«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումները» գրքի շնորհանդեսը։
Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելն իր ելույթում կարեւորեց էներգահամակարգի դիվերսիֆիկացիան, ներքին եւ արտաքին ռիսկերը, որոնք քննարկվում են Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում։ Ինչպես այդ, անպես էլ ատոմակայանի, նրա մոդեռնացման հետ կապված հայկական կողմի տեսակետները լսելու նպատակով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը մոտ երկու ամիս առաջ այց էր կազմակերպել Գերմանիա։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանն էլ նշեց, որ էներգետիկայի ոլորտում ուշադրություն է դարձվում վերականգնող էներգետիկային, նախատեսվում է կառուցել հողային, արեւային էլեկտրակայաններ։
Հետազոտության հեղինակներից Հայ-ռուսական համալսարանի դոցենտ Վահե Դավթյանը նշեց, որ էներգետիկ անվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ, տնտեսական, քաղաքական եւ տեխնիկական պատճառներով ենթարկված է մի շարք ռիսկերի ու սպառնալիքների։ Վահե Դավթյանն ասաց, որ այս կամ այն երկրի անվտանգության զարգացման համար էներգետիկ անվտանգությունը դիտարկվում է որպես միջազգային քաղաքականության գործոններից մեկը։
Միաժամանակ նա առաջարկեց մտածել էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի մշակման մասին, քանի որ հին հայեցակարգում, երբ այն դիտարկում ենք աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, նկատելի են ատավիզմներ։
Վահե Դավթյանը հիշեցրեց, որ մինչեւ 2007-2008թթ․ Հայաստանն ապահովում էր Վրաստանի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես 15 տոկոսը։ Սակայն էլեկտրաէներգիայի շուկայի 2007-2010թթ․ իրականացված բարեփոխումները թույլ տվեցին զգալիորեն բարձրացնել Վրաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, ինչպես նաեւ նախադրյալներ ձեւավորել Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման համար, ինչը հատկապես մեծ նշանակություն ստացավ «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էլեկտրաէներգետիկական կամրջի (700ՄՎտ ) գործարկմամբ։ Հատկանշական է, որ հիշյալ եռակողմ նախագիծը թույլ տվեց նաեւ տարատեսականացնել Վրաստանի էներգահամակարգը, քանի որ վթարների դեպքում արդեն ոչ միայն Հայաստանն է հանդես գալիս որպես գլխավոր մատակարար, այլ նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը։
Հայ-ռուսական համալսարանի ավագ դասախոս Հովհաննես Թեւոսյանն անդրադարձավ վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրներին։ Նա նկատեց, որ վերջին տասնամյակում կտրուկ աճել է էներգիայի ստացումը վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ինչը պայմանավորված է բնական ռեսուրսների սպառումը նվազեցնելու միտումով։ Ըստ այդմ՝ վերջին երեք տարիներին կտրուկ աճել է արեւային մարտկոցների արտադրությունը, եւ միաժամանակ նկատվել է դրանց գնի նվազումը 48 տոկոսով։
Հումքային խոշոր ընկերությունները խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը, օրինակ՝ IKEA ընկերությունը պատրաստվում է մինչեւ 2020թ․ ամբողջովին անցնել վերականգնվող էներգիայի կիրառմանը։
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանն էլ արձագանքեց, որ այդ աշխատանքն ավելի արժեքավոր կլիներ, եթե իրականացնեին էներգետիկայի նախարարության հետ համատեղ։