Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ԱԱԾ գործակա՞լ էր Նաիրի Հունանյանը։
Նրան հիշեցրինք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վերջերս ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր, որ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է, իսկ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, Hraparak.am-ին տված հարցազրույցում, վկայակոչելով Աշոտ Սարգսյանին, հավաստել էր, որ նա գործակալ չէ։
«Դա իր (նկատի ունի Արթուր Վանեցյանին) պրոբլեմն է, որ չգիտի, թե իր մոտ ինչ է կատարվում։ Եթե մեկ տարվա մեջ չի կարողացել դա պարզել, նշանակում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մոռացել է Հոկտեմբերի 27-ի գործի մասին։ Փաստաթղթերն իրենց մոտ են, չէ՞։ Ոչ թե Վահան Շիրխանյանի նամակից հետո, այլ այդ նամակից առաջ, որպես ԱԱԾ տնօրեն, եթե հետաքրքրված լիներ, ապա նա կիմանար, որ Նաիրի Հունանյանը գործակալ չէ։
Կան փաստաթղթեր, էդ բոլորն ասելով չէ, այդ նյութերը դատարանում են։ Առաջին օրվանից դրանք եղել են նախաքննության մարմնի ձեռքի տակ։ Նա ուսումնասիրվել է որպես գործակալ հավաքագրվելու համար։ Դա եղել է երկար տարիներ։ Իսկ Շիրխանյանի նամակում հավաստի փաստ է 1998թ․ կեղծված ընտրությունները, դրա մասին ո՞վ չգիտեր, Շիրխանյա՞նը պետք է ասեր»,- հարցնում է Աշոտ Սարգսյանը։
Նկատեցինք, թե արդյո՞ք հավաստի փաստ չէ նույն նամակում հիշատակված Մեղրին Լաչինով փոխանակելու մասին տարբերակը, որը ներիշխանական հակասությունների պատճառ է դարձել։
«Մեղրիի տարբերակը փաստաթղթավորված չէ։ Դա արժանահավատ է այնքանով, որ այդ մասին ասել է նախկին վարչապետը, նախկին պաշտպանության նախարարը, քաղաքական գործիչներն են խոսել այդ մասին։ Դրանք հո օդից վերցվա՞ծ չէին։ Ինչ վերաբերում է կեղծված ընտրություններին, դրա մասին ո՞վ չգիտեր, ո՞վ չի հիշում «Ա1+»-ի նկարահանումները։
Ի՞նչ նորություն է ասում Վահան Շիրխանյանը։ Հարցն այն է, թե ինչու է այդ ամենը հիմա ասում, ասող էր, թող ժամանակին ասեր, ոչ թե նկարը գլխի վերեւը կպցներ, աշխատեր, հետո, երբ իր մասին բան ասեին, այն ժամանակ խոսեր։ Ազնիվ պետք է լինել։ Մենք, որ այդքան տարի ասել ենք, տուժել ենք, գործից հանել են, հետապնդումների ենթարկվել․․․ Իսկ ինքը գնաց աշխատեց, գրքում գրեց իր մասին (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի գիրքը), ինքն էլ վերածեց ռազբորկայի՝ դու իմ մասին կասես, ես էլ քո մասին կհիշեցնեմ»,- ասաց Աշոտ Սարգսյանը։