Քաղաքականություն

Եվ ուրեմն` «զադերժկան» ինչո՞ւմ է, որ իրական գործընթացը չի սկսվում

Եվ ուրեմն` «զադերժկան» ինչո՞ւմ է, որ իրական գործընթացը չի սկսվում

Եթե ինձ քնած տեղից էլ արթնացնեք, կասեմ, որ այս պահին Հայաստանի համար ամենավատ բանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ իրար հետ կռվելն է: Ինչո՞ւ են կռվում, ի՞նչ ունեն կիսելու։ Ժողովրդի ընդդիմադիր հատվածին էլ հանել են իրար դեմ ու կռվում են: Իմաստըըըը…

Նպատակները նույնն են, անելիքները՝ նույնը, պայքարի մեթոդները նույնն են, գաղափարները՝ գրեթե նույնը: Մնում է պարզել՝ ինչո՞ւ են կռվում, դա ոչ մի կերպ չեմ կարողանում անել: Խնդրեմ, իմպիչմենտի հարցով լսումներ կազմակերպեցին… Հաշտ, համերաշխ ելույթներ ունեցան, կողքից էլ մարդիկ միացան, իրար գովեցին, Նիկոլին քննադատեցին, կարելի է ասել` ողջ լայնքով ու երկայնքով: Էկրան էին դրել փողոցում, ժողովուրդը հետեւում էր, ոգեւորվում: Թվում էր՝ ահա, ահա, ինչ-որ բան է սկսվում, ու մեկ էլ, առը հա՝ քո բախտից, հայ ժողովուրդ, սկսեցին իրար ուտել: Ինչո՞ւ…

Հարգարժան «Պատիվ ունեմ»-ն այնպիսի հիմնավորումներ էր դրել Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու գործընթացի հիմքում, որ նույնիսկ «Հայաստանից» ընկեր Իշխանը ողջունեց այդ փաստաթուղթն ու հայտարարեց, որ պատրաստ են ստորագրել յուրաքանչյուր կետի (հիմնավորման) տակ: Ի՞նչ սեւ կատու անցավ «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստանի» միջով, որ ոմանց հանկարծ, շատ ներողություն, խրտնեցրեց: Լսումները չավարտված՝ երկու մարդ, որոնք մինչ այդ ԱԺ դահլիճում էին, հայտնվեցին ԱԺ-ի «զաբոռների» մոտ ու սկսեցին հակասական տեղեկություններ փոխանցել դահլիճում տեղի ունեցածի մասին: Թե բա՝ մենք շնորհակալ ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, որ միացան իմպիչմենտին, բայց նրանք դա այնպես արեցին, որ կարծես չմիացան… Այդ երկու մարդն ովքե՞ր էին, գիտե՞ք: Այո, իմպիչմենտի կնքահայր հռչակված Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը: Այն, որ ընկեր Իշխանը «Հայաստան» դաշինքի պատգամավորների ստորագրությունները փոխանցել էր պարոն Մամիջանյանին եւ ասել, որ սպասում են իրական գործընթացի մեկնարկին, Էդգար Ղազարյանին ու Նարեկ Մալյանին դուր չէր եկել, հասկանում ես, ու նրանք փողոցում սկսեցին իմպիչմենտի անհնարինության պատճառներ բերել՝ բնականաբար, մեղադրելով «Հայաստան» դաշինքին… Թե բա՝ պադյեզդը կեղտոտ էր, Հիտլերը տեղում չէր… Ու լիքը պատճառաբանություններ: Այսինքն, գործնական քայլեր կատարելու խնդրի առաջ կանգնած մարդու մուտիլովկաներ: Եղբայր, «Հայաստան» դաշինքն ասել է՝ սկսեք իմպիչմենտը, մենք ձեզ հետ ենք… Ինչո՞ւ չեք սկսում: Թե՞ դուք էն վարորդներից եք, որ սպասում են՝ լուսացույցը մի լաաաաավ կանաչի, հետո շարժվեք: Քշեք, վերջապես, շարժվեք, «պրոբկա» եք ստեղծում:

Ես տպավորություն ունեմ, որ հարգարժան «Պատիվ ունեմ»-ի հիմնական խնդիրը ոչ թե իմպիչմենտի իրական գործընթաց սկսելն է, այլ «Հայաստան» դաշինքին քննադատելը, թիրախ դարձնելը: Պարզապես այս պահին իրենք շատ վատ են անում դա: Ասում են, որ «Հայաստանը» ոչ միայն պետք է միանար իրենց նախաձեռնությանը, այլեւ ապահովեր ՔՊ-ի 2+18 ձայնը, ժողովրդին հաներ փողոց եւ կրեր այդ գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունը: Շատ ներողություն, իսկ դո՞ւք ինչ եք անելու, հարգելի «պատիվունեմականներ», չլինի՞ թե ուզում եք ընկեր Իշխանի հետեւից «մարշ ածելով» գնալ: Եվ ինչո՞ւ եք մտածում, որ «իմպիչմենտը» ձեր մտահղացումն է: Այդ մասին առաջինը՝ դեռ 22 թվին, Ֆրանսիայի հրապարակում, հենց ընկեր Իշխանն է խոսել ու հետո նաեւ բացատրել, թե ինչու հնարավոր չեղավ այն ժամանակ կիրառել իշխանափոխության այդ գործիքը: Քանի որ ՔՊ-ի ստորագրությունները ստանալ չի հաջողվել: Եվ հիմա հարց է առաջանում՝ ձեզ հաջողվե՞լ է ՔՊ-ից ձայներ կորզել, այսինքն՝ պատգամավորներ եւ մանդատներ գողանալ: Եթե այո, շատ լավ, սկսենք իրական գործընթացը, եթե ոչ` ինչի՞ համար է այս ամենը, որ հերթական անգամ հիասթափության է տանելու ժողովրդին:

