Հասարակություն

Մի էշի պատմություն

Մի էշի պատմություն

Այս պատմությունը ես իմ հարևան ագարակատիրոջից եմ լսել, նա էլ իր հարևան ագարակատիրոջից: Ուրեմն՝ մի էշ գալիս է տիրոջ մոտ ու խնդրում, որ իրեն 3 օր արձակուրդ տա: Տերն սկզբում զարմանում է, բայց երբ հիշում է, թե այդ կենդանին ինչ ջանասիրությամբ է ծառայել իրեն, համաձայնում է.

-Հարց չկա, 15 օր եմ տալիս, գնա, մի լավ հանգստացիր, բայց տես՝ էշություններ չանես:
Դիմումը ստորագրում է, երկու տոպրակ գարին էլ դնում մեջքին ու ասում.
-Գնա, վայելիր արձակուրդդ:

Էս էշը մի երկու օր ուրախ տրտինգ է տալիս կանաչ մարգագետիններում, վայելում հյութեղ խոտն ու ծաղիկը: Մի օր էլ, երբ գարին վերջացել էր, արածելով ընկած, չի նկատում, թե ինչպես մութն ընկավ: Որոշում է գնալ ու անտառի եզրին գիշերել: Գիշերվա կեսին անտառը լցվում է չարագուշակ ձայներով: Սա, երկար ականջները սրած, լսում է ու ոչ մի կերպ չի կարողանում քնել: Եվ հանկարծ հիշում է, թե տերն ինչպես էր սաստում իրեն, երբ իշավարի, առանց որևէ պատճառի զռռում էր առավոտվա զուլալ օդում: Շապկանց դուրս էր թռչում տնից, պատի տակ դրված ճիպոտն առնում ձեռն ու… Ինչևէ, սա որոշում է գնալ անտառի խորքը և սաստել մռնչացող ու ոռնացող գազաններին: Մի քիչ որ խորանում է, ձայներն ավելի են սաստկանում: Էս էշի սիրտը վախ է ընկնում: Մտածում է՝ հետ դառնա, բայց մեկ էլ ծառի ճյուղին թառած բուն հարցնում է.

-Էս ո՞ւր ես գնում, էշ ախպեր…
-Գնում եմ դրանց սաստեմ՝ ձենները կտրեն, չեն թողնում քնեմ:
-Գործ չունես, ես ինչքան գիտեմ՝ դրանք 100 տարի է այդպես կռվում ու գզվռտում են, չեն կարողանում անտառի կածաններն իրար մեջ բաժանել՝ գայլն իրենն է ուզում, արջն՝ իրենը… Վերջերս էլ մի հովազ է լույս ընկել, որից մենք էլ պրծում չունենք: Այնպես է ծառ բարձրանում, որ էլ ասելու չի: Քեզ կուտեն, մի գնա:
Բվի էս խոսքերի վրա էշիս հաստ կողը բռնում է.
-Ո՞նց թե կուտեն, բա ես Զռռանի տղա Զռռոն լինեմ ու նրանք ինձ ուտե՞ն: Հետս արի, տես ինչ եմ անում…

Էշն ու բուն շարունակում են խորանալ անտառում, բուն՝ ծառից ծառ թռչելով, էշը ձորակ ու բլուր հաղթահարելով: Ճանապարհին նրանց են միանում ծեր ոզնին և երկու մոլորված ոչխար, որոնք հրաշքով արդեն մի քանի գիշեր լուսացրել էին անտառում: Գնում, գնում են, հասնում են մի բացատ տեղ: Տեսնում են՝ գայլը, արջն ու հովազը, իրար դեմ նստած, ատամներն են կրճտացնում:
-Բարի հաջողում,- առաջանում է էշը, ի՞նչ է, քուններդ չի տանո՞ւմ, էս ի՞նչ կռիվ եք գցել, չեք էլ թողնում քնենք:
Էշի վճռական կեցվածքը ոգևորում է ոչխարներին: Սրանք սկսում են առջևի ոտքերով սպառնալից հարվածներ հասցնել գետնին, ճակատներն առաջ տալ… Այս անակնկալ ներխուժումից վախեցած՝ արջը հետևի ոտքերին է բարձրանում ու մեջքով հենվում կեչուն, գայլը պահմտում է թփերի մեջ, իսկ հովազը ցատկում է առաջին պատահած ծառի հաստ ճյուղին:
-Ի՞նչ եք բերաններդ ջուր առել, խոսեք, մի բան ասեք, ինչո՞ւ եք կռվում…
-Դե, դե, ո…ո…ոնց ասեմ,- կմկմում է արջը,- մենք արդեն 100 տարի է չենք կարողանում մեր ազդեցության գոտիներն իրարից բաժանել, հարևանը հարևանի պես իրար հետ ապրել: Ճանապարհն ի՞նչ է, չենք կարողանում հանգիստ անցնել ու դառնալ՝ գայլն իր կողմն է փակում, Հովազն իր կածանը, ես էլ իմ բաժինը…
-Լավ չի, լավ չի,- գլուխը թափահարում է էշը,- մեր փոքրիկ գոմում 5 տեսակ անասուն է ապրում ու երբեք կռիվ չենք անում, դուք չեք կարողանո՞ւմ այս հսկա անտառն իրար մեջ կիսել…
-Էս անտառն իմն է,- թփի հետևից գռմռում է գայլը:
-Սուտ ես ասում, դու կադաստրի թուղթ չունես,- ծառի վրայից միջամտում է հովազը,- Արջն էլ չունի…
-Դու ընդհանրապես մի խոսիր, այ կատու, դու նոր ես հայտնվել այս կողմերում,- փնթփնթում է արջը:
-Կատուն դու ես, ծուռթաթ անճոռնի, գնա մրջյուն կեր… Գետի ողջ ձուկը լափում ես քիչ է, ճանապարհներ էլ ես փակում…
Գայլը դուրս է գալիս թփերի միջից, կռիվը սաստակնում է, սկսում են վիրավորել իրար՝ էլ քնձռոտ շուն, էլ չալ կատու, էլ հաստ քոթուկ…
-Հանգստացեք, հանգստացեք, ես հիմա մի բան կմտածեմ,- բարձր ձայնում է էշը:
-Ո՞վ, դո՞ւ,- քթի տակ խնդմնդում է ծեր ոզնին,- դու դեռ կարողացիր այստեղից սմբակներդ հավաքել, հետո կմտածես:
-Ես արդեն մտածել եմ: Մեր ագարակի տարածքը շատ մեծ չէ, բայց ես այնտեղ մի խաչմերուկ կբացեմ, որ դուք հանգիստ գաք ու առանց կռվելու անցնեք: Անունն էլ կդնենք խաղաղության խաչմերուկ: Իմ տերը շատ կուրախանա, հնարավոր է հյուրասիրի ձեզ՝ ոչխար ա, հավ ա, մեղր ա…
-Ո՞նց թե ոչխար ա… ի՞նչ ես էշ-էշ դուրս տալիս, մայեց ոչխարներից մեկը,- դու ե՞րբ ես տեսել, որ գայլը գա ու անցնի ագարակի միջով, արջը մտնի մեղվանոց, կամ հովազը՝ հավանոց:
-Դա քո խելքի բանը չէ, խաչմերուկը ես կվերահսկեմ,- ինքնավստահ ասաց էշն ու մի երկար զռռոց արձակեց:
Գայլն ու արջը, որ արդեն ճանաչում էին այդ էշի տիրոջը, խորհրդավոր հայացքով իրար նայեցին, հովազը վերևում շրթունքները լիզեց ու ճարպկորեն ցատկեց գետնին.
-Ասում ես խաղաղության խաչմերո՞ւկ,- դիմեց նա էշին,- լավ միտք է:
Արջն ու գայլը նույնպես հավանության նշան տվեցին ու կամաց շրջապատեցին էշին: Բուն մի վատ կանխազգացումով ձայնեց՝ հու, հու… Էշը բանի տեղ չդրեց:
-Գնացի՞նք,- դիմեց գազաններին…
-Իսկ մեզ թվում է, որ այս բացատից լավ խաղաղության խաչմերուկ չի կարող լինել… Կարող ես հաշվել, որ քո տերն արդեն իսկ մեզ հյուրասիրեց,- ասաց գայլն ու ցատկեց ոչխարներից մեկի վրա:
Արձակուրդի 15 օրն անցնում է, տերն սպասում է, սպասում՝ էշը չկա: Գնում է ման գալու: Անտառի եզրին հանդիպում է հարևան ագարակատիրոջը, որն իր ոչխարներին էր փնտրում: Միասին գնում-գնում, հասնում են բացատ: Տեսարանը սարսափելի էր՝ երկու ոչխարի փոստ, էշի չորս սմբակ ու պոչի մազափունջը: Շիվար իրար են նայում: Հարևան ագարակատերը, արցունքոտ աչքերը սրբելով, ափսոսանք է հայտնում.
-Ոչխարներս դմակավոր տեսակի էին, դրանց միսը համով է… Վախ, վախ վախ, գելուգազանի փայ դարձան…
-Բա իմ էշը… Աշխատասեր, ազնիվ, 15 օր արձակուրդ էր խնդրել, տվեցի ու… Խնդրեմ…
-Էշին արձակո՞ւրդ…
-Հա, եկավ, դիմում գրեց, շատ խնդրեց, տվեցի:
-Վայ քու ագարակը բլի, հա… Արա, ինքը էշ էր՝ արձակուրդ ուզեց, դու էլ հո էշ չէի՞ր, որ տվեցիր… Էն էլ 15 օր…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image