Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Իր ելույթում ԱՄՆ նախագահը, ի թիվս այլ կոնֆլիկտների, խոսել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության մասին, նշել, որ 32 տարի տեւած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ճանապարհին։
Դիմելով Փաշինյանին եւ Ալիեւին՝ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին Օվալաձեւ սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարեւոր երկրների միջեւ։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք եւ կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»։ ԱՄՆ նախագահն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ ոտքի կանգնել եւ միմյանց ձեռք սեղմել, ներկաները ծափահարել են, դա արձանագրող լուսանկար էլ կա։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձեւավորվի, եւ նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Բելառուսի) հրավիրեց՝ միանալ այդ նախաձեռնությանը: Խորհրդի մշտական անդամ դառնալը բավականին թանկ հաճույք է` ենթադրում է 1 միլիարդ դոլարի անդամավճար, բայց դա կարելի է հետո որոշել: Չնայած հենց առաջին նիստին 7 միլիարդ դոլար են հավաքել մասնակիցները: Սա, ըստ էության, ՄԱԿ-ին այլընտրանքային կառույց է, որը Թրամփը որոշել է ստեղծել իր առաջնորդությամբ, եւ որին եվրոպական երկրները չեն մասնակցում: Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ, մասնակցեց Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Հետագայում Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհուրդը կզբաղվի նաեւ այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ եւ կարգավորմամբ։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս կառույցի ստեղծման եւ առաջին նիստի մասին, ասում է. «Բախտներս բերեց, որ ընդամենը ասացին` սեղմեք ձեռքերը, եթե Թրամփն ավել բան ասեր, իրոք խայտառակ էինք լինելու աշխարհով մեկ: Ինչ վերաբերում է բուն խորհրդին մասնակցելուն, ապա Նիկոլ Փաշինյանը չէր կարող չգնալ նիստին, չէր կարող, որովհետեւ, իր կարծիքով, սա նախընտրական շրջանում հերթական լուսանկարի համար լավագույն հնարավորություններից մեկն է: Նա կարծում է, որ եթե Թրամփի հետ մի քանի լուսանկար ավել ունեցավ, դրանից իր վարկանիշը բարձրանալու է: Մենք մի ֆիկտիվ նախարար ունենք, որը վերջերս մտքի մի «փայլատակում» արեց՝ պնդելով, որ եթե Փաշինյանը Թրամփի կողքին է նստած, դա փաստում է Հայաստանի միջազգային բարձր վարկանիշի մասին: Չենք խոսում այն մասին, որ Փաշինյանը զուտ «մասսովկայի» դերում էր, սակայն դա այն գինն է, որը պատրաստ է վճարել, իսկ հայ ժողովուրդն իր նախընտրական ֆոտոսեսիաների համար վճարում է 9 միլիարդ 11 մլն դոլար գումար, ուղիղ այդքան գումար Վենսը Հայաստանից տարավ…. Նիկոլին անհրաժեշտ էր նախընտրական լուսանկար ու տեսանյութ, նա ստացավ: Հարցեր են հնչում` այդ հարթակը հնարավոր չէ՞ր օգտագործել Ալիեւի վերջին հայտարարություններին պատասխանելու համար: Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ժամանակ Ալիեւն ասաց` գնացեք, խաղաղության խաչմերուկը ստացեք Բայդենից, եթե կարող եք: Տարիներ առաջ Փաշինյանն Ալիեւի հետ բանավեճ ունեցավ Մյունխենում, այս անգամ նա չգնաց այնտեղ, քանի որ Ալիեւից ավելի լավ գիտի, որ խաղաղության խաչմերուկ չկա, որ այն, ինչ տվել է, Զանգեզուրի միջանցք է, նա խուսափում է բացահայտ քննարկումներից, քանի որ չէր կարող Ալիեւին հակադրվել այս փուլում: Փաշինյանին ոչ միայն Թրամփի, Վենսի հետ են հարկավոր լուսանկարներ, այլեւ` Ալիեւի, Էրդողանի, չզարմանաք, որ անգամ այդ նկարները ՔՊ-ն իր նախընտրական քարոզարշավների ժամանակ օգտագործի»: