Մենք շարունակում ենք ուսումնասիրել մարզպետարանների կազմը՝ ովքեր են մարզպետները, նրանց տեղակալները, օգնականներն ու խորհրդականները։ Հերթը Շիրակի մարզպետարանինն է:
Այսպես․ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Շիրակի մարզում 6 մարզպետ է փոխվել: 2018-2019 թթ. մարզպետ է եղել Կարեն Սարուխանյանը, 2019-2021թթ.՝ Տիգրան Պետրոսյանը, 2021թ. հունվարից մինչեւ նոյեմբեր՝ Հովհաննես Հարությունյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է եւ մարզն ամենակարճ կառավարած մարզպետն է: 2021-2023թթ. մարզպետ է նշանակվել Նազելի Բաղդասարյանը, 2023-2024 թթ.՝ Մուշեղ Մուրադյանը: Մարզպետներն իրենց թիմով եկել են եւ հեռացել դարձյալ իրենց թիմակիցներով։ Հերթական մարզպետը՝ Դավիթ Առուշանյանը, նշանակվեց 2024 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Գյումրին Բալասանյաններից խլելու գործընթացի շրջանակներում:
Առուշանյանը եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրենը, հավանաբար, հենց «Անի տուր»-ով է հասել Ազգային ժողով, այնտեղից՝ ուղիղ Շիրակի մարզպետարան: Մարզպետ Առուշանյանն էլ իր թիմը ձեւավորեց՝ ազատելով նախկին մարզպետի կադրերին: Հունվարի 20-ին աշխատանքից ազատեց մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանին, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 1-ին: Վերաքննիչ վարչական դատարանի նախկին դատավոր Էդվարդ Նահապետյանը հունվարի 30-ին նշանակվեց մարզպետի խորհրդական: Մեկ ամիս անց՝ մարտի 3-ին, Էդվարդ Նահապետյանը խորհրդավոր ձեւով ազատվեց խորհրդականի պաշտոնից: Նշենք, որ Առուշանյանն անձամբ էր Նահապետյանին իրեն խորհրդական նշանակել:
Այժմ Դավիթ Առուշանյանն ունի 2 տեղակալ, 2 խորհրդական եւ 2 օգնական: Մարզպետի տեղակալ՝ 68-ամյա Ալբերտ Այվազյանը 25 տարի Առափի համայնքի ղեկավարն է եղել: 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ՔՊ կուսակցության ցուցակով ընտրվել է Ախուրյան համայնքի ավագանու անդամ, իսկ 2022 թվականի հունվարի 5-ին նշանակվել Շիրակի մարզպետի տեղակալ: Երկար տարիներ համայնք ղեկավարած պաշտոնյան, կարծում ենք, գեթ մեկ անգամ կարդացած կլինի «Հանրային ծառայության մասին» օրենքի 31 հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ անհամատեղելի են մարզպետի տեղակալի եւ ավագանու անդամի պաշտոնները. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»:
Մարզպետի մյուս տեղակալն Արտուշ Հովհաննիսյանն է, որը 2019-2020 թթ․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնում փորձագետ է աշխատել, 2020-2024 թթ․ տվյալ կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել, վերջերս էլ նշանակվել է մարզպետի տեղակալ:
Մարզպետի խորհրդական Գրիգոր Ավետիսյանը 2004-2008 թթ. սովորել եւ ավարտել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ, տնտեսագիտություն» բաժինը, 2008-2010թթ.՝ ՀՊՏՀ ԳՄ հաշվապահական հաշվառում՝ ըստ ճյուղերի, ֆինանսների մագիստրոս է: Աշխատել է «Օրանժ» սպասարկման սրահում՝ որպես գանձապահ, 2013-2017թթ․ Կենտրոնական բանկում մարզային վերլուծաբան է եղել, 2018-2019թթ․՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում գնումների մասնագետ, 2021-2025թթ․՝ «Սմարթբիդ Քընսալթինգ» ՍՊԸ գործադիր տնօրեն:
Մարզպետի մյուս խորհրդականը Վանիկ Մարտիրոսյանն է, որը եղել է ԱԺ-ում Դավիթ Առուշանյանի օգնականը: Հիմա էլ նրան Առուշանյանն իրեն խորհրդական է նշանակել: Շիրակի մարզպետի օգնականն է նաեւ 27-ամյա Սարգիս Մեքինյանը, որը պետական համակարգում բացարձակ աշխատանքային փորձ չունի:
Մարզպետի մյուս օգնականը Գոռ Սարոյանն է։ 2008-2011թթ․ եղել է Մարալիկի արհեստագործական ուսումնարանում արտադասարանական ֆուտբոլի խմբակի ղեկավար, 2011-2017թթ․՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության ավագ օպերլիազոր, 2022-2023թթ․՝ Գյումրու համայնքապետարանում ինքնակամ շինությունների եւ հողի վերահսկողության բաժնի պետ, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 23-ին նշանակվել է Շիրակի մարզպետի օգնական: Քանի որ ե՛ւ Շիրակի մարզպետը, ե՛ւ նրա օգնականներն ու խորհրդականները վերջերս են նշանակվել պաշտոնի, դեռ ոչ մի համայնք չեն գործուղվել: ՔՊ կուսակցության քաղաքական թիմն է նրանց «գործուղել» Շիրակի մարզպետարան, նրանց ուսերին դնելով մեծ պատասխանատվություն՝ ամեն գնով հաղթել մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ընտրություններում: