Նիկոլ Փաշինյանի կողմից էկոնոմիկայի նախարար նշանակված Գեւորգ Պապոյանը, հանդիպելով կառավարության դիմաց բողոքի ցույց անող բեռնափոխադրողների հետ, ասել է, թե իրենք նրանցից ավելի լավ են տեղյակ խնդրին եւ զբաղվում են դրա լուծմամբ։ Պապոյանի ասածի մեջ իրականություն կա․ խնդրին իրենք տեղյակ են, քանի որ իրենք են ստեղծել այդ խնդիրը, այդ խնդիրն առաջացել է Նիկոլ Փաշինյանի գործունեության հետեւանքով, բայց խնդիրը լուծելու մասով նա բացարձակ սուտ է խոսել՝ այդ խնդիրը լուծում չունի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։
Բեռնափոխադրողների հետ հանդիպման ժամանակ Պապոյանն իրեն հատուկ հերթական աշխարհացունց միտքն է հայտնել․ «Լուծումը մի ձեւի է լինելու, այն խնդիրը, որ կար Ղազախստանում, Ղրղզստանում, նույնական է, բայց նրանց դեպքում ավելի հեշտ էր` այնքանով, որ իրենք Վերին Լարս չունեն»։ Սա նույնն է, որ մեկն ասի` մենք էլ ենք ուզում մեր երկրում թեթեւ արդյունաբերություն զարգացնենք, բայց մեր դեպքում խնդիրն այն է, որ մենք Հատիս սար ունենք, կամ Սեւանի ջրի մակարդակն ամեն տարի տատանվում է։ Գեւորգ Պապոյանը պետք է բեռնափոխադրողներին ասեր, որ, ի տարբերություն Ղազախստանի կամ Ղրղզստանի, իրենց խնդիրը չի լուծվի, քանի որ Հայաստանն ունի ոչ ադեկվատ, ոչ թե սեփական երկրի եւ նրա քաղաքացիների շահերով առաջնորդվող, այլ դրսից հրահանգավորվող իշխանություն։
Ինչպես հայտնի է, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, բեռնատարների վարորդներ հայտնվել են անելանելի վիճակում․ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել նոր կարգավորում, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում կարող են գտնվել տարվա մեջ ընդամենը 90 օր` այն դեպքում, որ մինչ այդ կարող էին մնալ 180 օր։ Ղազախստանի եւ Ղրղզստանի իշխանություններն այդ հարցը շատ արագ լուծեցին` ՌԴ իշխանությունների հետ բանակցությունների միջոցով իրենց բեռնափոխադրողների համար այդ սահմանափակումը վերացվեց, մնաց միայն Հայաստանը, որի իշխանությունն անկարող է կամ չի ուզում նման խնդիրները լուծել։
Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների համար նման խտրական վերաբերմունք դրսեւորում, ինչո՞ւ այն, ինչ կարելի է Ղազախստանի եւ Ղրղզստանի քաղաքացիներին, որոնք նույնպես ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ են, Հայաստանին չի կարելի, ինչո՞ւ բացառություն չի արվում, ավելին` ստացվում է, որ այդ կարգավորումն արվել է հատուկ Հայաստանի համար, այն տարածվում է միայն ՀՀ քաղաքացիների վրա։ Դրա բացատրությունը շատ պարզ է․ ի տարբերություն Բելառուսի, Ղազախստանի կամ Ղրղզստանի, Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարում է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ԵՄ անդամ, ի տարբերություն վերոնշյալ երկրների, Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել, Հայաստանի իշխանությունը հրահանգավորվում է Արեւմուտքից։
Հայաստանի իշխանությունները չեն կարող դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ ՀՀ բեռնափոխադրողների համար արտոնություն սահմանելու խնդրանքով, որովհետեւ գիտեն, որ դրա պատասխանը լինելու է հետեւյալը․ ձեր երկիրը գնում է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով, իսկ ՌԴ իշխանությունները բազմաթիվ անգամ զգուշացրել են, որ ԵՄ-ին անդամակցությունը հակասում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը, որ այդ երկու կառույցն անհամատեղելի են։ ՌԴ իշխանությունները սրանց հասկացրել են, որ եթե դուք գնում եք ԵՄ, ձեզ բարի ճանապարհ, բայց իմացեք, որ դա նշանակում է, որ դուք չեք կարող օգտվել այն արտոնություններից, որոնք գործում են ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Եվ այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, միայն ծաղիկներն են։
Փաշինյանը եւ Պապոյանը ՀՀ քաղաքացիներին պետք է պարզ եւ հասկանալի լեզվով բացատրեն, որ նրանց ՌԴ-ից արտաքսում են բացառապես իրենց պատճառով, նրանք աշխատանքից ու ապրուստից զրկվում են բացառապես այն պատճառով, որ Փաշինյանն արեւմտյան երկրների դրածոն է, եւ նրա առջեւ խնդիր է դրված՝ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ընդհանրապես խզել բոլոր տեսակի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Փաշինյանը հնազանդորեն կատարում է այդ հրահանգները, անկախ նրանից` դրանից քանի հազար կամ հարյուր հազար մարդ կտուժի, Հայաստանը եւ նրա տնտեսությունն ինչպիսի վնասներ կկրեն։ Ուզում եք աշխատա՞նք ունենալ, ուզում եք ապրելու եւ վաստակելու հնարավորությո՞ւն ունենալ, դրա միակ ճանապարհը օտարի թելադրանքով առաջնորդվող իշխանությունից երկիրն ազատագրելն է։