ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։ Վարչապետին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ ստիպելով խոսել Գյումրու քաղաքապետի դեմ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։
Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և դա ժողովրդավարության խնդիրներից մեկն է։ Պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով, իսկ վերջում էլ՝ թյուրիմացաբար հասնեն էդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի. և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը» ։
Րոպեներ առաջ Վարդան Ղուկասյանը ասուլիս է հրավիրել՝ պատասխանելով Փաշինյանին։
«Ես չեմ իջնի իրենց մակարդակին, բայց եթե ՀՀ վարչապետն է ասում 6 անգամ քաղաքապետ ընտրված քաղաքապետին, թիվ մեկ ամբիոնից նման խոսք է ասում, ուզում եմ ասել, թե տեսեք՝ ում ենք ընտրել ՀՀ վարչապետ։ Է հաստագլուխի մակարդակին էլ չեմ իջնի, բայց սրանք բան ու գործ թողած ինչի են իմ հետևից ընկել, կասեք» ,֊ասաց Ղուկասյանը:


