Քաղաքականություն

Բացասական հույզերի, զգացողությունների ու մտածումների էներգետիկ վամպիրը

Բացասական հույզերի, զգացողությունների ու մտածումների էներգետիկ վամպիրը

Մեջբերում կատարեմ «մեծարգո վարչապետի» վերջին ֆեյսբուքյան գրառումից, որում խոսվում է հակաեկեղեցական շարժման առաջնորդության չափանիշների մասին: «Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»։ Կարծում եմ, որ նման խոսույթ կարող էր իրեն թույլ տալ միայն Քրիստոսը, որը հայտարարում էր, որ ինքը ճշմարտությունն է: Եվ եթե Քրիստոսը, որպես Աստծո զավակ, ուներ դրա իրավունքը, ապա ի՞նչ իրավունքով է ինքն իրեն Աստծո տեղ դրել վարչապետի աթոռից կառչած անձը: Մահկանացու մեկն ինչ-որ շարժման ինչ-ինչ չափանիշներ է մշակում, հայտարարում է, որ ինքը պետք է առաջնորդի իր նախաձեռնած շարժումը եւ, ըստ այդմ, համապատասխանում է իր մշակած չափանիշներին: Եթե ասվածը համեմատենք մեր ոչ հեռավոր անցյալի իրողությունների հետ, ապա կստացվի, որ այդ մեկն իր հագով հագուստ է կարել ու ինքն էլ պետք է հագնի այն: Ավելի պարզ՝ ինքը շարժում է սկսել, մշակել է շարժման կանոնադրությունն ու, ըստ այդմ, իրավունք ունի առաջնորդելու այն: Բայց ինքը Նիկոլ չէր լինի, որը ժամանակին իրեն Աստծո որդուն էր նմանեցնում, որ գոնե արքայի մտածողությամբ ելույթ չունենա իր հպատակների առջեւ:  

Բայց առանձնահատուկ մի առումով ինքը, իսկապես, արժանի է արքայական տիտղոսին: Դա բացասական հույզերի, զգացողությունների ու մտածումների էներգետիկ վամպիր լինելն է: Էներգետիկ վամպիրը, բնականաբար, գիշերները դուրս չի գալիս գերեզմանից ու չի խմում իր զոհերի արյունը, որպեսզի արեւի լույսից առաջ կրկին մտնի իր դագաղը: Էներգետիկ վամպիրը մեզ նման սովորական անձնավորություն է՝ առանց վամպիրին հատուկ ժանիքների: Ու ինքը ոչ թե արյուն է խմում, այլ «սնվում» է հայրենակիցների բացասական հույզերից, զգացողություններից ու մտածումներից: Ու որպեսզի «սնվի», ոչ միայն օգտագործում է արդեն եղածը, այլեւ ամեն պահի գեներացնում է նորերը: Կենցաղային պայմաններում դա այն անձն է, որն այլոց հետ անընդհատ վիճաբանություն է հրահրում, մարդկանց՝ հատկապես կանանց, հասցնում է լացելու աստիճանի, «սնվում» է դրանով ու հանգստանում: Իսկ իր զոհը, բնականաբար, դեռ երկար ժամանակ իր տեղը չի գտնում ու չի հանգստանում: Դե հիմա պատկերացրեք, թե գործունեության ինչ ասպարեզ է բացվում էներգետիկ վամպիրի համար, որը զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը: Որը պառակտում է հասարակությանը հանուն իր պաշտոնի ու իր հակապետական ծրագրերի: Ու ինչ ծավալի «սնունդ» է նա գեներացնում ամենօրյա կտրվածքով: 

Բացասական հույզերի, զգացողությունների առումով դժվար է կողքից մարդկանց ինչ-որ բան հուշելը: Դա ամեն անհատի հետ առանձին աշխատող հոգեբանի գործն է, ինչը հաջողությամբ կարող է պսակվել միայն այն դեպքում, երբ մարդը գիտակցում է դրա վնասակար բնույթը հենց իր առողջության համար ու դիմում է մասնագետի: Շատ ավելի հեշտ է հրապարակախոսի դերը բացասական մտածումների առումով: Ու իմ ավելի քան 4-ամյա գործը թե՛ Ֆեյսբուքում եւ թե՛ «Հրապարակ»-ում նվիրված է հենց դրան: Ես փորձում եմ մեր հայրենակիցների ուղեղի միջից հանել «կիկոսյան մահվան» սինդրոմը: Այն է՝ «սրանց դեմ խաղ չկա» (հանրապետականների ականջը կանչի), «Նիկոլը գնացող չի, ինքը երկար է մնալու» եւ այլն, եւ այլն… Եվ որքան արագ ինձ ու ինձ նմաններին հաջողվի որոշակի առաջընթաց գրանցելը, այնքան արագ կավարտվի դրանց խաղը, այնքան արագ ՀՀ վարչապետի պաշտոնը կազատագրվի այն զբաղեցնող անձից: Ու այնքան արագ մենք կկարգավորենք մեր երկիրը: Ու այնուհետեւ կվերականգնենք մեր ազգային արժանապատվությունը: Իհարկե, դրանք անելը պետք է փոխկապակցված լինի սրբազանների եւ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «#մեր_ձեւով» պայքարի հետ: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image