Քաղաքականություն

Պարբաշի, պարդ քաշի

Պարբաշի, պարդ քաշի

Պարբաշին հայհոյանք չէ: Քոչարյան Անդոն ինձնից չի նեղանա, նա հին մարդ է եւ, վստահ եմ, լսել է հանրահայտ երգը՝ պարբաշի, պարդ քաշի, ետ դառ, Նիկոլին աշի… 

ԱԺ-ում կազմակերպված երկար անվանումով լսումների պարբաշին Անդրանիկ Քոչարյանն էր՝ պարի առաջնորդը, պարագլուխը… Գործողության մեջ է դրվել Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը՝ ՔՊ-ում գլուխներ թռչելու մասին: Հերթական տրագիկոմեդիայի ականատեսն ենք: Պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը եւս մեկ հանձնաժողով է ղեկավարում, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր մինչ այս՝ ո՛չ Գրիգոր Մինասյանը, ո՛չ Արգիշտի Քյարամյանը, ո՛չ միլպետաց միլպետ Վահե Ղազարյանը, ո՛չ էլ նույնիսկ անվտանգության դիրեկտոր Արմեն Աբազյանը: Հա, ի դեպ, էն Սուրեն Պապիկյա՞նն ինչու չէր եկել հաշվետվություն ներկայացնելու, ինքն այլեւս ուժային չէ՞: Իր ԳՇ պետ-տեղակալին գործուղել էր Վաշինգտոն, հասկացանք, իսկ ի՞նքն ինչ գործի էր… Թե բա՝ ԵՊՀ-ի դեկանա-պրոֆեսորա-դասախոսական կազմին տարել եմ սահմանամերձ զորամասեր: Մանկավարժությունը վերջնականապես տարել է մեր Պնախարարին: Պարոն Պապիկյան, բա գայիր ԱԺ, մասնակցեիր լսումներին, խաղաղ պայմաններում զոհված (ինքնասպանված կամ ծառայակիցների կողմից սպանված) զինծառայողների մասին հարցերին պատասխանեիր: Քյարամյանին հանել էիր առաջին գիծ, որ ի՞նչ աներ: Մարդուն գցեցիք Քոչարյան Անդոյի ղեկավարած գաղտնի հանձնաժողովի ձեռը՝ բա դա խի՞ղճ է: Որ ճիշտն ասեմ՝ Քյարամյանն իսկի ՔՊ բոլոր պատգամավորներին չի ճանաչում, շորերի գույնով է դիմում նրանց, էլ ի՞նչ իմանար, թե ինչ կա նրանց մտքին:

Առաջ չանցնելով՝ երկու խոսք ասենք Պապիկյանի առաջին տեղակալ, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին Վաշինգտոն գործուղելու մասին: 44-օրյա պատերազմից առաջ ԱՄՆ էր գործուղվել նաեւ նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանը, որը Նյու Յորքում ինչ-որ նախադասություն էր արտասանել՝ եթե նոր պատերազմ, ապա՝ նոր տարածքներ: Հուսամ՝ Պապիկյանի առաջին տեղակալ ԳՇ պետն այդպիսի բաներ չի խոսել Վաշինգտոնում, եւ մենք, մեզնից անկախ, նոր պատերազմի նախաշեմին չենք:

Անցնենք առաջ: Որ Արփի Դավոյանն Անդրանիկ Քոչարյանի գաղտնի հանձնաժողովի անդամ է, պարզ դարձավ Գրիգոր Մինասյանի գործից, իսկ, ահա, լսումներից այն տպավորությունն ստացա, որ Քոչարյան Անդրանիկի բռնած պարի մասնակից է նաեւ Հովիկ Աղազարյանը: Ընդ որում՝ ոչ շարքային մասնակից, այլ որոշակի հանգամանք ունեցող անձ, ասենք՝ տեղակալ: Էն ի՜նչ չանա-չանա կռիվ տվեց Արգիշտի Քյարամյանի հետ: Եթե աչքովս չտեսնեի, չէի հավատա: Կարելի էր մտածել՝ Արգիշտի Քյարամյանը պարկով կարտոֆիլ վաճառող էր, Հովիկ Աղազարյանն էլ՝ օրենքի մեռած պաշտոնյա: Կխփեին իրար, եթե Անդրանիկ Քոչարյանը մի քիչ էլ սադրեր… Ինչեւէ, թերթերը գրեցին, որ Արգիշտի Քյարամյանն էլ թռավ, գործից կհանեն: Թե բա՝ էս երկրում տենց մարդ չկա, որ իմ ասածների վրով ռեպլիկ բաց թողնի: Նիկոլը կասեր՝ տենց հաստատ մի ասա…

