Այլ

Դու ի՜նչ քահանա, երբ Աստծո Խոսքի տեղ Փաշինյանի խոսքն ես քարոզում

Դու ի՜նչ քահանա, երբ Աստծո Խոսքի տեղ Փաշինյանի խոսքն ես քարոզում

Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում «Սուրբ Պատարագի» է հրավիրում բոլոր «հավատացյալներին»։ Լսում եմ նրան ու ինձ թվում է, որ նրա բերանով Նիկոլ Փաշինյանն է խոսում։ Կրկնում է Փաշինյանի բառերը։ Սուրբ Պատարագի հրավիրողը Աստծուց պիտի խոսի, Նրա Խոսքը պիտի հասցնի իր հավատավոր հոտին, բայց նա կրկնում է Փաշինյանի բառերը․ «Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել»։ Լսում եմ և ներսումս ծանր հարց է բարձրանում․ ո՞ւր կորավ քո հավատը, ո՞ւր կորավ քո խոնարհությունը Աստծո առաջ։ Դա իշխանական քարոզչամեքենայի արձագանքն է, ոչ թե Աստծո Խոսքը։ Ստեփանի  ասածը ո՛չ աղոթք է, ո՛չ  հոգևոր ճշմարտություն, ընդամենը Փաշինյանի ուղեղի նյութական արգասիքն է։  Սա այն բացառիկ դեպքն է,  երբ  կարգալույծ քահանան իր պահելաձևով կարգալույծ է անում իրեն։ Աստվածաշնչի լույսի փոխարեն՝ վարչապետի ստվերն է  նրա հոգևոր լեզվի վրա։ Նրա Աստվածը Նիկոլ Փաշինյանն է։ Կարդում եմ Ստեփանի հրավերի տակ հավատացյալ մի կնոջ  գրառում ու մտածում՝ երանի՜ այս կնոջ մի տոկոսի չափ հավատ ունենայիր։ Ուզում եմ ամբողջապես մեջբերել․ 

Ալվարդ Մարգարյան
«Նա, ով շտապում է դատապարտել ուրիշներին, ցույց է տալիս, որ ինքը երբեք իրապես չի եղել Կենդանի Աստծո ներկայության մեջ»
Սբ. Կյուրեղ VI Ալեքսանդրացի

Դու ոչ թե ուրիշներին ես դատում, այլ ամբողջ Հայոց աշխարհի հոգեւոր առաջնորդին'Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառը Աստծո ծառա է եւ Նրա դատավորն ու Տերը միայն եւ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսն է:Դու 33 տարեկան ես, իսկ քո անարժան աղախինը արդեն 30 տարի է եկեղեցում է եւ գիտես, որ ինչ ակտիվ եմ, հաճախում եմ Երեւանի բոլոր եկեղեցիները, ՀԵՊ-ի ուսուցչուհի եմ եղել եւ այլն: Շատ մոտ ճանաչում եմ շատ շատ հոգեւորականների, բայց բոլորի մեջ ես միայն եւ միայն Աստծո ծառաների եմ տեսնում, նրանց անձնական կյանքի հանդեպ ես կույր են եւ խուլ, քանզի նրանք Աստծո ծառա են եւ նրանց Տերն ու Դատավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է:

Դու հասկացար իմ տղա, քանզի ահավոր մեղքի տակ ես մտնում՝ մեր Տիրոջ գործը վերցնելով քեզ վրա: Մոլորվել ես, չարը մթագնել է միտքդ ու սիրտդ:
Դու կարծում ես արդարություն ես գործում, ընդհակառակը՝ ցավոտ եւ պառակտիչ հարվածներ ես հասցնում մեր Եկեղեցուն, որը մեր Տիրոջ մարմինն է: Գիշեր ցերեկ աղոթում եմ քեզ համար: Հավատում եմ քեզ, իմ տղա, երբ պատրաստ լինես, կգամ, միասին կաղոթենք Սուրբ Հովհաննես Մկրտչի Գերեզմանի առաջ,  եւ դու դուրս կգաս Վանքից:

Թող կատարվի այն, ինչ մեր Տիրոջ կամքն է:
Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը միշտ քեզ հետ լինի իմ տղա:
Որքա՜ն մեծ, որքա՜ն մաքուր հավատ պիտի ունենաս, որ այսպես աղոթես նրա համար, ով վիրավորում է Քո Եկեղեցին։ Ալվարդի խոսքում կա խոնարհություն, ցավ, բայց նաև վստահություն։ Վստահություն, որ Եկեղեցին Դատավոր ունի միայն մեկին՝ Քրիստոսին։
Եվ որ մոլորված հոգին պիտի վերադարձվի ոչ թե դատապարտմամբ, այլ աղոթքով։ Նա չի սպառնում, չի վիրավորում, չի դատում։ Նա խոստովանում է իր հավատը՝ առանց ճչալու, առանց ամբիոնի, առանց քաղաքական հրահանգի։ Մեկը կանգնած է Քրիստոսի խոնարհ լույսի մեջ, մյուսը՝ արքունական հովանու ներքո։
Ու ներսումդ հարց է ծնվում՝
Եկեղեցու ծառա՞ ես, թե իշխանության ենթակա, հայր Ստեփան․ ում առջև ես դիզում նվիրվածությունդ, գանձերդ՝ Աստծո՞, թե վարչապետի՞ առաջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image