Հայտնի լսումների ժամանակ հնչած ելույթներից ես շատ հավանեցի Էդուարդ Շարմազանովի ելույթը: Քանդեց Նիկոլին, հավաքեց ու նորից քանդեց: Բռավո: Սա ասում եմ առանց հեգնանքի ու սարկազմի: Բայց քանի՞ կոպեկ արժի այդ ելույթը, եթե հետո ոմանք իր գործընկեր ընդդիմադիր ուժի պատգամավորներին պետք է «քաղաքական մուտիլովկաներով զբաղվողներ» անվանեն եւ ասեն, թե դուք ո՞վ եք, որ մեզ գործի դնեք ու ասեք՝ ՔՊ-ի ստորագրություններն ապահովեք: Իրենց բառերով ասած. «Քաղաքական մուտիլովկայով զբաղվածներին ուզում եմ ասել՝ դուք մեզ գործի չեք դրել, որ ստորագրությունները դրեցիք, մենք էլ հիմա անենք, գնանք ՔՊ-ի ստորագրությունները բերենք, ինչպես պահանջում են հրահանգով դիվանին նստած գրողները։ Ներողություն, բայց եթե Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայի պատգամավորների՝ մեր պայքարի ընկերների, նույն խրամատում գտնվողների ստորագրությունները ստանալու համար պահանջվեց 4 ամիս, ուզում եք 4 օրում ՔՊ-ի ստորագրությունները բերե՞նք։ Հանրապետականին հանձնարարական տվողներին ասեմ՝ շատ սխալ ճանապարհի վրա եք»։

Քիչ է ասել՝ խոցված եմ, բայց մյուս կողմից հազիվ եմ զսպում ծիծաղս: Սա արդեն դառնում է էն հայտնի խոսքը, որ խմբագրիցս ներողություն խնդրելով պիտի ասեմ․ «Ով տռի, ով գնա սանատորիա»: Ախր, պարոն Շարմազանով ջան, ադաշ ջան, Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ո՞վ են, որ այսքան բանն անեն ու ձեզ գցեն նման ծանր պարտականության տակ: Ես նրանց մի քանի անգամ հարց եմ տվել՝ դուք ո՞վ եք, ո՞վ է ձեզ տեղաշարժում շախմատի տախտակի վրա: Քըռթ՝ ատկազ են գալիս՝ ի՜նչ ՀՀԿ, ի՜նչ «Պատիվ ունեմ», ի՜նչ բան: Ասում են` դա մեր քաղաքացիական նախաձեռնությունն է: Միացե՞լ եք այդ նախաձեռնությանը, պարոն Շարմազանով, լավ եք արել, «Հայաստանը» պաշտպանե՞լ է ձեզ, լավ է արել: Եվ, ուրեմն, «զադերժկան» ինչո՞ւմ է, որ իրական գործընթացը չի սկսվում: Դժգոհում եք «Հայաստանից», թե 4 ամիս տեւեց, մինչեւ միացան: Էհ, դուք էլ այդ չորս ամսում հազիվ 2 ՔՊ-ականի գտաք, որ ավելի լավ էր՝ չգտնեիք: Չորս ամիս տեւեց, մինչեւ միասնական թեկնածու գտաք: Մոռացե՞լ եք, մինչ այդ Էդմոն Մարուքյան էիք տանում-բերում՝ հուսալով, որ ՔՊ-ից ձայներ կբերի իմպիչմենտին: Ինքներդ էլ տեսաք, չէ՞, որ սիրուն չի…

Մի խոսքով, իմպիչմենտի պատճառով շատ հիմար վիճակ է ստեղծվել քաղաքական դաշտում: Նիկոլն արդեն երազում է 26 թվին հաղթելու մասին, իշխանական պատգամավորներն ասում են՝ հրաշալի է, ծույլիկ ընդդիմություն ունենք, ինքն էլ ներքին կռիվների մեջ է, թե իրենցից ով է ամենաընդդիմադիրը: Արդյունքում՝ դաշտը լցվում է մանրմունրներով, որոնք արդեն խրոխտ հայտարարություններ են անում 26-ի ընտրություններում «հաղթելու» մասին: Դժվար չէ գլխի ընկնել, թե ով է նրանց նետում դաշտ, բայց մի բան պարզ է, որ «հականիկոլական» ձեւացող այդ ուժերը կարող են միայն փոշիացնել բուն ընդդիմության ձայներն ու այդկերպ օգնել Նիկոլին: Եվ ուրեմն՝ ընդդիմությունը գզվռտվելու, բաժան-բաժան լինելու փոխարեն պետք է հավաքվի, միավորվի ու լծվի իր քաղաքական գործին՝ պատրաստվի ընտրություններին:

Ավարտեմ Էդուարդ Շարմազանովի խոսքով. «Ընտրություններին մասնակցելը հանցագործություն չէ, այլ նստել ու ոչինչ չանելն է հանցագործություն»: Միանգամայն ճիշտ է: Մեռնեմ օրենքին՝ հիմա ով ուզենա, կարող է մասնակցել ընտրություններին, պարզապես պետք է նաեւ նախապատրաստվել դրանց ու չզբաղվել նրանով, ինչը խանգարում է թե՛ արտահերթ եւ թե՛ հերթական իշխանափոխությանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image