Հասարակություն

Ալեն Դելոն․Viva la vita

Ալեն Դելոն․Viva la vita

Օգոստոսի 18-ին, կենտրոնական Ֆրանսիայի Douchy-Montcorbon բնակավայրում գտնվող իր կալվածքում կյանքից հեռացել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի անուններից մեկը՝ Ալեն Դելոնը։ Երբ դստեր, որդիների եւ նրա շան անունից տարածվեց լուրը՝ Դելոնի մահվան մասին, միջազգային լրատվամիջոցները սկսեցին ընդհատել ծրագրերը՝ այդ տխուր լուրը հաղորդելու համար՝ միաժամանակ անդրադառնալով Դելոնի կյանքին, թողած կինոժառանգությանը, դերերին։ Իտալիայի Հանրային հեռուստաալիքը՝ Rai 1-ը (Radiotelevisione Italiana Uno), լուրը հաղորդելուց հետո, մնացյալ ողջ օրվա ընթացքում էկրանին պահում էր գրառումը, թե այսինչ ժամին կցուցադրվի ֆիլմ՝ ի հիշատակ Ալեն Դելոնի։ Պարզ էր, որ ֆիլմը դեռ որոշված չէ, ընտրություն է կատարվում, եւ ինձ հետաքրքիր էր, թե որ ֆիլմը կընտրի Rai 1-ը։ Չէ՞ որ Դելոնը որքան ֆրանսիական, նույնքան էլ իտալական կինեմատոգրաֆի մեծություն է եւ համաշխարհային հռչակի հասել է իտալացի անգերազանցելի ռեժիսորների՝ Լուկինո Վիսկոնտիի, Միքելանջելո Անտոնիոնիի եւ այլոց ֆիլմերի շնորհիվ։ Նույնիսկ երբ ֆրանսահայ հրաշալի ռեժիսոր Անրի Վեռնոյն էր իր «Սիցիլիական կլանը» նկարում, որտեղ ֆրանսիացիներ Գաբենը եւ Դելոնն են խաղում, ֆիլմը դարձյալ Իտալիայի մասին էր ստացվում։ 

Ինչ կցուցադրեր Rai 1-ը՝ ինձ իսկապես հետաքրքիր էր. մտածում էի՝ եթե ընտրությունը կատարողը ես լինեի, Վիսկոնտիի «Լեոպարդը» կընտրեի։ Երեկոյան՝ նշված ժամին, հնչեց Նինո Ռոտայի երաժշտությունը,  էկրանին հայտնվեցին Սիցիլիայի պարտեզներն ու ապարանքը, վնասված դեմքերով կիսանդրիները, եւ պարզ էր, որ Rai 1-ի ընտրությունն էլ եղել է նույնը․ որպես մեծարանք եւ տուրք Ալեն Դելոնի հիշատակին՝ ցուցադրվում է Լուկինո Վիսկոնտիի «Լեոպարդը» կինո-էպոպեան։ Իմիջիայլոց, ինչ-որ տեղ կարդացի, որ հաջորդ օրը Փարիզի կինոթատրոնները նույնպես «Լեոպարդն» են ցուցադրել։ Ինչո՞ւ հատկապես այդ ֆիլմը, մանավանդ երբ կենտրոնական կերպարը ֆիլմում, ում շուրջ հյուսվում է ողջ պատումը, ով թե՛ վիզուալ, թե՛ հոգեբանորեն գերիշխում է ֆիլմում, սիցիլիական իշխան Դոն Ֆաբիցիոն է, ում դերը խաղում է ամերիկացի կինոդերասան Բըրթ Լանքասթերը (Burt Lancaster): Դելոնը ֆիլմում խաղում է Դոն Ֆաբրիցիոյի զարմիկի՝ Տանկրեդիի կերպարը։ 
Հետեւաբար, ինչո՞ւ Վիսկոնտիի գլուխգործոցը, որտեղ Դելոնը նույնիսկ կենտրոնական կերպարը չի մարմնավորում, երեւի ամենաճիշտ ֆիլմն էր Դելոնի հիշատակին ցուցադրելու համար։ Որովհետեւ Տանկրեդիի կերպարը, ինչպես Դելոնն է դա մարմնավորել, ձոն եւ ներբող է կյանքին, ուղղակի կյանքի մանիֆեստ` Viva la vita։ 

