04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։
450-րդ (խոշտանգում) հոդվածը սահմանում է․ «Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»։
Հիշեցնենք` երեք օր առաջ համացանցում կադրեր են տարածվել, որտեղ Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանը հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ է հասցնում քաղաքացուն։