Ծառայել է արդյոք այս կամ այն ընդդիմադիր գործիչը բանակում՝ ոչ մի նշանակություն չունի, և դա ողորմելի հարց է, հենց միայն այն պատճառով, որ այդ հարցը խրոխտ բարձրացնող քաղաքական ուժի ներկայացուցիչները հիմնավորապես առոչինչ են դարձրել հազարավոր մարդկանց պարտադիր և կամավոր ծառայությունը, առոչինչ են դարձրել մարդկանց անձնազոհությունն ու անգամ հազարավորների նահատակությունը։ Ուրեմն արդեն ինչ կապ ունի, թե ով է ծառայել, երբ անգամ արդեն կապ չունի, թե ով է զոհվել, ով է հերոսացել։ Այսօր մենք այլևս չենք կարող հպարտանալ հերոսներով, մենք այսօր այլևս հերոս չունենք, քանի որ հերոս ունենում են հաղթած ազգերը, որոնք չեն վախենում փառաբանել իրենց հերոսներին։ Իսկ մենք պարտվել ենք, և կորսված հողի վրա զոհերի արյունը դեռ չչորացած՝ շնորհակալություններ ենք շռայլում թշնամուն՝ երկրի նախագահի, վարչապետի և մյուս նազիր-վեզիրների կողմից։
Շտապենք շեշտել, որ մեզնից ժողովրդից շատերը դեռ չեն հասկանում, թե ինչ առաքելության համար է այս երկրի նախագահական պալատում բազմել, այսպես ասած՝ նախագահը․ այդ հարցը դեռ չենք պարզել։ Նկարում է, նվագում է, զբաղված է մշակութային թեմաներով, թե ինչ՝ հայտնի չէ։ Ուստի չենք էլ լիազորել նրան՝ միակ բանը անելով՝ խոսել մեր անունից և շնորհակալություն հայտնել պատերազմ սանձազերծած և մեզ կոտորած թշնամուն, և դա անել ներողություն հայցողի ամոթալի դեմքով՝ առանց ամաչելու։ Մեր անունից՝ խնդրում եմ՝ ոչ։ Խաղաղություն թող լինի համայն աշխարհում, բայց շնորհակալություն հայտնելու կարիք երբեք չի լինի։ Դա, այսպես ասած, հայեցողական և անհատական դիրքորոշում է։ Կգնաք նրանց տուն, թեյ կխմեք Շուշիում, մուղամ կլսեք և կհայտնեք այդ ժամանակ ձեր անձնական շնորհակալությունը՝ ջերմորեն, թեկուզ՝ ծնկաչոք։ Դրա հետ որևէ առնչություն ունենալ հայերից շատերը, վստահաբար, չեն ուզում։ Մենք հույս ունենք, որ կարելի է խաղաղ ապրել՝ առանց նվաստացման։
Այնպես որ դուք բանակը, հայրենիքի պաշտպանությունը, հայրենասիրությունը դարձրել եք ոչինչ, խոսակցություն՝ ոչնչի մասին, զոհաբերություն՝ հանուն ոչնչի։ Իսկ ձեր ղեկավար կազմի մարդիկ, ձեր հիմնական գլուխները, ինչպես կասեր Հռիփսիմեն, ծառայել են արդյոք՝ ձեր նախարարները, արտգործնախարարները, ձեր պատգամավորները և հենց ձեր գերագույն հրամանատարը։ Ծառայե՞լ է նա բանակում, ո՞ւմ բանակում է նա ծառայել։ Վերջինը, որ հաստատ, չի ծառայել, համենայն դեպս՝ չի ծառայել հայկական բանակում։
