Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առևանգելուց և դատելուց հետո, Թրամփի վարչակազմը հիմա էլ համաշխարհային այլ գործչի վրա է սևեռվել։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկը՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոն, դատվի ԱՄՆ-ում։ Այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մեզ պետք է, որ Կաստրոն այստեղ՝ ԱՄՆ-ում լինի և կանգնի դատարանի առջև։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրան այստեղ բերենք», - ասել է նա։
Բլանշը հիշել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը ԱՄՆ ուժերի կողմից՝ այն անվանելով «ծայրահեղ օրինակ»։ «Մենք սովորաբար դա անում ենք արտահանձնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով», - ասել է պաշտոնյան։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նախկինում Կաստրոյին մեղադրել է չորս մարդու սպանության, երկու ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքները բխում են 1996 թվականի միջադեպից, որի ժամանակ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցեցին Մայամիում գործող «Փրկության եղբայրներ» աքսորյալ կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ: Այս գործում մեղադրյալներ են նաև հինգ այլ անձինք:
Բլանշի խոսքով՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ակնկալում է, որ 94-ամյա Կաստրոն դատարան կներկայանա «կամավոր կամ այլ» սկզբունքով: