Հասարակություն

Հասա էդտեղ, սև հրապարակ կբերեմ գլխիդ. Գետքի ՔՊ֊ական համայնքապետը ահաբեկո՞ւմ է բնակիչներին

Հասա էդտեղ, սև հրապարակ կբերեմ գլխիդ. Գետքի ՔՊ֊ական համայնքապետը ահաբեկո՞ւմ է բնակիչներին

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք բնակավայրի վարչական ղեկավարի ու բնակիչների ջրերը նույն առվով չեն հոսում։ ՔՊ֊ական վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը, ըստ բնակիչների, վերահսկում է բոլորին` արգելելով անգամ նոր ծրագրերով ու մտահղացումներով հանդես գալ։

Գյուղի ակտիվ երիտասարդներից Վարդուհի Ցոլակյանը hraparak.am-ին նշում է, որ թեև իր և վարչական ղեկավարի միջև անձնական խնդիր չկա, սակայն իր նախաձեռնությունների նկատմամբ հաճախ նկատվում է բացասական վերաբերմունք։

Նրա խոսքով՝ համայնքի զարգացմանն ուղղված իր առաջարկած ծրագրերը երբեմն մերժվում են կամ արժանանում կոշտ քննադատության։ Վարդուհու խոսքով` իրավիճակը որոշ դեպքերում հասնում է հոգեբանական ճնշման դրսևորումների։«Կենցաղի տուն ունենալու գաղափարը իմ հեղինակային ծրագիրն է։ Մասնակցային բյուջետավորման քննարկումների ժամանակ մանրամասն ներկայացրել եմ ծրագրի կարևորությունը։ Բնակիչները նույնպես շահագրգռված են, որ գյուղում կենցաղի նորմալ տուն լինի, ինչը շատ կարևոր է », – պատմեց նա` նշելով, որ իր և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի միջև խնդիրներ չկան և համագործակցությունը հիմնականում եղել է կառուցողական։ Բայց ահա լարվածությունը վարչական ղեկավար Նարինե Հարությունյանի հետ լուրջ խոչընդոտ է հանդիսանում։

«Ես նրա հետ անձնական խնդիր չունեմ, բայց անհասկանալի է, թե ինչու է իմ առաջարկած ծրագրերը հաճախ մերժվում կամ ենթարկվում են կոշտ քննադատության։ Ինքն ինչ նշանակվել է ղեկավար, ինձ թիրախավորում է», – ասաց մեր զրուցակիցը` հայտնելով, որ հավաքել և սկրինշոթերով փաստագրել է նամակագրություններն ու սոցիալական ցանցերում արված բոլոր մեկնաբանությունները, որոնք, իր կարծիքով, կարող են պարունակել ճնշման կամ ահաբեկման տարրեր։

Նա այդ նյութերը ներկայացրել է թե համայնքապետարան, թե ՀՀ կառավարությունն՝ խնդրելով ուսումնասիրել իրավիճակը և գնահատել հետագա քայլերը։ Ախուրյանի համայնքապետարանից գրություն է ստացել, որով իբրև զգուշացում են արել վարչական ղեկավարին։

Վարդուհի Ցոլակյանի կարծիքով իր նկատմամբ Նարինե Հարությունյանի լարվածությունը կապված է նախկին համայնքապետին պաշտպանելու իր դիրքորոշման հետ։ Երբ համայնքապետին վերադարձնելու համար փողոց փակեցին, բողոքի ակցիա արեցին, նախաձեռնողներից մեկն էլ ինքն էր։Վարդուհու խոսքով` Գետքի նախկին վարչական ղեկավարին, որը անկուսակցական էր, անտեղի պաշտոնից հեռացրին, ավելին, նրան գյուղացիները ընդունում և սիրում էին։ «Ինձ հիմա այս ամենի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունն է անհանգստացնում։ Եթե սոցիալական ցանցերում գրառումների համար մարդիկ կարող են պատասխանատվության ենթարկվել, ապա նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև վարչական ղեկավարի դեպքում։ Հեռու չգնանք, ընդամենը օրեր առաջ, նույն Ախուրյանում, տարեց կնոջը ֆեյսբուքյան գրառման համար կալանավորեցին»,֊ասաց նա։

Նշենք, որ Գետքի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի նրանից ևս մեկնաբանություն վերցնեինք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image