Ո՞վ է հաջորդը: Աբազյանը, կարծես, պլստաց, Սասունը, որ ընկել էր Հովիկ Աղազարյանի եւ Արգիշտի Քյարամյանի արանքը, գրեթե աննկատ մնաց այս թսում… ներողություն, լսումներում: Վահե Ղազարյանն էլ, թեեւ մի քանի անգամ սայթաքեց, բայց կարողացավ տիրապետել իրեն ու չընկավ անելանելի վիճակի մեջ: Եվ, ուրեմն, ո՞վ է հաջորդը: Այս հարցին պատասխանելու համար պետք է ընդամենը իմանալ, թե իշխանափոխությունից հետո ուժային եւ իրավապահ համակարգերի որ պաշտոնյան կանցնի նոր իշխանությունների կողմը եւ դատարաններում հանդես կգա Նիկոլին ու նրա թիմին մեղադրանք ներկայացնողի դերում: Անդրանիկ Քոչարյանի «գաղտնի հանձնաժողովի» առաջադրանքն էլ հենց դա է՝ այսօր հայտնաբերել «անկայուններին», այլապես վաղը դատարաններում նրանք են կայացնելու Նիկոլի ու ՔՊ-ի հաշվեհարդարը:

Հիշո՞ւմ եք, թե թսում… է՜է՜է՜, լսումների ժամանակ ով էր նստած Անդրանիկ Քոչարյանի կողքին: Այո, Աննա Վարդապետյանը՝ մեր աղջիկ դատախազը: Նրա մասին էլ են խոսում, որ շուտով կբռնի Գրիգոր Մինասյանի եւ Արգիշտի Քյարամյանի ճանապարհը: Ճիշտն ասած՝ ես շատ կզարմանամ, եթե այդպես լինի: Վարդապետյանը ժամանակին Փաշինյանի օգնականը եւ նախկին գլխավոր դատախազի «խորհրդատուն» չէ՞ր: Հետեւաբար, ո՞ւմ ուղեղին կարող են նստել այն թափառող լուրերը, թե հաջորդը կարող է ինքը լինել: Ամեն դեպքում, թերթերը համառորեն գրում են, որ Անդրանիկ Քոչարյանի գաղտնի հանձնաժողովում Արսեն Թորոսյան անուն-ազգանունով մի մարդ կա, որ Աննա Վարդապետյանից վառված է նույնքան, որքան Հովիկ Աղազարյանը՝ Արգիշտի Քյարամյանից: Եվ այդ Արսեն Թորոսյանը, որի դեմ դատախազությունում «քնեցված» գործ կա, իբր առաջարկել է Վարդապետյանից ազատվել ստորագրահավաքի միջոցով, ինչպես դա արվեց Գրիգոր Մինասյանի պարագայում:

Ամփոփելով ասեմ, որ Անդրանիկ Քոչարյանի ներքպական «գաղտնի հանձնաժողովը», ի տարբերություն նրա ղեկավարած մյուս հանձնաժողովների, բավականին արագ եւ էֆեկտիվ է գործում: Այս դեպքում զեկույց չի նախատեսվում, եւ Անդրանիկ Քոչարյանին ու նրա «թիմին» կաշկանդող ոչինչ չկա: Ինձ մնում է Անդրանիկ Քոչարյանին մաղթել ավելի շատ համարձակություն եւ ավելի մեծ նվիրում Նիկոլին ու ՔՊ-ին: Անդո ջան, դուխով: Ինչքան շատ կոտորես, այնքան լավ, ինչ էլ պակասեցնես մեր բյուջեից, Աստված հազարապատիկը վերադարձնի բյուջե: Դե, հասկանալի է՝ մի քիչ էլ քեզ: Չմոռանամ նաեւ ասել, որ ժամանակն է ուժեղացնել Անդրանիկ Քոչարյանի եւ նրա «գաղտնի հանձնաժողովի» անդամների անվտանգությունը: Ի վերջո, ուժային կառույցներում մարդիկ կան, որոնք այնքան էլ հեռու չեն քրեական մշակույթից, իսկ դա արդեն մտահոգության լուրջ հիմք է: Ասում եմ՝ զգույշ եղեք: Հայաստանը վաղուց արդեն նույնիսկ Սիցիլիա չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image