Քաղաքականություն

Հերթական դասը «մեր» եվրոպամետներին

Հերթական դասը «մեր» եվրոպամետներին

Ինչպես հայտնի է, եվրոպական ձգտումների առումով Մոլդովայի ղեկավարությունը մի քանի քայլ առաջ է հայաստանյան ղեկավարությունից: Ինչին, բնականաբար, նպաստում է Մոլդովայի եվրոպական երկիր լինելը: Իսկ դրանով էլ պայմանավորված է իշխանության հակառուսական քաղաքականությունը: Դա էլ, իր հերթին, հանգեցրել է նրա տարածքի մեջ մտնող Մերձդնեստրի և Գագաուզիայի խնդիրների ծագմանը: Ահա այսպիսի պատճառա-հետևանքային կապերի կծիկ: 

Հայտնի է նաև, որ ի տարբերություն Հայաստանի, որ ընտրությունից ընտրություն միայն միլիարդավոր դոլարների խոստումներ է ստանում, Մոլդովան պարբերաբար իրական գումարներ է ստանում Եվրամիությունից: Բայց այդ գումարների հատկացումն ուղեկցվում է եվրոպացիների՝ Մոլդովայի ներքին կյանքին միջամտելու բազմաթիվ դեպքերով: Ինչի վկայությունը երկրի նախագահ, արևմտամետ Մայա Սանդուի՝ երկրորդ ժամկետով վերընտրության ողջ ոդիսականն էր: Բայց ի տարբերություն ռուսական իրական և բազմաթիվ դեպքերում նաև մտածացին միջամտության, եվրոպական մշտական միջամտությունը, բնականաբար, ողջունվում է: Ավելացնեմ, որ տիկին Սանդուն վերընտրվեց ոչ թե Մոլդովայում բնակվող, այլ արևմտյան երկրներում բնակվող քաղաքացիների քվեների շնորհիվ: Ու, միաժամանակ, քվեաթերթիկների գծով անհաղթահարելի արհեստական խոչընդոտներ ստեղծվեցին Ռուսաստանում բնակվողների համար: Սա այն մասին, թե ինչպիսի ժողովրդավարություն կառուցելուն է աջակցում Եվրամիությունն այդ երկրում:
Վերացարկվելով Մերձդնեստրի և Գագաուզիայի խնդիրներից՝ հոդվածը դրանց մասին չէ, ներկայացնենք մոլդովական ժողովրդավարության երկու տիպիկ «օրինակ»: Այդ երկրում բազմաթիվ տարիներ անցկացվող «Խաչի երթն» այս տարի տապալվել էր, քանի որ Սանդուի հովանավորությունը վայելող ԼԳՏԲ համայնքը որոշել է հենց նույն օրը սկսել «հպարտության միամսյակի» երթը: Դրա մասին արդեն նյութ եմ ներկայացրել «Հրապարակ»-ի ընթերցողներին:

Օրերս էլ կրկին երկու ցույց է կազմակերպվել միաժամանակ. մեկն արդեն հիշատակված միամսյակի շրջանակում, մյուսը՝ ի պաշտպանություն ընտանեկան արժեքների: Եվրոպական երկրներում նման դեպքերում ոստիկանությունը փորձում է կանխել բախումները՝ ուղեկցելով երթերը կամ պաշտպանելով միտինգի տարածքը: Եթե, իհարկե, չի հաջողվում փոխել տալ մեկի կամ մյուսի երթուղին: Բայց այս առումով ևս փայլեց մոլդովական «ժողովրդավարության փայլուն աստղը» (չշփոթել հայաստանյանի հետ): 

ԼԳԲՏ համայնքի երթը, զարմանալիորեն, արգելվեր էր մայրաքաղաք Քիշինևի (կամ Քիշնևի) քաղաքային իշխանության կողմից: Ենթադրաբար, դրանում դեռևս առկա են ընտանեկան արժեքներին նվիրված, ադեկվատ ղեկավարներ: Ինչևէ, քանի որ «միամսյակայինի» երթը հովանավորվել է հենց նախագահականից՝ եվրոպական դեսպանատների աջակցությամբ, այն տեղի է ունեցել: Ու ոստիկանությունն էլ, բնականաբար, խոչընդոտներ չի հարուցել դրա անցկացման առումով: Իսկ ընտանեկան արժեքներին նվիրված քրիստոնեական երթը, որը գլխավորվել է ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կողմից, խոչընդոտվել է ոստիկանության կողմից:  Ոստիկանությունը հարձակվել է քահանայի վրա՝ գետնին գցելով նրան, և բերման է ենթարկել փոքր երեխան գրկին տղամարդուն՝ մինչ այդ գետնին տապալելով նրան: Կատարվել են նաև այլ անձանց կոպիտ ձերբակալություններ:

Ինչևէ, մենք սովոր ենք այն հանգամանքին, որ եվրոպական երկրների իշխանություններն ուշադիր են հասարակական կարծիքի նկատմամբ: Բայց այդ ավանդույթը, կարծես թե, Մոլդովայի համար չէ: Վերջերս անցկացված սոցհարցմամբ պարզվել է, որ եվրոպական այդ երկրում բնակվողների 80 տոկոսը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Բայց քանի որ դա գլոբալիստական թրենդ է, ԵՄ-ն դա փորձում է պարտադրել մոլդովացիներին: Ընդ որում, մոլդովացիների ընդամենը 5 տոկոսն է իրեն համարում ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչ: Ու այդ համայնքի շահերը պաշտպանող ու քարոզող հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ իրենք իրավունք ունեն ներառվելու խորհրդարանի կազմում: Ենթադրում եմ, որ այդ հարցը չի կարող մնալ առկախված, գլոբալիստների կողմից կարող է լուծվել ընտրական օրնսդրության փոփոխության միջոցով: Այսինքն, կարող են խորհրդարանի անդամ դառնալ ոչ թե ընտրություններով ձայն ստանալու, այլ ըստ համայնքների քվոտավորման շնորհիվ: Մնում է փնտրել այլ փոքրամասնական համայնքներ:

Կարծում եմ, որ դեպի Եվրոպա ձգտող մեր քաղաքացիների մեծամասնությունը բացարձակ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մեր օրերի Մոլդովայում և ընդհանրապես Եվրոպայում: Մի օրինակ էլ բերեմ Արևմտյան Եվրոպայից. ընդդեմ անլեգալ միգրանտների՝ թեկուզ սոցցանցային, խոսույթը Միացյալ Թագավորությունում պատժվում է խոշոր տուգանքներով և նույնիսկ ազատազրկմամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image