Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի դեմ, այն արդեն Բարձրագույն դատական խորհրդում է եւ առաջիկայում քննվելու է։ ԲԴԽ-ից ասացին՝ նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին, իսկ թե որն է կարգապահական վարույթի հիմքը՝ չասացին, պատասխանեցին, թե նիստի ժամանակ կքննարկվի։
Դատավոր Պետրոսյանը սկանդալի կենտրոնում հայտնվել է նախորդ տարի, երբ իր անունը կապվեց 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գողության դեպքի հետ։ Մասնավորապես, այդ գործով իրավապահները խուզարկել էին Արշակ Վոլոդյայի Պետրոսյանի ավտոմեքենան և նրանում արգելված իրեր էին հայտնաբերել։ Մեքենայի հետևի նստատեղին եղել էր 15 մլն ռուբլի գումար (30 հատ 5000 ռուբլիների կապոց), իսկ բեռնախցիկում՝ թմրանյութի նմանվող զանգված (մոտ 500 գրամ)։
Պարզվեց՝ վերոնշյալ ոսկու գողության համար կասկածվող անձանցից մեկը դատավորի սանիկն էր, որն էլ գողոնի մի մասը և դրա հետ մեկտեղ՝ փաթեթով թմրանյութը տվել էր Պետրոսյանին՝ խնդրելով, որ վերջինս պահի իր մեքենայում` հետո «կինը կգա, կվերցնի»։ Պետրոսյանն էլ համաձայնել էր՝ առանց ճշտելու, թե փաթեթների մեջ ինչ կա։ Գոնե այդպես էր բացատրել հայտնաբերված իրերը: Այդ ընթացքում իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակներում գաղտնալսելիս են եղել Պետրոսյանի սանիկին և երբ լսել են նրանց խոսակցությունը, որոշել են խուզարկել դատավորի մեքենան։ Դատավորն էլ, տեղեկանալով այդ մասին, ինքն է առաջ անցել և խնդրել իրավապահներին՝ գալ և շուտափույթ խուզարկել իր մեքենան։ Քննչական կոմիտեն, ստանալով ԲԴԽ-ի համաձայնությունը, որ իրավունք ունենա խուզարկելու դատավորի մեքենան, եկել` խուզարկել էր, հայտնաբերել վերոնշյալ գումարն ու թմրանյութը, ապա հարցաքննել դատավորին ու բաց թողել՝ առանց մեղադրանք առաջադրելու։
Թերեւս կարգապահական վարույթը այս միջադեպին է վերաբերվում: