Առնվազն տարօրինակ է, որ Փաշինյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք «Հաղթանակի» զորահանդեսին: Ցորեն էինք ուզում՝ դա էլ տվեցին, խաղաղություն է, չէ՞, բա էլ ի՞նչն է պատճառը, որ նա չի մեկնում Բաքու: ՔՊ-ն հիմա ինչպե՞ս է բացատրելու իր առաջնորդի այս երկչոտությունը: Ի վերջո, այդ օրը Բաքվում են լինելու նրա բոլոր երևելի բարեկամները՝ Էրդողանը, Պակիստանի առաջնորդը, ղազախներից մարդ կլինի, Բելառուսից, Ալբանիայից, Թրամփի, Մակրոնի դեսպանները… Բա չեն ասի՞ խաղաղության խաչմերուկ կառուցող Նիկոլն ո՞ւր է, ինչո՞ւ չի մասնակցում Ադրբեջանի խաղաղարար բանակի զորահանդեսին:
Հավանաբար զբաղվածությունը թույլ չի տալիս Փաշինյանին մեկնել Բաքու: Նա մինչև ականջները խրված է պայքարների մեջ: Արդեն չգիտի ձեռքն ինչին գցի՝ Գյումրին ու Փարաքարը կորած են, Վաղարշապատում վիճակը ծանր է, շուտով վրա կհասնեն Վանաձորի ընտրությունները, Կաթողիկոսը չի հանձնվում… Մարդ էլ չի մնացել բռնելու, թե բռնի, գործ սարքի՝ նստացնի: Հասել է յուրայիններին: Լուր տարածվեց, որ իրավապահները խուզարկել են Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տունը և ձերբակալել նրան: Քանի կար՝ իրավապահներին վճարում էր, որ մարդ բռնեն, հիմա արդեն պետք է վճարի, որ չբռնեն, այլապես նրանք կամաց-կամաց մոտենում են քյոհնա ՔՊ-շնիկների տներին: Մի օր էլ էն ՀԷՑ-ի ժամանակավոր գործակատար Ռոմանոսին կբռնեն, կհարցնեն՝ դու ի՞նչ գործ ունես, այստեղ, այ տղա: Ի՞նչ պետք է պատասխանի Ռոմանոսը, հո չի՞ ասի՝ Նիկոլն է նշանակել:
Ալիևն էլ ժամանակ գտավ ցորենն իր տարածքով բաց թողնելու: Ցորենը գոնե ռուսական չլիներ… Էսօր, էգուց արևմտամեռները լեզուները կհանեն, կսկսեն մեղադրել իրեն Ռուսաստանի տակ պառկելու, Մոսկվայի ու ԿԳԲ-ի գործակալ դառնալու մեջ: Հրեն, Արամ Սարգսյանը Վաղարշապատում պայքարում է ՔՊ-ի թեկնածուի դեմ, Տիգրան Խզմալյանն է հիասթափվել իրենից, Լևոն Շիրինյան, Արման Բաբաջանյան, Արթուր Սաքունց, Լևոն Բարսեղյան, Ստյոպա Սաֆարյան… Լեզուները մտցրել են իրենց մի տեղն ու գովեստի կես բառ էլ չեն ասում Ադրբեջանով եկած ռուսական ցորենի մասին:
Իմպիչմենտի նախաձեռնությունը վատը չէր: Ուր էր թե հաջողվեր, ու ինքը սուսուփուս, առանց էկսցեսների հեռանար: Գոնե կկարողանար ասել՝ իմ թիմն իմ դեմ քվեարկեց:Հունվարից հետո արդեն իմպիչմենտի մասին խոսք լինել չի կարող: Ասել է թե՝ բանը կհասնի հերթական ընտրությունների, իսկ այնտեղ փլավ չեն բաժանում: Ընդդիմությունն էլ առաջվանը չէ… Քննադատում են անխնա, Փանջունի են սարքել իրեն՝ գցել ժողովրդի բերանը՝ աղքատությունը մեծացել է, թոշակ չկա, աշխատավարձ չկա, տնտեսություն չկա, խաղաղություն չկա, օկուպացված տարածքները չեն վերադարձվում, Հայաստանն ուզում են լցնել թուրքերով ու ադրբեջանցիներով… Ոչ մի հարցի պատասխան չունի: Սրտիկ անելով մինչև ե՞րբ խաբի ժողովրդին: Ասֆալտ եմ արել, դպրոց եմ ներկել, կախիչ ու ծորակ եմ տեղադրել… Մարդիկ արդեն խնդում են այդ ամենի վրա: Հայտարարել էր, չէ՞, որ պայմանագրային զինծառայողներն ու ուսուցիչները կարող են ստանալ մինչև 700 հազար դրամ աշխատավարձ: 5 րոպե էլ չտևեց, պարզեցին որ սուտ է ասում: Լեզու է՝ տակը ոսկոր չկա, ինչ ուզենա՝ կասի: Ինչեր էր խոստացել 21 թվին: Ո՞ր մի խոստումն է կատարել, որ մի հատ էլ ընկնի գյուղերը քվե մուրա: Հարազատ Տավուշ անգամ «գվարդիայով» է գնում, երես չունի Գյումրիում, Փարաքարում ու Վաղարշապատում երևալ… Ի՞նչ է խոսելու քարոզարշավի ընթացքում:
Գոնե արտաքին գործընկերներն օգնեին: Քանի անգամ դիմել է՝ ձեն-ձուն չկա: Բաքվից են միայն պատրաստակամություն հայտնել նոր զիջումների դիմաց օգնել: Ասել են՝ այս անգամ տանկերով չենք գա, ավտոներով կգանք… Այս պայմաններում ի՞նչ անի, գլուխը ո՞ր պատին տա, որ մի կերպ վերարտադրվի: Կիրանցի պա՞տը քանդի, բանա՞կը ցրի, Պապիկյանի՞ն գործից հանի, որ նա այստեղ-այնտեղ չհայտարարի, թե ժամանակակից զենքեր ենք առնում… Ուրիշ ի՞նչ անի, որ խաղաղությունն ավելի համոզիչ թվա ու ժողովուրդն իրեն քվե տա:
Հ.Գ. Երևանից Բաքու ինքնաթիռը ինչքա՞ն կթռչի, մեկ, մեկուկես ժա՞մ: Իսկ գուցե արժե՞ր մասնակցել Ալիևի շքերթին ու հայ ժողովրդին վերջնականապես համոզեր, որ ապագան այսօր է…