Քաղաքականություն

Առանց կոչի էլ պետք է մասնակցենք մարտի 1-ի երթին

Առանց կոչի էլ պետք է մասնակցենք մարտի 1-ի երթին

Թավշյա հեղափոխությունից հետո այս տարի, մարտի 1-ին, առաջին անգամ երթ է անցկացվելու, որը գլխավորելու է 2008թ․ մարտի 1-ին, ողբերգական իրադարձությունների ժամանակ ժողովրդի կողքին մինչեւ վերջ կանգնած, դրանից հետո ազատազրկված, իսկ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը կոչ է արել այդ օրը, ժամը 18․30-ին, երթ կատարել Երեւանի Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան, հայտարարել է նաեւ, որ ինքն ուղերձով դիմելու է ժողովրդին։ 2008թ Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե արձագանքելո՞ւ է ՀՀ վարչապետի կոչին։

«Դուք տեղյակ եք, որ մեր կուսակցությունը, ես եղել ենք մարտի 1-ի հիմնական տուժողներից մեկը։ Մենք առանց կոչի էլ միշտ մասնակցել ենք երթերին։ Երբ, ժամանակին, առանձին ուժեր փորձում էին սեփականաշնորհել մարտի 1-ը, մենք մասնակցել ենք կուսակցության անդամներով եւ հարգանքի տուրք մատուցել այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ։ Մարտի 1-ը ամբողջ ժողովրդի ցավն է, եւ պահանջատերն էլ պետք է լինի հայ ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ ամբողջ ժողովուրդն այդ օրը պետք է մասնակցի երթին»,- արձագանքեց Պետրոս Մակեյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է՝ երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին։ «Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին, և այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «2019 թվականի մարտի 1-ին ժամը 18։30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ դեպի Մյասնիկյանի արձան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարվա կապակցությամբ։ Այդ օրը ես նաև մտադիր եմ ուղերձով դիմել ժողովրդին»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image