Լրատվամիջոցներից մեկում ահազանգ կար, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, թե իր գյուղում՝ Նորապատում, «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել թիվ 3 քվեաթերթիկը։ Այստեղ երեւում է աղվեսի գունազարդ պոչը։ Ընդդիմությունը կարծես ամբողջովին անտեսել է այս վտանգավոր հնարքը։
Ահա թե ինչպես կարող էր գործել այդ մեխանիզմը։ Ընտրողը մտնում է քվեախցիկ։ Նրա մոտ են բոլոր քվեաթերթիկները։ Ընտրում է մեկը, դնում ծրարի մեջ, իսկ մյուսները, ըստ կարգի, թողնում է քվեախցիկում գտնվող աղբարկղում։ Բայց ինչն է խանգարում, որ ընտրողը չօգտագործված քվեաթերթիկներից մեկը դնի գրպանը կամ պայուսակի մեջ եւ դուրս բերի ընտրատեղամասից։ Եթե որեւէ կուսակցություն կամ շահագրգիռ խումբ ցանկանար համոզվել, որ ընտրողը կատարել է իրեն թելադրված ընտրությունը, ապա բավական էր հանձնարարել դուրս բերել որոշակի համարի քվեաթերթիկը։ Այդ դուրս բերված քվեաթերթիկը կարող էր դառնալ ապացույց, որ տվյալ անձը չի ընտրել այն քաղաքական ուժին, որի քվեաթերթիկը դուրս է բերել իր հետ։ Չօգտագործված քվեաթերթիկները մնում են քվեախցիկում։ Սակայն բավական էր, որ դրանցից մեկը դուրս բերվեր, որպեսզի հաշվետվություն, ապացույց ներկայացներ պատվիրատունին, որ ինքը կատարել է իրեն տրված հանձնարարությունը։ Իհարկե, մի փոքր հնարամիտ ընտրողը կարող էր քվեախցիկում տրցակով դրված քվեաթերթիկներից ընտրել ու իր հետ տանել ուրիշների թողած` անհրաժեշտ թերթիկը, բայց կարող էին նաեւ հրահանգը սրբորեն կատարել:
Չեմ պնդում, թե նման մեխանիզմը կիրառվել է, կարծում եմ՝ նման հրահանգն ավելի շատ հոգեբանական ազդեցություն է թողնում, մարդիկ նաեւ կաշկանդվածություն ունեն, թե կիմանան, կտեսնեն, կպարզեն իր քվեարկության բնույթը: Անգրագետ մարդն ավելի հեշտ է ենթարկվում նման մանիպուլյացիաների: Ավելին՝ կարծում եմ, որ նման պատվեր տեսականորեն կարող էր տալ ցանկացած քաղաքական ուժ, բայց պարզ է, որ ամենամեծ «կազմակերպչական» հնարավորությունները, ամենապղտոր մտքերն ու կեղծելու հակվածությունը սովորաբար ունենում է գործող իշխանությունը։ Իշխող կուսակցությունն է տնօրինում պետական լծակները, գտնվում է առավել ուժեղ դիրքում, ունի ավելի լայն ազդեցության հնարավորություններ, այլ ուժերի ապօրինությունները հայտնաբերելու լծակներ: Մանավանդ՝ այժմ տեսնում ենք, թե ինչքան կեղծ գործեր են հարուցվում, մինչդեռ ամեն քայլափոխի հօգուտ իշխանության ապօրինություններ են տեղի ունենում, բայց ձերբակալվում-կալանավորվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները:
Իսկ կարելի՞ է կանխել նման վտանգները։ Իմ կարծիքով՝ այո։ Ընդդիմությունը, դիտորդները եւ ընտրական գործընթացի մասնակիցները պետք է նկատեին նման դրսեւորումները եւ աղմուկ բարձրացնեին։ Պետք է պահանջեին այնպիսի վերահսկողություն, որը կբացառեր քվեախցիկից որեւէ քվեաթերթիկի դուրսբերումը։ Նախ, կարող էին պահանջել, որ յուրաքանչյուր ընտրող իր հետ քվեախցիկից դուրս բերեր չօգտագործված քվեաթերթիկները, բոլորի ներկայությամբ հաշվեին ու նետեին աղբարկղ: Կարող էին այս ընթացքում զտել, մաքրել ընտրացուցակները` գոնե մահացած մարդկանց անուններից: Կարող էին միասնական քվեարկության բանկ ստեղծել, որ նույն անձը հանրապետության մեկ այլ ընտրատեղամասում չկարողանար կրկնաքվեարկություն անել` համակարգը թույլ չտար եւ այլն, եւ այլն: Որոշ ընտրախախտումներ կատարվում են ոչ թե այն պատճառով, որ հնարավոր է դրանք թաքցնել, այլ՝ այն, որ հետո գրեթե անհնար է դառնում դրանք ապացուցելը։ Ժողովրդավարական ընտրակարգում կարեւոր է ոչ միայն արդար ընտրությունը, այլեւ այնպիսի ընթացակարգերը, որոնք բացառում են կասկածի առաջացումը։ Ընտրությունների որակի գլխավոր չափանիշը ոչ թե իշխանության հայտարարություններն են, այլ կեղծիքի հնարավորությունների նվազագույն մակարդակը։
Սակայն կա մի հարց եւս, որի պատասխանն ապագայում ստիպված են լինելու տալ նաեւ նրանք, ովքեր մասնակցել են նման գործողությունների։ Եթե մարդը շահի դիմաց նպաստել է ընտրության աղավաղմանը, ապա վաղ թե ուշ բախվելու է դրա հետեւանքներին։ Անարդար ձեւավորված իշխանությունը չի վնասում միայն քաղաքական մրցակիցներին. վնասում է ամբողջ հասարակությանը, այդ թվում՝ հենց նրանց, ովքեր օգնել են այդ անարդարության կայացմանը։ Երբ երկիրը շեղվում է զարգացման ճանապարհից, երբ խորանում են տնտեսական, սոցիալական եւ բարոյական խնդիրները, այդ հետեւանքներից ոչ ոք չի կարող խուսափել։ Կանցնի ժամանակ, եւ մի օր, հավանաբար, ոմանք ցավով կհիշեն իրենց մասնակցությունը եւ կհասկանան, որ իրենց կարճաժամկետ գրոշանոց շահը վեր են դասել պետության ապագայի հանդեպ գործած վնասից։ Կեղծված ընտրության գինը վերջում վճարում են բոլորը՝ նույնիսկ նրանք, ովքեր մասնակցել են կեղծիքին։