեկցվեց օվացիաներով: Նա , ի մասնավորի, նշեց, որ ինքը իրավաբան չէ, քաղաքագետ չէ, սիրում է Հայաստանը, եւ իրեն հետաքրքրում է, որ օպերան ծաղկում ապրի Հայաստանում:
Հասարակություն
Պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը, Կոնստանտին Օրբելյանի վերադարձը
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
×
❮
❯