Մշակույթ

«Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն է․ Նազենի Ղարիբյան

«Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն է․ Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մամուլի ասուլիսը սկսեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Իսկ մեկ ժամից ավելի ձգվող նրա ասուլիսը վերածվեց լրագրողների հետ հարց ու պատասխանի, բանավեճի։ Խնդիրն այն է, որ ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծությանը վերաբերող տեղեկանքի հրապարակումը վրդովմունք, տարակույսներ էր առաջացրել արվեստագետների շրջանում, բարձրացրել մեծ աղմուկ։ Նազենի Ղարիբյանը հենց ասուլիսի սկզբում նշեց, որ այդ ամենը հիշեցնում է «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը։

Հետագա ողջ ասուլիսի ընթացքում նա ստիպված էր հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել, որ այդ տեղեկանքը վերջնական մշակում ստացած փաստաթուղթ չէ, այն կառավարության հանձնարարական է, որից ստանում են գրեթե ամեն օր։ «Հանձնարակականը ստացվել էր՝ վերլուծելու մեր գործունեության դաշտը եւ մեր ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը։ Պետք է վերլուծել, թե ինչպիսին է առկա վիճակը ՊՈԱԿ-ներում եւ ներկայացնել որոշակի առաջարկություններ։ Կար շատ հստակ հանձնարարական՝ առաջնորդվելու ոչ թե խնայումների, տնտեսումների, կրճատումների ճանապարհով, այլ պատասխանատվության կենտրոնացման, արդյունավետության բարձրացման հրամայականով»,- հայտարարեց Նազենի Ղարիբյանը։

Նա հավելեց, որ նախարարության բոլոր մասնագիտական վարչությունները մասնակցել են այդ աշխատանքներին, վերլուծել են ՊՈԱԿ-ների գործունեությունը, եւ տեղեկանքը սահմանված ժամկետում ուղարկվել է կառավարություն։ Այդ ամենով հանդերձ՝ նա պնդեց, որ խոսքը սեւագիր տեղեկանքի մասին է։ «Կան ՊՈԱԿ-ներ, որոնց վերլուծությունը հիմնավորված է, կան, որ վերլուծության կարիք ունեն, բայց այդ ամենն ընդամենը սեւագիր է։ Դա չի նշանակում, որ կառավարությունն այդ ամենը պետք է ընդունի ի գիտություն եւ կայացնի 100 տոկոսանոց որոշում, եւ մենք մարտի 5-ին դա պետք է ստորագրենք»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ կան մեկ-երկու ՊՈԱԿ-ներ, որոնք պատրաստ են միավորվելու։ Նազենի Ղարիբյանը հավաստիացրեց, որ եթե անգամ խոսք լինի ՊՈԱԿ-ների լուծարման կամ միավորման մասին, ապա նախարարությունն առաջարկելու է այլընտրանքային տարբերակներ։ Այդ առումով նախարարությունում զբաղվում են օրենսդրական դաշտի կարգավորմամբ։ Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի 70-ից ավելի ՊՈԱԿ-ների տնօրեններին հրավիրել են ժողովի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image