Քաղաքականություն

Նիկոլ Բարեպաշտի լայվը

Նիկոլ Բարեպաշտի լայվը

Դուք մի լավ ծանոթացեք Փաշինյանի այս գլուխգործոց հայտարարությանը, մինչեւ ես տեսնեմ՝ ինչից եմ սկսում: 
Մի քանի անգամ կարդացեք, ես կսպասեմ… «Հանրությունը պետք է իմանա, թե որեւէ հոգեւորականի բարեվարքության հետ կապված փաստեր ունենալու դեպքում անհատը որ մարմնում կարող է բարձրաձայնել խնդիրը»: 

Ինձ թվում է՝ նա արդեն գլխի է ընկել, որ իշխանական թիմով տրվող պիղծ պատարագներն այլեւս չեն օգնում գործին, եւ հավարը դրել է հանրությանն ու անհատ քաղաքացիներին: Գործ ասածն էլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելն է, որով զբաղված է արդեն ահագին ժամանակ: 

Ես արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանի պիղծ պատարագ է արել, այսինքն՝ անել տվել, էլ չեմ խոսում էն 10 եպիսկոպոսի մասին, որոնց հասցրեց փչացնել կամ, ինչպես ինքն է ասում, գցել բարեվարքությունից: Ես, օրինակ, չգիտեմ, թե ում տանձին էր Կճոյանի բարեվարքությունը, որ մի հատ էլ հետեւից ընկներ, գնար այստեղ-այնտեղ բողոքեր: Ինչ կար-չկար նրա հետ կապված՝ արդեն վաղուց մոռացվել էր: Չծիծաղեք, խնդրում եմ, բայց ես համարյա մոռացել էի, որ պարոն Կճոյանը (Ալեն Սիմոնյան) Արարատյան թեմի առաջնորդն է տակավին: Էլի Նիկոլը հիշեցրեց: Բայց սրա մասին չէ խոսքն այսօր:

Նիկոլն ուզում է, որ հասարակությունը դոստուպ ունենա հոգեւորականների բարոյական նկարագրի ծալքերին եւ, ինչ-որ բան նկատելու դեպքում, իմանա, թե որ մարմնին դիմի: Շատ բարի, բայց ինչո՞ւ, մի՞թե Եկեղեցին՝ ինքը, հասու չէ իր ներսում ընթացող կամ առկա պրոցեսներին, չի ճանաչում իր հոգեւորականներին, Եկեղեցին ատյաններ չունի, որտեղ քննում է իր սպասավորների բարեվարքությունը: Քաղաքացու անելիքը ո՞րն է այստեղ: Ես ի՞նչ պիտի անեմ՝ որպես լրագրող կամ քաղաքացի… Գնամ Եկեղեցում կանգնեմ, պատարագ լսեմ, վերջում էլ պատարագիչին հարցնեմ՝ ապեր, դու որքանո՞վ ես բարեվարք: Նիկոլ, դու դեմք ես: Ինքն իր պատարագն անում է, խաչն էլ դեմ է տալիս․ ուզում ես՝ պաչի, ուզում ես՝ խոնարհվիր: Էս ի՞նչ նոր բան է, թե բա՝ քաղաքացին պետք է հետեւի քահանայի բարեվարքությանը:

Ընդհուպ, ենթադրենք, որ քեզ նման մեկը էշ-էշ հայտարարում է, որ այսինչ հոգեւորականն ինչ-որ տեղ, ինչ-որ մեկին դոմփել ա… Հետո՞: Ի՞նչ անի այդ քաղաքացին, այլեւս չգնա՞ եկեղեցի, կրոնափո՞խ լինի… Մի ապուշ թատերագետ կա, ասում է՝ Սրբազանին բերենք, ճիպոտով ծեծենք, որովհետեւ «անբարեվարք» հայտարարություններ է արել: Եվ դու, Նիկոլ, էս ապուշի ասա՞ծն ես զարգացնում հիմա, թե բա՝ մարմին ստեղծենք, որ բողոքելու տեղ ունենանք եւ հոգեւորականներին պատժենք: Ինքն ապուշ է, Նիկոլ, դու է՞լ ես ապուշ: Դու իբր չգիտե՞ս, թե քաղաքացին ուր կարող է դիմել, եթե մեկը (վարչապետ լինի, թե տիրացու) ոտնահարում է նրա իրավունքները: Մարդը գնում է՝ դիմում դատարան:

Նա ո՛չ վարչապետին, ո՛չ ՔՊ-ին, ո՛չ էլ որեւէ այլ մարմնի չի դիմում: Այլ հարց, որ մեր Եկեղեցին, Նիկոլ, քեզ այն աստիճանի է «վիրավորել», որ դիմել ես ուղիղ ԱԱԾ-ին: Տո «Ցռան Վերգո», չէի՞ր կարող դիմել ուղիղ դատարան: Եվ այսօր, երբ եկեղեցիների պատերի տակ արդեն քիթդ կոտրվել է, «ատմազկա» ես փնտրում, որ սարքածդ էշի հարսանիքների տակից դուրս գաս, այո՞: Ճիշտն ասած, Նիկոլ, ես հիմա մտմտում եմ, թե որ մարմիններին դիմեմ քո՝ որպես վարչապետի, բարեվարքությունը ստուգելու եւ քննելու համար: Մի քանի տեղ դիմել եմ՝ մերժել են: Ասում են՝ շառից-փորձանքից հեռու: ՍԴ-ն մերժում է, առաջին ատյանը մերժում է, դատախազը մերժում է, ԱԱԾ-ն մերժում է, ՆԳՆ-ն մերժում է, ՔԿ-ն մերժում է, հակակոռուպցիոնը մերժում է, հարկայինը մերժում է: Բա ո՞ւր դիմեմ, օրինակ, որ ստուգեն 6.5 միլիարդ դոլար պարտքի փոշիացումը քո բարեվարքության ստվերի տակ: Նշածս հիմնարկներից ոչ մեկում բարեվարքության վարչություն չկա, պարզվում է: Ի՞նչ անեմ, դիմեմ ՔՊ վարչությո՞ւն: Դուք այնտեղ կարծես բարեվարքության կանոններ ունեք, չէ՞: Դրան էլ եմ համաձայն, միայն թե այս անտեր երկրում մի բողոքելու տեղ լինի քո բարեվարքությունից, Նիկոլ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image