Վերջին օրերին ուշագրավ տեղեկություններ են շրջանառվում ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների կողմից իշխանություններին ուղղված հավատարմության նոր երդումներ տալու եւ նոր ծառայություններ մատուցելու մասին։ Լրատվամիջոցներն արդեն գրել են Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լեւոն Դավիդյանի մասին, որը լծվել է քահանաներին հավաքագրելու եւ ճնշելու իշխանական պրոցեսին: Լուրը ՊՆ-ն, իր սովորույթի համաձայն, փորձել է հերքել, սակայն բանակում եւ նրան մերձ շրջանակներում խոսում են, որ կեղծ հերքումներ են դրանք:
Ի դեպ, 2021 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականները հանդես եկան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հայտնի հայտարարությունը ստորագրողների թվում էր նաեւ Լեւոն Դավիդյանը։ Սակայն, քանի որ Փաշինյանն այդ ցուցակի մեծ մասին ազատել է բանակից, թերեւս, գնդապետը որոշել է ամեն գնով պահել իր կարգավիճակը, ուստի փորձում է աջակցել Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրի իրականացմանը, որ ամրացնի իր դիրքերը։ Բանակում ասում են․ «Դավիդյանն այժմ փորձում է ավելի նիկոլական լինել, քան հենց ինքը՝ Նիկոլը», որ քավի «անցյալի մեղքերը»:
Հիշեցնենք․ լրատվամիջոցները գրել էին, որ Դավիդյանը շրջայցեր է կատարում իր հրամանատարության ներքո գտնվող զորամասերում եւ հոգեւոր ծառայություն մատուցող քահանաներին ՊՆ ղեկավարության անունից խոստանում է դրամական աջակցություն, եթե իրենց ստորագրությամբ համաձայնեն միանալ տիրադավ եպիսկոպոսների խմբին: Մենք կապ հաստատեցինք Լեւոն Դավիդյանի հետ` պարզելու, թե ինչու վերոնշյալ տեղեկությունները չեն դադարում` ինքը շարունակո՞ւմ է ներգործել բանակում հոգեւոր ծառայություն մատուցող քահանաների վրա: Նա մեզ հետ զրույցում համառորեն որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն հորդորեց` բացառությամբ պաշտոնական հայտարարություններին հետեւել: Որքան էլ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ չհերքեց իրեն վերագրվող արարքները: Մինչդեռ, եթե մարդն անմեղ է, առաջին բանը, որ նման դեպքերում անում է, հերքում է իրեն վերագրվող գործողությունը: