Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը Նիկոլի համար վտանգ չէր ներկայացնում

Սամվել Կարապետյանը Նիկոլի համար վտանգ չէր ներկայացնում

Իսկապես, Սամվել Կարապետյանը Նիկոլի համար վտանգ չէր ներկայացնում, երբ Էջմիածնում լրագրողի հարցին ի պատասխան ասում էր, թե մենք մեր ձեւով կպաշտպանենք Եկեղեցուն: Դա ունեւոր հայի նորմալ արձագանքն էր կաթողիկոսի դեմ Նիկոլի ծավալած արշավին: Հատկապես երբ հաշվի ենք առնում, որ նրա գումարներով է վերանորոգվել մայր տաճարը: Ու սկզբում դա հենց այդպես էլ ընկալվեց բոլորի կողմից, Նիկոլի անբնական ռեակցիայից, ինչը երեւաց այդ օրվա նյութերում: Դա վստահ եմ ասում, քանի որ հետեւել եմ այդ օրվա բոլոր նյութերին: Ի դեպ, ես սովորություն ունեմ ընթերցելու (հետեւելու) այն լրատվամիջոցի համարյա բոլոր նյութերը, որտեղ տպագրվել եմ: Այդպես էր Հանրայինի «Լրաբերում», երբ նախորդ դարի 90-ականների սկզբին կես տարի աշխատել եմ այնտեղ: Այդպես էր «Հայք» թերթում, երբ այնտեղ էի աշխատում 1996-98 թթ.-ին, այդպես էր «Նոյյան տապանում», որտեղ աշխատել եմ 1998-2002 թթ.-ին, եւ այդպես էր «ՕՐ» օրաթերթում, որտեղ աշխատել եմ մի քանի ամիս՝ անմիջապես ՆՏ-ից դուրս գալուց հետո:  

Այնպես որ, Կարապետյանը Նիկոլի համար, իսկապես, ոչ մի վտանգ չէր ներկայացնում: Նա Հայաստան էր ժամանել նախորդ ամսվա սկզբին մահացած հոր՝ Սարգիս Կարապետյանի  քառասունքը նշելու կապակցությամբ: Ու բնական է, որ չէր կարող չայցելել մայր տաճար, որը, ինչպես ասվեց, վերանորոգվել էր նրա նվիրաբերած գումարով: Որտեղ էլ տեղի ունեցավ լրագրողի հետ վերջինիս ճակատագրական (հուսով եմ, որ դրական բոլորիս համար՝ հանած Նիկոլին ու  «նիկոլիզմը») կարճ երկխոսությունը: Բայց քանի որ վախի աչքերը մեծ են, իսկ Նիկոլը սարսափում է տեղական ողջ շրջապատից, վերջինս անմիջապես ԱԱԾ տնօրենին հրամայեց ձերբակալել Կարապետյանին: Իսկ երբ Աբազյանն էլ, չգիտես ինչու, մի քանի ժամ ձգձգեց այդ գործընթացը, Նիկոլի վախը հասավ սարսափելի չափերի: Նաեւ՝ կատաղությունը, որ իր նշանակած ինչ-որ չինովնիկ համարձակվել է անմիջապես չկատարել իր հրամանը: Ու հենց այդ պատճառով էլ գիշերվա կեսին պաշտոնանկ արեց ավելի քան 4․5 տարի իրեն հավատարմորեն (կասեի նույնիսկ՝ հնազանդորեն) ծառայող անձին: 

Կարծում եմ, որ Կարապետյանին հետապնդելը Նիկոլի ճակատագրական սխալն էր, ու եթե բանտում գտնվող գործարարը կարողանա գրագետ ծրագիր մշակել ու ճիշտ գործողություններ կատարել, Նիկոլը կարող է հեռացվել պաշտոնից նույնիսկ մինչեւ հերթական ընտրությունը կամ էլ առնվազն 2026 թ․ ընտրությունների միջոցով: Ինչ վերաբերում է ծրագիր մշակելուն, ապա դա կարող են անել ուրիշները, եթե ունենան գործարարի հրահանգը: Ամեն դեպքում, բանտից Կարապետյանի հայտարարությունները (խոսքը «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» շարքի մասին է) վկայում են, որ ինքն ընտրել է պայքարի ուղին: Եվ պետք է ընդունի, լավագույն տնտեսագետներից ու նախկին վարչապետներից Հրանտ  Բագրատյանի բնորոշմամբ, «Նիկոլի նետած քաղաքական ձեռնոցը»: Կարծում եմ, որ իր առանձնատանը պաշարված Կարապետյանը դա ընդունեց այն ժամանակ, երբ տեսավ, թե ինչպիսի աջակցություն ունի փողոցում: Ու, առանց վախի մեջ ապրող անձի նկատմամբ վախի, արձագանքեց իր նկատմամբ նախաձեռնված հետապնդմանը: Ինչ մնում է կեսգիշերն անց իրեն կալանավորման տանելուն, ապա դա արդեն ոչինչ փոխել չէր կարող: Ընդհակառակը՝ ավելի ամրապնդեց Նիկոլի դեմ պայքարելու համոզմունքը: 

Այն, որ Կարապետյանն ընդունել է Նիկոլի նետած քաղաքական ձեռնոցը, վկայում է նաեւ գործարարի փաստաբանական թիմի՝ նախորդ օրվա հայտարարության հանգամանքը: Փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը եւ Միհրան Պողոսյանն առաջարկեցին իրենց շուրջը հավաքվել այն փաստաբաններին, ովքեր կունենան իրավապահ համակարգի կողմից վերջին տարիներին մարդկանց իրավունքների խախտումների դեպքեր: Ինչպես նաեւ առաջարկեցին՝ ստեղծվելիք էլեկտրոնային հարթակ դիմեն այն քաղաքացիները, ովքեր հայտնվել են նման իրավիճակներում: Փաստաբանների աշխատանքի վճարը, ինչպես ասվեց, կատարվելու է Սամվել Կարապետյանի կողմից: Եվ անմիջապես հայտարարությանը դրական արձագանք է տվել Երեւանի թաղամասերից եւ Կոտայքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Արարատի մարզերից փաստաբանական 20 կազմակերպությունների 22 փաստաբան, ինչն արդեն լուրջ քաղաքական հայտ է 2026-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առումով: Մնում է, որ Կարապետյանը կատարի երկրորդ քայլը՝ իր շուրջը համախմբի քաղաքական ուժերին ու հասարակական հայտնի գործիչներին: Եվ եթե այդ ամենը պսակվի հաջողությամբ, ինչի շանսերը բավական բարձր են, ապա Նիկոլը շատ կափսոսա իր կատարած սխալ, չէ՝ ճակատագրական (տվյալ դեպքում՝ բացասական) քայլի համար: Ու ինքը պաշտոնից կհեռացվի «#մեր_ձեւով»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image