Ուրեմն ի՞նչ եք ուզում ուրիշներից․ առանց ծառայելու կարելի է վարչապետ դառնալ և լինել գերագույն հրամանատար և վարել պատերազմ ահա այդպիսի՝ ինչպես վարեցին։ Արդեն փորձված կարգով՝ վարչապետ դառնալու համար ոչ կրթությունը հավաստող դիպլոմ է պետք, ոչ ծառայությունն ապացուցող զինգրքույկ, ոչինչ պետք չէ։ Անգամ ԶԱԳՍ-ի՝ ամուսնության վկայական պետք չէ՝ այս երկրում առաջին տիկին լինելու համար։ Այնպես որ, թողնենք այդ բյուրոկրատական քաշքշուկը։ Նման բաներ պետք էին հին կոռումպացված պաշտոնյաների ժամանակ, հիմա ամեն ինչ բաց է և անապացուցելի՝ հենված միայն խոսքի և «նագլիության» վրա։
Բանակի մասին քննարկումը, հետևաբար, երեսպաշտություն է։ Հավատացեք, որ ընտրողի համար ևս, ըստ էության, դա նշանակություն չունի։ Այսօր խիզախ հայրենասիրությունը նորաձև չէ, հակառակը՝ հայրենիքի պաշտպանության վերաբերյալ ցանկացած ակնարկ անմիջապես հակադարձվում է․ «Պատերազմ ե՞ք ուզում»։ Ոչ, պատերազմ մենք չենք ուզում, բայց մեզ թվում է, թե նման մտքեր կարող է ունենալ մեր թշնամին, որը համատեղության կարգով նաև ձեր բարեկամն է։
Եվ ուրեմն, ֆիքսենք մի վերոնշյալին չառնչվող հանգամանք։ Նարեկ Կարապետյանը, չնայած չի ծառայել բանակում, չունի քաղաքական բանավեճի մեծ փորձ, չի եղել պետական պաշտոնյա, երկրի հիմնական, ամենափորձված և “ամենաթունոտ” պրոպագանդիստի հետ հարցազրույցում հաղթեց վերջինիս։ Չի ծառայել, բայց հաղթեց, քանի որ նախկինների դեմ կիրառվող թունավոր նետը նրա վրա չի ազդում․ նա ունի բնական հակաթույն՝ մաքուր է և ամենևին մեղավոր չէ այս երկրում կատարված ներկա ու նախկին բոլոր այլանդակությունների համար։ Նա անխոցելի էր այդ մանիպուլյացիոն խոսույթի նկատմամբ, և դա էր պատճառը, որ վախենալու ոչինչ չուներ․ բոլոր ոլոր-մոլոր հարցերին նա պատասխանում էր ուղիղ, բաց ճակատով, հանգիստ ու վստահ, բայց ամենևին՝ ոչ լպիրշ ու պոռոտախոս։
Այսօր ամբողջ համացանցով ՔՊ-ականները նրան հրավիրում են բանավեճի՝ մեկը տնտեսական մասով, մյուսը՝ բանակի։ Իրար հերթ չեն տալիս, թե՝ «յա վախեցար, արի բանավիճենք»։ Մարտի են նետվում ծերունիները, մանիպուլյացիայի արքաները՝ հուսալով, թե իրենք այդ հարցում կլինեն ավելի հաջողակ, քան Պետրոսն էր։ Պետրոսին ուզում եք գերազանցե՞լ, իրո՞ք։ Կներեք, «Պողոսին» խաբելու ձեր հմտություններում որքան էլ վստահ եք, երբեք Պետրոս չեք դառնա։
Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը կարիք չունի պատասխանելու այդ մենամարտերի ռևանշիստական հրավերներին, առավել ևս՝ դրանց մասնակցելու ոչ մի կարիք չունի։ Հենց այս միակ հարցազրույցով մարդը ապացուցեց, որ ձեզնից մի քանի մակարդակ բարձր է։ Առիթ կլինի, և կտեսնենք՝ ինչ է բանավիճելու ձեր ղեկավարը մի մարդու հետ, որին դժվար է լինելու թունավորել թալանի ու գռփելու մասին ժամկետանց մեղադրանքներով, և այդ ժամանակ իրար դեմ կանգնած կլինեն երկու մարդ, երկուսն էլ մի բոյի՝ բանակում չծառայած։