Տեւական ժամանակ հայ հասարակության ընդդիմադիր հատվածը նոր առաջնորդի եւ առաջնորդության փնտրտուքի մեջ էր: Թվում էր, թե նման առաջնորդ այդպես էլ չի հայտնվի, երկնքից առաջնորդ չի ընկնում, ոչնչից չի ստեղծվում, քաղաքական դաշտը, այդ թվում՝ ընդդիմադիր հատվածը, մոնոպոլիզացված է: Եվ, ահա, հուլիսի 4-ին այդ առաջնորդը ծնվեց, հօգուտ Սամվել Կարապետյանի ազատության կազմակերպված հանրահավաք-երթը ցույց տվեց, որ հանրությունը նրան հռչակեց ընդդիմադիր նոր առաջնորդ, Երեւանի փողոցներում հազարաբերան հնչող «Սամվել, Սամվել» վանկարկումները դրա մասին էին: Հանրահավաք-երթից հետո Սամվել Կարապետյանի տարածած հայտարարությունն այդ առաջնորդությունն ընդունելու պատրաստակամության մասին էր. «Ես պատրաստ եմ անցնել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»:
Այլեւս Սամվել Կարապետյանը եւ նրա համախոհները չեն պայքարում նրա ազատության կամ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար, այլ՝ Հայաստանի ազատագրման համար: Առանց Հայաստանի ազատագրման հնարավոր չէ ո՛չ Կարապետյանի ազատությունը, ո՛չ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը:
Ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը կորցրել է լեգիտիմությունը` հավատը եւ աջակցությունը հանրության, վստահությունը` իրենց ընտրողների շրջանում: Իշխանության լեգիտիմության կորստի մասին խոսելն անիմաստ է, դրա մասին շատ է խոսվել: 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը ձայն ստացավ, որովհետեւ խոստանում էր հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը-իշխանազրկմանը: Նրանք, ովքեր 2021 թվականին ձայն են տվել ընդդիմությանը, անցած չորս տարիների ընթացքում կորցրել են հավատն այդ ուժերի նկատմամբ, համոզվել են, որ նրանք տապալել են իրենց առաքելությունը, անկարող են իրականացնել տված խոստումը: Ինչպես մեկ անգամ խաբած մարդուն չեն վստահում, այնպես էլ իր խոստումը տապալած քաղաքական ուժին երկրորդ անգամ ձայն չեն տալիս:
Սամվել Կարապետյանի հետ կապված մի վերապահում կա. մարդիկ ասում են, որ չի կարելի մի ծայրահեղությունից ընկնել մեկ այլ ծայրահեղության գիրկը` պոպուլիստ դեմագոգին փոխարինել փողատեր օլիգարխով: Սա չիմացության կամ հատուկ կազմակերպված հակաքարոզչության արդյունք է, որովհետեւ Սամվել Կարապետյանին ոչ մի կերպ չի կարելի օլիգարխ համարել, նա, իհարկե, հարուստ է եւ չի էլ թաքցնում այդ մասին, քանի որ այն ձեռք է բերվել օրինական ճանապարհով եւ լեգիտիմ է, բայց օլիգարխ կոչվելու կամ լինելու համար նա պետք է ազդեցություն ունենա իշխանության վրա, օժտված լինի բացահայտ կամ քողարկված իշխանական լծակներով: Իշխանության կողմից ապօրինի հետապնդվող, իշխանության կողմից բանտ նետված մարդը չի կարող օլիգարխ լինել, որքան էլ որ նա շատ փող ունենա կամ որքան էլ հարուստ լինի:
Մյուս կողմից՝ նայեք ձեր շուրջը եւ ասեք, թե քաղաքական դաշտում գործող որ քիչ թե շատ ազդեցիկ ուժը կամ կուսակցությունն իր հետեւում չունի որեւէ խոշոր փողատեր: Ցավոք, թե բարեբախտաբար՝ առանց փողի, առանց ֆինանսական ռեսուրսի քաղաքական գործունեություն իրականացնելն անհնար է: Կան, իհարկե, դեպքեր երբ փողատերերը քաղաքականության մեջ հանդես են գալիս ոչ թե սեփական դեմքով, այլ դրածոների միջոցով` ֆինանսավորում են քաղաքական ուժերի եւ գործիչների, որոնք, մեծ հաշվով, ենթակա եւ հաշվետու են ֆինանսավորողին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Նախորդ օրը ամերիկացի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը հայտարարեց քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ այդ կուսակցության միջոցով քաղաքական գործընթացներին մասնակցելու իր մտադրության մասին՝ իր որոշումը հիմնավորելով նրանով, որ ԱՄՆ-ում միակուսակցական համակարգ է, նկատի ուներ, որ թե՛ Դեմոկրատական եւ թե՛ Հանրապետական կուսակցություններն ուղղորդվում են նույն քաղաքական շրջանակների կողմից, եւ նրանց իրականացրած քաղաքականությունն էականորեն չի տարբերվում: Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես որեւէ մեկը չհայտարարեց, թե սա ինչ խայտառակություն է` աշխարհի ամենահարուստ մարդը կուսակցություն է ստեղծում: Այն դեպքում, երբ Մասկին պայմանականորեն կարելի էր նույնիսկ օլիգարխ անվանել, մինչեւ վերջերս նա Թրամփի ադմինիստրացիայում բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ մեծ ազդեցություն ուներ թե՛ նախագահի, թե՛ վարվող քաղաքական կուրսի վրա:
Մյուս բանը, որ ասվում է` Սամվել Կարապետյանը պայքարում է ոչ թե հանուն Հայ առաքելական եկեղեցու կամ Փաշինյանի թուրքական ռեժիմից Հայաստանի ազատագրման, այլ սեփական ունեցվածքի փրկության համար, քանի որ Փաշինյանն ուզում է խլել նրան պատկանող ՀԷՑ-ը եւ ոչ միայն դա: Իսկ ի՞նչ վատ բան կա այն բանում, որ մարդը պայքարում է իր ունեցվածքի համար, մի՞թե յուրաքանչյուր մարդ չի պայքարի իր ունեցվածքի պաշտպանության համար, եթե ինչ-որ մեկն այն փորձի խլել նրանից: Ինչո՞ւ մարդը կարող է պայքարել ու պաշտպանել իր պայմանական հազար դրամը, բայց մի քանի հարյուր միլիոն դոլարը Կարապետյանը պետք է նվիրի Նիկոլ Փաշինյանին: Հասկացանք, որ Սամվել Կարապետյանը բարերար է, բայց նրա բարեգործությունն ուղղված է Հայաստանի հասարակությանը, չքավոր եւ ունեզուրկ մարդկանց, այլ ոչ թե երկիրը կործանման տանող մարդուն եւ նրա ընտանիքին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ նրան, որ Կարապետյանի թիկունքին կանգնած է Ռուսաստանը, որը խառնվում է Հայաստանի ներքին գործերին: Ուզում եմ անտեղյակներին տեղեկացնել, իսկ տեղյակներին հիշեցնել մի փոքրիկ օրինակ, թե ինչպես է երկիրը պաշտպանում օտար երկրում եղած իր կապիտալը: 1954 թվականին ԱՄՆ կառավարությունը տապալեց Գվատեմալայի օրինական ընտրված նախագահին՝ միայն այն բանի համար, որ նրա իշխանությունն ուզում էր ազգայնացնել ամերիկյան United Fruit Company-ին պատկանող 40 հազար ակր հողատարածքը, այդ հողերը նույնիսկ չէին էլ մշակվում, եւ Գվատեմալայի կառավարությունը պատրաստ էր փոխհատուցում վճարել ընկերությանը: Բայց Սմերիկայի հետախուզական վարչությունը` ԿՀՎ-ն, տասնօրյա հատուկ գործողություն իրականացրեց լատինաամերիկյան այդ երկրի դեմ, 10 օր շարունակ ամերիկյան օդանավերը ռումբեր ու դյուրավառ նյութեր էին թափում մայրաքաղաքի վրա, որից հետո նախագահ Ջակոբո Արբենս Գուսմանը հրաժարական տվեց` իր երկիրն ու ժողովուրդը փրկելու համար: «Գվատեմալայի դեմ դաժան պատերազմ է սանձազերծվել։ Դրա համար պատասխանատու են «Յունայթեդ Ֆրութ Քամփընին» եւ ամերիկյան մենաշնորհները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների իշխող շրջանակները»,- հրաժարականի իր ելույթում ասել էր նախագահ Արբենսը։ Ես ամենեւին չեմ արդարացնում հանուն սեփական կապիտալի օտար երկրների գործերին միջամտելը, սակայն պետք է հասկանալ, որ ուժեղ երկրները միշտ էլ պաշտպանել են իրենց քաղաքացիներին եւ նրանց ունեցվածքը: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ուզում է խլել Կարապետյանի ունեցվածքը միայն այն պատճառով, որ համոզված է՝ Ռուսաստանն այնքան թույլ է, որ չի կարողանա պաշտպանել իր քաղաքացուն եւ նրա ունեցվածքը: