Այսօր մամուլի ասուլիսում լրագրողները մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցին, թե ովքեր են աշխատել ՊՈԱԿ-ներին վերաբերող աղմուկ հանած տեղեկանքի վրա։ Նազենի Ղարիբյանն արձագանքեց, որ տեղեկանքի վրա աշխատել են ժամանակակից արվեստի վարչության, մշակութային ժառանգության վարչության եւ մոնիտորինգի վարչության աշխատակիցները։ Լրագրողներին հատկապես հետաքրքրում էր Համազգային թատրոնի ճակատագիրը։ «Փակելու մասին ոչ մի խոսք չկա։ Պարզապես, առաջնորդվելով նույն հանձնարարականի առաջադրանքով, խոսքը վարչարարության, ավելի օպտիմալ տարբերակ փնտրելու մասին է»,- ասաց Նազենի Ղարիբյանը՝ հավաստիացնելով, որ դա չի նշանակում, թե Համազգայինը դուրս է գալու պետական հոգածությունից։
«Այս պահին խոսք չկա այն մասին, որ որեւէ պետական մշակութային օջախ դուրս է գալու պետական հոգածությունից։ Կան վերլուծություններ, դրանց հիման վրա կատարված հանձնարարականներ։ Նախարարությունում չկա որեւէ մասնագետ, որն անձնական վրեժ ունի եւ ուզում է փակել որեւէ թատրոն։ Ընդհանրապես խոսք չկա որեւէ թատրոն փակելու մասին»,- նշեց նա։ Նազենի Ղարիբյանը վիրավորված է մշակութային դաշտում արմատավորված այն երեւույթից, որ մշակույթի նախարարությունում չկա որեւէ մասնագետ։ «Ինչո՞վ են զբաղված մշակույթի նախարարության 131 աշխատակիցները»,- հարց ուղղեց Նազենի Ղարիբյանը։
Մեկը հիշեցրեց, որ Նազենի Ղարիբյանն այդ թատրոնն անվանել է կուսակցական թատրոն։ Նազենի Ղարիբյանն ասաց, որ որեւէ բացասական բան չկա կուսակցական թատրոն անվանելու մեջ, բացասական բան չկա նրանում, որ ասել է, թե թատրոնը հայրենասիրական ներկայացումներ է բեմադրում։ Նա միայն նշեց, որ մտածում են հարկատուների գումարները խնայողաբար ծախսելու եւ մաքսիմալ արդյունք ստանալու մասին՝ միաժամանակ օգնելով բոլոր ստեղծագործական կոլեկտիվներին։ Նազենի Ղարիբյանը նշեց, որ նոր օրենք է ընդունվելու գնումների մասին, ՊՈԱԿ-ների մասին օրենքն է փոխվելու, եւ շատ ՊՈԱԿ-ներ կարող են կանգնել փաստի առաջ։ Կոմիտասի քառյակի մասին էլ նշեց, որ ո՛չ նրա ազգային տիտղոսին, ո՛չ ավանդույթներին, ո՛չ ազգային արժեքին որեւէ մեկը ձեռք չի տալու։