Հակառակ 1860-ականների Իտալիան բնութագրող խառնակ ժամանակներին եւ իրադարձություններին, որոնց խորքին ծավալվում են ֆիլմի իրադարձությունները՝ գարիբալդիականների ապստամբություն, Սավոյան արքայատան կողմից Իտալիայի միավորում, բախումներ, ավերածություններ, քաղաքական ճամբարներ ընտրել ու փոխել, հին ազնվականության՝ առյուծների ու ընձառյուծների՝ ասպարեզից հեռանալ, նոր էլիտայի՝ շակալների ասպարեզ գալ, միեւնույն է, Դելոնի մարմնավորած Տանկրեդին այնպիսի լիահույս, կենսահաստատ, ներքին լույս ճառագող էությամբ եւ մաներայով է սլանում բոլոր վիճակվող փոփոխությունների միջով՝ դեպի սպասումներ ու ապագա, որ այդ կյանքի, լինելության, երջանկության մանիֆեստացիան ու զգացողությունը հանդիսատեսի հետ մնում են ընդմիշտ։ Այդպիսի պայծառ ու շենշող կերպար ոչ միայն Դելոնն այլեւս չի կերտել, այլեւ համաշխարհային կինեմատոգրաֆում դյուրին չէ գտնել։ 

Դելոնի անձնական կյանքի հանգամանքներն էլ, թերեւս, դեր են կատարել էկրանին այդքան հորդացող երջանկություն, սեր, ինքնավստահություն պատկերելիս։ Չէ՞ որ 1963-ի Կաննի փառատոնի «Ոսկե արմավենուն» արժանացած «Լեոպարդում» նկարահանվելուց ընդամենը մի քանի տարի առաջ Դելոնը վերադարձել էր Հնդկաչինի ռազմաճակատներից եւ ժամանակը սպանում էր մատուցող աշխատելով ու հասարակության ստորին խավերում դեգերելով։ Հետո… կինեմատոգրաֆ, նկարահանվելու փորձ, հաջողություն, դերեր, արժեքավոր ֆիլմերում նկարվելու հրավերներ, աշխարհահռչակ ռեժիսորներ, միջազգային փառատոներ, նաեւ՝ բարձրաշխարհիկ հասարակություն, հորդացող ֆինանսներ, Ռոմի Շնայդեր, հանդիսատեսի անափ սեր․․․ Իրական կյանքի հաջողություններն ու երջանկությունն էկրան տեղափոխելը պետք է որ դժվար չլիներ։ 

Կինոէկրանին Դելոնի՝ մեծ վարպետությամբ մարմնավորած կերպարներից շատերը մելանխոլիկ հերոսներ են, երբեմն մերկ հոգու չափ զգայուն, անվստահ ու խոցելի («Ռոկոն եւ նրա եղբայրները», «Պրոֆեսորը», «Երկուսը քաղաքում»,  «Մեր պատմությունը» եւ այլն) այնքան, որ թվում է՝ այդ դերերը միայն Ժան Լուի Տրետինյանը կարող էր խաղալ։ Հաճախ էլ Դելոնը խաղում է ողջ աշխարհի դեմ պայքարող, մարդկանց չվստահող, միայնակ ու հզոր անհատների, որոնք կա՛մ հաղթում են աշխարհին, կա՛մ պարտվում են ու աշխարհից հեռանում, բայց աշխարհի ու մարդկության հետ չեն հաշտվում։  Մինչդեռ Դելոնի իրական կյանքը գերազանցապես հաջողությունների, հաղթանակների ու ինքնավստահության ընթացք է եղել, ինչն էլ նրան իր բոլոր խաղացած կերպարներից ամենից ավելի մոտեցնում է Տանկրեդիին։ 
Մարդ, ով ապրել է, չի շփոթվել իր հաջողություններից, իր հմայքի ու գեղեցկության  համաշխարհային ռեզոնանսից, կերտել է իր հաղթանակները, հաճախ երջանիկ է եղել եւ երբեք չի դավաճանել ինքն իրեն։ Այդպիսի մարդն իրոք արժանի է հարգանքի, եւ այսօր աշխարհը երեւի հենց Ալեն Դելոն մարդուն է հարգանքի տուրք մատուցում։ Տասնամյակներ հետո, իհարկե, հետզհետե կխամրի մարդու մասին հիշողությունը, նրա կյանքը, ժամանակը, կմնան անունը եւ գործերը՝ խաղացած դերերը, ու դրանց թվում, առանձնակի, կյանքի հիմն եղող Տանկրեդիի կերպարը՝ Դելոնի ամենասիրելի ռեժիսորի՝ Լուկինո Վիսկոնտիի «Լեոպարդում»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image