Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկության գործընթաց։ Իշխող ուժը կարծում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը կոպտագույն կերպով։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Համաձայն առկա տեղեկատվության, նախագահ Զուրաբիշվիլին, անտեսելով կառավարության մերժումը, նախօրեին մեկնել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումների՝ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը քննարկելու համար։
«Վրացական երազանքում» նշում են, որ դա պատճառներից մեկն է, քանի որ նախագահը դիվանագիտական տուրնեի է մեկնել՝ առանց կառավարության հետ համաձայնեցնելու, այն դեպքում, երբ համաձայն Վրաստանի Սահմանադրության, կառավարությունն է իրականացնում Վրաստանի եւ ներքին, եւ արտաքին քաղաքականությունը։ Նախագահը արտաքին քաղաքականության ոլորտում ներկայացուցչական գործառույթներ, իհարկե, իրականացնում է, սակայն, ըստ վրացական իշխող կուսակցության, միայն կառավարության հավանությամբ։
Նշենք, որ վրացական օրենսդրության համաձայն, նախագահի պաշտոնանկության համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն, ինչը նշանակում է, որ իշխող մեծամասնությունը ներկայիս իրավիճակում չի կարողանա հասնել դրան, քանի որ արմատական ընդդիմության քվեներն էլ անհրաժեշտ կլինեն։ Այնուհանդերձ, «Վրացական երազանքի» քաղխորհրդում որոշում են կայացրել սկսել նախագահ Զուրաբիշվիլու պաշտոնանկության գործընթացը։