Հասարակություն

Մեր տունը վերածվել է բանտի․ Անգին Մալխասյան

Մեր տունը վերածվել է բանտի․ Անգին Մալխասյան

Օրերս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 3 ամիս ժամկետով երկարաձգեց գյումրեցի քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով 2 մլն . դրամ գրավը։ Ընդ որում, դատարանն արգելել է Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։

«Կալանավորման երկարաձգումը և խիստ սահմանափակումները պայմանավորված են Կարապետի քաղաքական և հասարակական ակտիվությամբ,այսինքն՝ վրեժխնդրության դրսևորում են։Քրեական օրենսգրքի այն հոդվածը,որի մեջ նրան մեղադրում են, շատ ավելի քիչ պատիժ է նախատեսում, քան Կարապետը արդեն կրել է մինչ այժմ։Այս պահին խախտված են նրա մի շարք իրավունքներ,վայդ թվում սահմանադրական , օրինակ, նա զրկված է այլ գործերով ներգրաված պաշտպանների հետ հաղորդակցվելու և տեսակցելու իրավունքից։ Արդեն երկու ամիս է՝ մեր տունը վերածվել է բանտի։Խախտված են նաև մեր մի շարք իրավունքներ։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ լուրջ դժվարությունների ենք բախվել։Շատ դժվար է լինելու առանց մեքենայի երեխաների դպրոց հաճախելը, պարապմունքների ճիշտ ժամին հասցնելը, չհաշված առօրյա շատ խնդիրներ,որոնք կարգավորում էր ամուսինս։ Սակայն նշեմ, որ այս բոլոր դժվարությունները մեր  ընտանիքը պատվով է կրում ,որովհետև բոլորս էլ , այդ թվում երեխաները,գիտակցում ենք մեր հայրենիքի համար պայքարելու կարևորությունը և դրանից բխող զրկանքները։ Վերջին ամիսներին երեխաներս, ավելի լավ սերտեցին հայ լինելու դասը»,- hraparak.am-ին ասաց Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը։

Նշենք, որ Կարապետ Պողոսյանի պաշտպաններ` Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը նույնպես  հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` տնային կալանքը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով համարվում է ազատությունից զրկում, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են հիշյալ հոդվածով սահմանված երաշխիքները:
«Կարապետ Պողոսյանին ոչ իրավաչափ նպատակներով ազատությունից զրկելը հիմնավորվում է իշխանության ներկայացուցիչների գործողությունների հաջորդականությամբ, բովանդակությամբ և ընդհանուր տրամաբանությամբ:
Ի սկզբանե` 2024 թվականի հունիսի 5-ին, Կարապետ Պողոսյանը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, թիրախավորվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, որն արտահայտվել է Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից վերջինիս տրանսպորտային միջոցը, առանց օրենքով սահմանված հիմքերի, հատուկ պահպանվող տարածք բերման ենթարկելով և արգելանք դնելով` այդ կերպ զրկելով նրան խաղաղ հավաքին մասնակցելու սահմանադրական իրավունքից:

Կարապետ Պողոսյանը, վրդովված լինելով իր նկատմամբ իրականացվող ապօրինությունից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի ճշմարիտ պատճառների մասին հայտնել է հանրությանը` իր բառապաշարում օգտագործելով այնպիսի արտահայտություններ, որպիսի արտահայտություններ տարբեր ժամանակահատվածներում օգտագործել են ներկայիս իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, և այդ արտահայտությունները իրավապահ մարմինների կողմից չեն համարվել անպարկեշտ:

Օբյեկտիվ հիմք չունեցող և իրավաչափ նպատակ չհետապնդող տարբերակված մոտեցման արդյունքում Կարապետ Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար:

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանին ազատությունից շարունակական զրկելը հետապնդում է այլ նպատակներ, քան նախատեսված են ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, քանի որ` Կարապետ Պողոսյանի դեմ մեղադրանքը հիմնված չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա, իսկ վերջինս ազատությունից զրկված է իր նկատմամբ իշխանության ներկայացուցիչների` պարեկային ծառայողների կողմից դրսևորած ապօրինության մասին հանրությանը հայտնած խոսքի համար, որպիսի խոսքը այլ դեպքերում համարվել է իրավաչափ:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները` այդ նպատակները կարող են լինել իշխանությանը դեմ արտահայտվողներին լռեցնելը, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, այդ թվում` իշխանության ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար պատժելը, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու սպառնալիքի ներքո իշխանություններին հրապարակային քննադատելուց ձեռնպահ մնալուն հարկադրելը»,-նշում են փաստաբանները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image