Աշխարհահռչակ ռեժիսոր, համաշխարհային կինոարվեստի լեգենդ Մարտին Սկորսեզեն նոր ֆիլմ է նկարահանում։ Այն լինելու է Պիտեր Քեմերոնի գոթական «Ինչ է տեղի ունենում գիշերը» վեպի էկրանավորումը։ Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են գալիս Ջենիֆեր Լոուրենսն ու Լեոնարդո դի Կապրիոն։ Պրեմիերան կայանալու է 2026 թվականին։ Վեպը պատմում է ամերիկացի ամուսնական զույգի մասին, որը ժամանում է եվրոպական քաղաք՝ երեխա որդեգրելու հույսով, որ այդկերպ փրկեն իրենց քանդվող ընտանիքը։ Նրանք բնակություն են հաստատում մի մեծ, բայց դատարկ հյուրանոցում, որի հարդարանքը հիշեցնում է սյուրռեալիստական երազ։ Զույգն աստիճանաբար սկսում է առերեսվել հյուրանոցի բավականին յուրօրինակ կենվորների հետ՝ վառ անհատականություն հանդիսացող երգչուհու, այլասերված, բարոյազուրկ գործարարի եւ խորհրդավոր հեքիմի։ Որքան շատ են մնում նրանք այդ հյուրանոցում, այնքան ավելի են կորցնում կապը ռեալ իրականության հետ եւ սկսում են նաեւ դադարել հասկանալ իրենք իրենց։
Deadline-ը գրում է, որ կինոնկարի նկարահանման արտադրական եւ ֆինանսական հարցերի առնչությամբ էկրանավորման իրավունքների սեփականատեր StudioCanal-ի հետ բանակցություններ է վարում Apple Original Films-ը։ Ֆիլմի սցենարը գրել է «Օսկարի» նոմինանտ Պատրիկ Մարբերը։ Կինոնկարը Մարտին Սկորսեզեի եւ Լեոնարդո դի Կապրիոյի յոթերորդ համատեղ նախագիծն է լինելու։ Իսկ Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ է աշխատելու Սկորսեզեի հետ, թեեւ նախկինում Սկորսեզեն հանդես է եկել որպես նրա մասնակցությամբ նկարահանված «Վախճանվիր, իմ սեր» կինոնկարի պրոդյուսեր։