Քաղաքականություն

Փաշինյանի «փառահեղ հաղթանակը»

Փաշինյանի «փառահեղ հաղթանակը»

Ներկայացնեմ երկու-երեք մեջբերում լրատվական կայքերի նախորդ օրվա նյութերից: Նախորդ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաստատել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ ԱԳՆ: Դեսպանատունը նշել, որ «Соловьев Live» հաղորդման ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Նույն օրն ավելի վաղ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ ԱԳՆ-ում բողոքի նոտա էր հանձնվել դեսպան Կոպիրկինին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ «ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել  պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»:

Չբավարարվելով ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական դեմարշով՝ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպությունը (համակարգող Իոաննիսյան Դանիել) նույն օրը հաղորդում է ներկայացրել դատախազություն Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի (ՔՕ 151) դեպքով: «Արդարության» բալանսը պահպանելու նպատակով նույն կազմակերպության կողմից ներկայացվել էր մեկ այլ հաղորդում Վեդու կոմունալի աշխատողի (վարորդ Գագիկի) նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի (ՔՕ 236) դեպքով: Չնայած երկրորդի առումով երևի անիմաստ էր, քանի որ համայնքապետարանից արդեն պաշտոնապես հայտարարել էին, որ վարորդը հիվանդանոցում է եղել ամիսներ առաջ, իսկ նիկոլական միջոցառմանը մասնակցելիս եղել է աշխատանքի մեջ, այսինքն՝ ողջ առողջ. մարդ է, էլի՜, կարող էր նաև սխալվել: 

Ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովն, ի դեպ, հայտարարել էր, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև՝ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։ Միջազգային իրավունքի վրա թքած ունենալու հանգամանքը, բնականաբար, պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու և Միացյալ Նահանգներ տեղափոխելու գործողությամբ: Ինչը նշանակում է, որ ամերիկյան ողջ աշխարհամասը գտնվում է ԱՄՆ ազդեցության գոտում: Եվ, ըստ այդմ, աշխարհի ամենահզոր երկիրը գտնում է, որ ինքն իրավասու է իր շահերին առնչվող հարցերը լուծել այնպես, ինչպես ցանկանում է: Ու այդ դեպքում ռուս հրապարակախոսն էլ հայտարարում է, որ նույն ձևով Ռուսսաստանն է իրավասու  լուծելու իր հարցերը ոչ միայն Ուկրաինայի, այլև Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրների առումով:

Եվ եթե Հայասատանի ԱԳՆ-ն, դրան ի պատասխան, բողոքի նոտա է հղում ՌԴ ԱԳՆ-ին, ապա դա նշանակում է, որ դեմ է այդ մոտեցմանը և անհրաժեշտության դեպքում կդիմի ինքնապաշտպանության միջոցների: Դա՝ տեսականորեն, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, անհասկանալի է թե՛ ՀՀ ԱԳՆ-ի բողոքի խրոխտ ոճը և թե՛ ինչ-որ ՀԿ-ի (Վ. Սոլովյովի տեսակետից) կողմից հանրապետական դատախազությանը հաղորդում ներկայացնելը: Մնում է, նախ, 102-րդ ռազմաբազան դուրս բերել տալ Հայաստանից, քանի որ այն այստեղ է Հայաստանն արտաքին թշնամուց պաշտպանելու նպատակով: Այնուհետև դիմել Ինտերպոլին՝ հետախուզում հայտարարելով ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ: Բայց եթե նույնիսկ մեջտեղ չընկներ Իոաննիսյանն իր հաղորդումով, ՀՀ ԱԳՆ-ի բողոքի նոտան ավելի լուրջ արժեք կունենար, եթե դրա հետ միասին դրվեր 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը:  

Բայց, ինչպես երևում է, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դիվանագիտական հաղթանակն ընդամենը վիրտուալ է: Այն նաև ուղղված է Միացյալ Նահանգների նախագահ Դ. Թրամփին, թե տե՛ս, ինչպես եմ դեմ գնում Ռուսաստանին: Այն ուղղված է հենց ԱՄՆ-ին, քանի որ 2025 թվականի իրադարձությունները ստիպեցին, որպեսզի «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի հայացքը Եվրոպայից տեղափոխվեր Հյուսիսամերիկյան մայրցամաք: Մնում է, որ այնտեղ գնահատեն այդ տեղափոխումը: Այլապես Ադրբեջանի նախագահն այնտեղ ընկալվում է որպես հզոր ղեկավար, իսկ ՀՀ վարչապետը՝ խիզախ քայլ կատարած ղեկավար: «Խիզախ» բառը տվյալ դեպքում պետք է որ դրվեր չակերտների մեջ, քանի որ հենց այդպիսին է պարտված կողմի քայլի բնութագիրը:
ՀԳ. Իսկ որ մեզ հարևան թշնամի երկրում կարող է «Բասարգեչար» պիտակով՝ անվանումով ու համապատասխան քարտեզով, գինի արտադրվել ու արտահանվել, դա, իհարկե, որևէ առնչություն չունի Հայաստանի հետ: Նույն ձևով Հայաստանի հետ առնչություն չունեն այդ երկրի բազմաթիվ գործիչների՝ մեզ վերաբերող շատ ավելի խիստ հայտարարությունները: Այլապես դրանք կհամարվեին «ՀՀ ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն ու թշնամական դրսևորում և կոպտորեն կխախտեին Հայաստանի և Ադրբեջանի միջև հավիտենական ու արդարացի խաղաղություն հաստատելու սկզբունքները»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image