Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործով դատավարությունն ունենալու է մեծ հնչեղություն։
«Այդ գործում ներգրավված են այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են՝ ՀՀ երկրորդ նախագահը, գեներալիտետը։ Միայն այն հանգամանքը, որ Մարտի 1-ի քրեական գործով անցնում են ՀՀ պաշտպանության երկու նախկին նախարարներ, ԶՈՒ շտաբի նախկին պետը, փոխնախարար, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալը, ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, բավարար է արձանագրելու համար, որ մենք գործ ունենք եզակի պատմական դատավարության հետ, որի արդյունքում փորձ է արվելու արդարադատություն իրականացնելու միջոցով հասնել Մարտի 1-ի բացահայտմանը։ Բայց կարծում եմ, որ անգամ այդ դատավարության ընթացքում մենք չենք ստանալու բոլոր հարցերի պատասխանները, քանի որ այդ քրեական գործով դեռեւս պարզված չէ, թե ովքեր են Մարտի 1-ին կրակել եւ սպանել ՀՀ տասը քաղաքացիներին։
Հետեւաբար, կրկնում եմ, Մարտի 1-ի ցիկլն այս դատավարությամբ չի ավարտվելու։ Բայց այդուհանդերձ, ընդունելով ամբաստանյալների կարգավիճակը, նախկինում զբաղեցրած պաշտոնները, կարծում եմ, այս դատավարությունը շատ մեծ քաղաքական հնչեղություն է ունենալու։ Կլինեն, անշուշտ, տարբեր դիրքավորում ունեցող ուժեր, որոնք կփորձեն դատավարությունից քաղել դիվիդենտներ։ Մի մասը կփորձի շահարկել այդ դատավարությունը, մի մասն էլ կփորձի այն սեփական պատկերացումներով մեկնաբանել կամ առաջ տանել։ Ես շատ եմ կարեւորում դատարանի դերը, որովհետեւ այդ դատարանը պետք է վեր կանգնի բոլորից։ Դատարանի կողմից հրապարակված դատական ակտն ունենալու է պատմական նշանակություն»,- մեզ հետ զրույցում նշեց Նորայր Նորիկյանը։